HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվասայլակներ` հաշմանդամներին

Մարզաբնակ 123 հաշմանդամներ կստանան անվասայլակներ։ Սեպտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոտից անվասայլակներով բեռնված մեքենաներն ուղևորվեցին Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզեր։

Հաշմանդամներին անվասայլակներով ապահովելու ակցիան կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և հաշմանդամների «Փյունիկ» միությունը։ Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անվասայլակները հավաքվել են Երևանում հենց հաշմանդամների ուժերով, ինչը նրանց ապահովել է աշխատանքով։ «Սայլակները նախատեսված են հատուկ մարզերի համար։ Նման ծրագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալու այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա, քանի դեռ Հայաստանում անվասայլակի կարիք ունեցող մարդիկ կլինեն։ Հաշմանդամներին առնչվող ծրագրերը ոչ միայն նրանց սոցիալական խնդիրների լուծմանն են ուղղված, այլև որոշակի քաղաքականության մշակմանը, ինչն ապագայում կօգնի նրանց կյանքը բարելավել»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս բազմաթիվ սոցիալական ծրագրերով, որոնց շրջանակներում ընդգրկվում են նաև հաշմանդամներ։ Հիմնադրամը ոչ միայն հոգում է նրանց կարիքները, այլև հաշմանդամների համար անցկացվում են դասընթացներ՝ հնարավորություն տալով ձեռք բերել հմտություններ, որոնք հետագայում կօգնեն նրանց աշխատանք ձեռք բերելու հարցում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ նման միջոցառումները հիմնադրամն իրականացնում է երիտասարդների ուժերով, ինչը նրանց սովորեցնում է անմասն չմնալ հասարակությունում առկա խնդիրներից։ «Մարզաբնակ շատ հաշմանդամներ այսօր տրանսպորտային և ֆինանսական խնդիրների պատճառով դժվարանում են անվասայլակի ձեռքբերման հարցում։ Այս ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց լուծել իրենց համար խիստ կենսական այս հարցը»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։

«Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ պետությունը սայլակներ է հատկացնում 1-ին կարգի հաշմանդամներին, սակայն հանրապետությունում կան նաև 2-րդ կարգի հաշմանդամներ և ծերեր, որոնք սայլակի կարիք ունեն։ «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ապրում է սայլակի կարիք ունեցող 1-ին կարգի մոտ 550 հաշմանդամ, որոնց համար պետական բյուջեի միջոցներով սայլակներ են ներկրվում։ Մեր ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում տարեկան մոտ 3000 սայլակի կարիք կա»,- ասաց Հակոբ Աբրահամյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

karen
I verjo hashmandamnerin el hashvi aran!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter