HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե թուրքերը չժխտեին Ցեղասպանությունը

CBS-ն այս տեսաֆիլմը չէր հեռարձակի Թուրքերը պետք է միայն իրենք իրենց մեղադրեն Հայոց Ցեղասպանության մասին փետրվարի 28-ին CBS հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդման պատճառով իրենց դժգոհության համար: Եթե չլինեին թուրքական կառավարության անընդհատ ժխտումներն ու խեղաթյուրումները, ապա Հայոց Ցեղասպանությունը կարող էր վերածվել մի մոռացված իրադարձության համաշխարհային պատմության մեջ: Բայց, քանի որ թուրքերը հրաժարվում են դիմակայել իրենց ոճրագործությանը և համառորեն կրկնում են իրենց հորինած աղաղակող ստերը, ուստի ազնվաբարո մարդիկ ամենուր, տարբեր միջոցներով ձգտում են ի լուր աշխարհի հայտնել ճշմարտությունը, ինչպես դա արեց ամերիկյան հայտնի CBS-ն իր «60 րոպե» հաղորդման մեջ նախորդ կիրակի: Քանի դեռ թուրքերը շարունակում են հրաժարվել ճշմարտությունն ընդունելուց, նրանք միջազգային հանրության կողմից անարգվելու են որպես զանգվածային մարդասպաններ և ցեղասպանության ժխտողներ. արժանի պատիժ նման նողկալի ոճրագործություն իրականացնելու և այն քողարկելու համար: Հայ ժողովրդի դահիճներ Թալեաթի, Էնվերի և Ջեմալի եռյակը երբևէ չէր կարող պատկերացնել, որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, նույնիսկ մեկ դար անց հիշելու են 1915 թվականին նրանց իրագործած ստոր ու անմարդկային ոճրագործությունները: Ուշագրավ է, որ CBS-ի այս հաղորդման հեռարձակումից մի քանի օր առաջ թուրքական կազմակերպություններն արդեն կոչ էին անում իրենց անդամներին նամակներ հղել հեռուստաընկերության ղեկավարներին` բողոքելով Հայոց Ցեղասպանության տեսաֆիլմի դեմ` նույնիսկ բովանդակության մասին ոչինչ չիմանալով: Հայկական հայտնի ասացվածքը` «գող` սիրտը դող» դիպուկ է ներկայացնում թուրքական այս տարօրինակ պահվածքը: Այս արտահայտությունը բնութագրում է «բացահայտումից վախեցող գողին»: Իմանալով իրենց մեղավորությունը, թուրքերը մշտական երկյուղի մեջ են, թե կմեղադրվեն եղեռնագործություն կատարելու համար և աղաղաակում են իրենց «անմեղության» մասին` նախքան որ որևէ մեկը նրանց կմեղադրի նման ոճրագործության համար: Հայոց Ցեղասպանության մասին պատմող տասներկու րոպե տևողությամբ տեսանյութը ամբողջովին մերկացրեց անմեղության թուրքական առասպելը: CBS-ի թղթակից Բոբ Սայմոնը պրոֆեսոր Պիտեր Բալաքյանի հետ մեկնել էին Դեր Զորի անապատը` «հայկական Օսվենցիմ», որտեղ նրանք հայ զոհերի ոսկորների բեկորներն էին հանում, ավազի մակերեսը մատների ծայրերով ուղղակի փորփրելով: Վստահաբար այս ցնցող պատկերներն անջնջելի հետք թողեցին միլիոնավոր հեռուստադիտողների գիտակցության վրա: Շաղակրատող թուրք ժխտողները չէին կարող ջնջել այն ամենը, ինչ հեռուստադիտողները տեսան իրենց սեփական աչքերով: Ոչ ոք չի կարող հավատալ նախկին թուրք դեսպան Նաբի Սենսոյի ստահոդ խոսքերին, որ հայերը չեն սպանվել, այլ պարզապես տեղահանվել են: Բոբ Սայմոնի ճնշման տակ, Սենսոյը, նախ անտեսեց հողից հանված ոսկորների նշանակությունը, ապա փորձեց իր կեղծ պնդումներին կարևորության շունչ հաղորդել` նշելով, որ ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանումը պահանջում է «մտադրություն» տարրի առկայությունը: Ի վերջո նա ընդունեց, որ բազմաթիվ հայեր են «ոչնչացվել», սակայն ըստ նրա` թուրքերն այդպիսի մտադրություն չեն ունեցել: Օսմանյան կայսրության չորս կողմերից տեղահանված 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաները ո՞ւր և ինչպե՞ս անհետ կորան: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը, ով այդ հարցազրույցից հետո առանց ձևականությունների ազատվեց պաշտոնից, միտումնավոր չհիշեց ՄԱԿ-ի` ցեղասպանության սահմանման մեկ այլ հոդված. «Որևէ խմբի համար կանխամտածված այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք պատճառ կդառնան նրա ֆիզիկական ոչնչացման»: Մնում է ափսոսալ, որ CBS-ն այս Ցեղասպանության ժխտողին ազատ ամբիոն տրամադրեց, մի բան, որը երբեք տեղի չէր ունենա, եթե ծրագրում խոսք գնար Հոլոքոստի մասին: Արդյո՞ք CBS-ը թույլ կտար որևէ նացիստի կամ Հոլոքոստը ժխտողի եթերում ներկայացնել «այս հարցի մյուս երեսը»: Իհարկե, հնարավոր չէ տասներկու րոպեների ընթացքում ներկայացնել Հայոց Ցեղասպանության ամբողջական պատկերը: «60 րոպե» հաղորդման տեսաֆիլմը կարող էր ավելի ցնցող տպավորություն թողնել, եթե արտադրողները փոքր-ինչ բծախնդիր լինեին իրենց հետաքննության մեջ: Օրինակ, ճիշտ չէ, որ «Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ երբեք չի արտասանել ցեղասպանություն բառը»: Հանրահայտ է, որ նախագահ Ռեյգանը 1981 թվականի ապրիլի 22-ի իր նախագահական Հռչակագրում վկայակոչել է Հայոց Ցեղասպանությունը: Բոբ Սայմոնը նաև  հայտարարեց, որ թուրքական կողմի քաղաքական  ճնշումների շնորհիվ ձախողվեց Հայոց  Ցեղասպանության բանաձևի անցկացումը ԱՄՆ-ի Կոնգրեսում 2007 թվակյանին: Նա չնշեց այն երկու բանաձևերը, որոնք Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են 1975 և 1984 թվականներին: Երբ Սայմոնը թուրք դեսպանից հետաքրքրվեց, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարների ությակն ինչու էր  համախմբվել Թուրքիայի ետևում 2007 թվականի բանաձևը վիժեցնելու համար, դեսպան Սենսոյն իր պատասխանում մատնանշեց Թուրքիայի կարևորությունը Միացյալ Նահանգների համար: Ըստ թուրք դեսպանի, աշխարհաքաղաքական նկատառումները շատ ավելի ծանրակշիռ են քան 1.5 միլիոն մարդկանց կյանքը: Վերջում, Բոբ Սայմոնը  սխալ մեկնաբանություն կատարեց` հայտարարելով, որ հայ-թուրքական արձանագրություններում առկա հոդվածը պահանջում է ստեղծել մի պատմական հանձնաժողով, որը «կորոշի Ցեղասպանության իրողությունը»: Չնայած այդ հոդվածը շատ հստակ ձևակերպված չէ, սակայն այն չի ենթադրում նման փաստահավաք հանձնաժողովի ստեղծում: Անկախ այս մի քանի բացթողումներից, միլիոնավոր ամերիկացիներ, ովքեր դիտեցին այս հաղորդումը, էկրանից հեռացան քաջ գիտակցելով, որ թուրքերը 1915 թվականին մասնակցել են «ռասայական բնաջնջման», ինչպես ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն էր զեկուցել Պետդեպարտամենտին: CBS-ին թուրքական  բացասական մեկնաբանությունների  հեղեղումներին հակազդելու համար, մեր ընթերցողներին խնդրում ենք իրենց երախտագիտական նամակները հղել «60 րոպե»-ին, նրա լուսաբանող հաղորդման համար, որն արդյունավետորեն պայքարում է ցեղասպանության ժխտման դեմ: Հեռուստածրագիրը դիտելու և մեկնաբանություն ուղարկելու համար կարող եք այսցելել հետևյալ հասցեն. http://www.cbsnews.com/video/watch/?id=6253043n Միաժամանակ մեր  շնորհակալությունն ենք հայտնում պրոֆ. Բալաքյանին` նրա համոզիչ պարզաբանումների և CBS-ի անձնակազմին Սիրիայի անապատներն ուղեկցելու համար: Հարութ  Սասունյան, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը` Ռ.Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter