«Արտոկ գրուպ»-ը հետաքրքրված է Գյումրիում տեխնոպարկի ստեղծման գաղափարով
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նախօրեին ընդունել է «Արտոկ գրուպ» միջազգային ներդրումային ընկերության (Եգիպտոս) նախագահ Մոհամադ Շաֆիկ Գաբրին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ` Մ. Գաբրը նշել է, որ ընկերության ներկայացուցիչները մի քանի տարի առաջ եղել են Հայաստանում, ծանոթացել ներդրումային հնարավորություններին եւ ընդգծել է, որ տպավորված են վերջին տարիներին տնտեսական ոլորտում Հայաստանի արձանագրած զարգացումներով: «Արտոկ գրուպ»-ի նախագահն անդրադարձել է նաեւ Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված «Smart Village» քաղաքի գաղափարը Երեւանում առավել փոքր մասշտաբով իրականացնելու հնարավորությանը: Մ. Գաբրը նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է նաեւ Գյումրիում տեխնոպարկի ստեղծման գաղափարով:
Փոխվարչապետը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Երեւանի քաղաքաշինական ծրագրերը: «Արտոկ գրուպ»-ի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել շինարարական կազմակերպությունների հետ` Երեւանում կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու եւ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հարցում:
Ա. Գեւորգյանը նշել է, որ հանրապետության ղեկավարությունը եւ քաղաքային իշխանությունները պատրաստ են լիարժեք քաղաքական աջակցություն ցուցաբերելու նոր քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը` համապատասխան ֆինանսական ռեսուրսների առկայության պարագայում: Նա նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է նաեւ զբոսաշրջության ոլորտին վերաբերող նախագծերով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության մասնագետները մի քանի օր կանցկացնեն Երեւանում` առավել մանրամասն ծանոթանալու ՀՀ կառավարության եւ մասնավոր հատվածի կողմից շինարարության ոլորտում իրականացվող ծրագրերին եւ համագործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը հյուրերին առաջարկել է հաջորդ այցի ընթացքում լինել նաեւ մարզերում` երկրի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել