
«Ես համարում եմ, որ արձանագրությունները մեր շահերի հետ կապ չունեն, դրանք լուրջ քաղաքականության արդյունք չեն, լավագույն դեպքում` դրանք հարաբերություններ հաստատելու հախուռն փորձ են, որը, դժբախտաբար, այսօր հանգեցրել է թշնամական հռետորիկայի: Ես համարում եմ, որ Թուրքիայի համար արձանագրությունների վավերացումը շատ ձեռնտու է»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` շեշտելով, որ արձանագրություններում տարընթերցումներն ի վնաս Հայաստանի են:
Ըստ Արման Մելիքյանի` Թուրքիան ցանկանում է արձանագրությունների վավերացումը ձգձգելու միջոցով ավելին ձեռք բերել:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, համոզված է, որ Թուրքիան դեռևս ոչ մի ձեռքբերում չունի: Նրա խոսքերով` Թուրքիայի «հիստերիկան ապացուցում է, որ նրանք չեն կարողացել Հայաստանին խաբել և իրենց հետին մտքերը կիրառել»:

«Բոլորին հայտնի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, այսինքն` ՀՀ նախագահը, արտգործնախարարը և մյուս քաղաքական գործիչները հետևողականորեն անընդհատ ներկայացնում են վիճակը` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ, և օգտագործում են բոլոր հնարավորությունները` նորից թուրքական կողմին հիշեցնելու, որ Հայաստանը այսօր էլ պատրաստ է կառուցողական դիրքորոշում դրսևորել, այսինքն` առանց որևէ նախապայմանների` վավերացնել այդ արձանագրությունները»- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:
Անդրադառնալով արձանագրությունների վավերացման ժամկետին`ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ մինչև ապրիլի 24-ը պետք է կոնկրետ դրսևորումներ լինեն: «Շատ հնարավոր է, որ մինչև ապրիլի 24-ը թուրքական Մեջլիսը վավերացնի արձանագրությունները»,- ասաց նա:
Իսկ Արմեն Մելիքյանը կարծում է, որ մինչև ապրիլի 24-ը Թուրիքան չի վավերացնի արձանագրությունները: «Առանց երաշխավորված արդյունքի` գործընթաց սկսելը անիմաստ է և վտանգավոր: Մենք հիմա այդ գործընթացի պտուղներն ենք ճաշակում և դեռ չգիտենք, թե ինչի կհասնենք»,- նշեց նախկին արտգործնախարարը: Նրա խոսքերով` վերջին տարիներին ԱՄՆ-ը Թուրքիայի օտարացման գործընթաց է սկսել, և եթե ԱՄՆ Կոնգրեսը ընդունի Ցեղասպանությունը, դա կհանգեցնի ռուս-թուրքական ռազմավարական մերձեցման, ինչն էլ կարող է մեզ կորուստներ պատճառել Արցախի հարցում: «Ռուսաստանը Արցախի հիմնախնդրում կկարողանա Հայաստանի վրա ճնշումներ գործադրել»,- ասաց Արման Մելիքյանը:
Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ չվավերացնելով արձանագրությունները` Թուրքիան կտուժի ոչ միայն տնտեսապես, այլև բարոյապես, հատկապես միջազգային հանրության աչքում` որպես մի բան ասող և ուրիշ բան անող, իսկ Հայաստանը կշարունակի պահանջել Ցեղասպանության ճանաչում: Ըստ նրա` Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ էր, իսկ Արման Մելիքյանի խոսքերով` ՀՀ ՍԴ որոշումը իրավական ուժ ունի միայն Հայաստանում, և եթե հարցը հասնի միջազգային ատյաններին, ապա այնտեղ ուրիշ որոշումներ կկայացվեն:
«Ես ի սկզբանե դեմ էի դրանց և բովանդակությանը, և ձևին, և դրանց վավերացումը ԱԺ-ի կողմից քաղաքական անհեռատեսության արդյունք կլինի»,- նշեց Արման Մելիքյանը: Նա հավելեց, որ սահմանի բացմանը տնտեսական հիմնավորումներ տալը «փուչիկ» է, և դա քաղաքական խնդիր է լուծում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել