HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Իշխանության վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ ՀԱԿ-ը հասնի հաջողության»

«Ես արտահերթ ընտրությունները հնարավոր չեմ համարում, որովհետև դրա համար հիմքեր չկան: Ովքեր խոսում են արտահերթ ընտրությունների մասին, պարտավոր են հիմնավորել»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլին նշեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով` ՀՀԿ-ն համարում է, որ արտահերթ ընտրություններ լինել չեն կարող, որովհետև իշխանությունները շարունակում են բնականոն հունով վարել երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը: Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր հեղինակությունը, ժողովրդին իր շուրջը համախմբելու հնարավորությունը և փորձում է ժողովրդին հուզող հարցեր բարձրացնելով` նրանց հանրահավաքների տանել: «ՀԱԿ-ը չի կարող այնպիսի գործողություններ կատարել, որոնք կհանգեցնեն իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով նույն խնդրին` ասուլիսի մյուս բանախոսը` Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ասաց. «Իշխանության վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ ՀԱԿ-ը հասնի հաջողության»: Արման Մելիքյանի խոսքերով` արտահերթ ընտրությունների անցկացման համար պետք է լինեն լուրջ հիմնավորումներ, և ՀԱԿ-ը բերում է դրանք` ասելով, որ նախորդ նախագահական ընտրությունները կեղծված են եղել, ինչը ճգնաժամի խորացման պատճառ է եղել: Օրինակ` հասարակությունը բևեռացված է, իշխանությունը իր բարեկեցիկ աշխարհում է ապրում, իսկ մնացյալները` իրենց աշխարհում, որն առանձնապես հրապուրիչ չէ: Արման Մելիքյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները հնարավոր են, եթե համատեղ ծրագիր և առաջնորդ լինեն: Միաժամանակ նա չբացառեց, որ արտահերթ ընտրությունները կարող են խորացնել վերոնշյալ ճգնաժամը: Նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքների մասին հարցը, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, հնացել է, քանի որ անցել է 2 տարուց ավելի: ՀՀԿ ներկայացուցչի խոսքերով` ինքը չի ասում, թե չեն եղել կեղծիքներ ու խախտումներ, բայց նաև նշում է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վրա: Արման Մելիքյանը հակադարձեց, որ կեղծված ընտրությունների խնդիրը երբևէ չի հնանում: «Քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով լուծվում է սեփականության հարց, մենք չենք ունենա արդարացի ընտրություններ»,- նշեց Արման Մելիքյանը: Ռաֆիկ Պետրոսյանը համաձայնեց, որ ընտրությունները չի կարելի վերածել սեփականության զավթման միջոցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter