HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010-ին աշխարհում արդեն 4 լրագրող է սպանվել

«Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները և դատական գործերը Հայաստանում 2008-2009. դեպքեր և վերլուծություններ» գիրքը հրատարակել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրքում ներկայացված են վերջին երկու տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերը, ինչպես նաև այն դատական գործերը, որոնք հարուցվել են լրագրողների նկատմամբ վիրավորանքի և զրպարտության մեղադրանքներով:

«Ուրբաթ» ակումբում այսօր վերոնշյալ գրքի շնորհանդեսն էր, և  ակումբի հյուրերն էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպանի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան ու «Հետք» թերթի փոխխմբագիր Լիանա Սայադյանը: Կ. Հոֆսթրան նշեց, որ այս գրքի թեման կարևոր է թե' Հայաստանի, թե' ցանկացած այլ երկրի հասարակության համար, որը փորձում է ժողովրդավարական կառուցակարգերն ամրապնդել: Ըստ նրա` լրատվամիջոցների ազատության մասին սկզբունքները վերստին ամրագրվում են միջազգային տարբեր հռչակագրերում: «ԵԱՀԿ գրասենյակը աշխատում է «Հետք» թերթի հետ միասին, պատիվ ունենք ներկայացնելու այս գիրքը: Այն ներառում է հրապարակումներ, որոնք նախկինում արդեն հրապարակվել են hetq.am ինտերնետային կայքում: Դրանք վերաբերում են լրագրողների նկատմանբ բռնություններին, որոնց մեծ մասը, դժբախտաբար, բացահայտված չէ: Մենք շարունակելու ենք օժանդակել «Հետք» թերթին` Հայաստանում իր կողմից իրականացվող կարևոր աշխատանքում»,- ասաց նա: Լիանա Սայադյանն էլ նշեց, որ հոդվածների միջոցով ներկայացված են այս դեպքերի փաստական կողմերը, վերլուծություններ են կատարվել Հայաստանի օրենսդրության և միջազգային օրենսդրության համատեքստում. իրավական գնահատականներ են տրվել դատական գործերով կայացված վճիռներին: Նրա խոսքով` վերջին երկու տարիների ընթացքում ամբողջ աշխարհում լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության աննախադեպ աճ է գրանցվել.  1456 բռնության դեպք է արձնագրվել լրագրողների նկատմամբ, 76 լրագրող սպանվել է: Այս տարվա երկու ամիսների ընթացքում աշխարհում արդեն 4 լրագրող է սպանվել, 190-ը ձերբակալվել են: «Բռնություններն ու անհանդուրժողականությունը լրագրողների նկատմամբ դինամիկ կերպով աճում են: Հաաստանում էլ աճում է նրանց նկատմամբ բռնությունների ու սպառնալիքների թիվը: Վերջին երկու տասնամյակում հատկապես  քաղաքականորեն ակտիվ տարիներին լրագրողներին լռեցնելու միտում է դրսևորվում երկրում: Քաղաքական կամք չի դրսևորվում` այդ բռնությունները իրավապահ մարմինների կողմից բացահայտելու համար»,- ասաց նա: Լ. Սայադյանի խոսքով` գրքում ներկայացված իրենց ուսումնասիրություններից երևում է, որ բազմաթիվ դեպքերում քրեական գործերի մեծ մասով ոստիկանությունը պատշաճ քննչական գործողություններ չի իրականացրել, վկաները չեն հարցաքննվել: Գրքի առաջին բաժնում մի շարք այդպիսի դեպքեր կան ներկայացված: «Հայաստանում ոչինչ չի արվում` լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնելու պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ: Բոլոր դատական գործերը, որոնք ներկայացված են գրքում, վերլուծվել են Հայաստանի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատքստում և Եվրոպական դատարանի նախադեպերի լույսի ներքո»,- նշեց Լ. Սայադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter