
Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը գործը քննող եռյակ դատավորներին` նախագահող Սերժիկ Ավետիսյանին, Սիմոնյանին և Խաչատրյանին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Որպես միջնորդության հիմք փաստաբանը նշեց դատարանի անկողմնակալության բացակայությունը: Լուսինե Սահակյանն ասաց, որ գործը քննող երեք դատավորներն էլ մասնակցել են Մարտի 1-ի գործերով բերված բողոքների քննությանը և կայացրել են որոշումներ` օրենքի կոպիտ խախտումներով ու դատապարտել անմեղ մարդկանց: Հատկապես նախագահող Ավետիսյանը, ով քննել է Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սուրենյանցի բողոքը, որոշում է կայացրել, որ Մարտի 1-ին տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ:
«Նույն 225-րդ հոդվածի առաջին մասով մեղադրվում է նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի դատարանը չի կարող անկողմնակալ քննել այս գործը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
«Դուք պատժել եք ակնհայտ անմեղ մարդկանց, օգնել եք, որ նրանց նկատմամբ իրականացվեն քաղաքական հետապնդումներ»,- նշեց փաստաբանը:
Որպես ինքնաբացարկի միջնորդության հիմք` նա ներկայացրեց այն, որ դատարանը ուժի մեջ է թողել Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը: «Դուք նույնիսկ չեք կարողանում հրապարակային քննություն անցկացնել` սահմանափակելով լրատվամիջոցների` նկարահանումներ կատարելու ժամանակը, թեև նրանք դատավարության մասնակիցներին չեն խանգարում: Այդքան ազատություն չունեք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը նախօրոք գիտի, որ դատարանը մերժելու է ինքնաբացարկի միջնորդությունը. «Մեր դատական համակարգում դատավորները ոչինչ չեն որոշում, ուստի ձեր լուրջ դեմքերին ես փիլիսոփայորեն եմ վերաբերում»,- դատավորներին ասաց Փաշինյանը:
Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը հարկավոր է մերժել, քանի որ այն օրենքներով հիմնավորված չէ և նման էր քաղաքական բնույթի հայտարարության:
Դատարանը հեռացավ` ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 15 րոպե ընդմիջումից հետո:
Դատական նիստի ընթացքում լսվում են դատարանի շենքի դիմաց հավաքված ՀԱԿ ակտիվիսնտների վանկարկումները` «Ազատ, անկախ Հայաստան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել