HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլոր կառույցները փակ են, երբ տալիս ես կոնկրետ հարցեր»

«Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում, անդրադառնալով դեղին մամուլին, նշեց, որ լավ է, որ ամեն տեսակի մամուլ կա: «Աշխարհի բոլոր երկրներում էլ կա դեղին մամուլ, և դա նորմալ է: Շատ է խոսվում, որ որոշ թերթերում էթիկայի խախտում կա: Բայց էթիկայի խախտում կա նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ամերիկայում, և երբեք դա պետության կարևորագույն խնդիրը չի դառնում:

Թողնում են` այդ մարդիկ հանգիստ իրենց գործն անեն: Այդ թերթերն ընթերցողներ ունեն: Եթե այդ կարգի մամուլի պահանջարկ կա, ուրեմն պետք է նաև դա լինի»,- ասաց նա: Խոսելով լրագրողների` տեղեկատվություն ստանալու խնդրից` Է. Բաղդասարյանն ասաց, որ ընդհանուր պատասխան ստանալը հեշտ է, դժվար է կոնկրետ հարցի պատասխան ստանալը: «Հաճախ մենք ստանում ենք պատասխանն ու ստիպված այդ պատասխանի հիման վրա նորից հարցում ենք ուղարկում. աբսուրդ վիճակ է: Ընդհանրապես, մեր բոլոր կառույցները փակ են, երբ տալիս ես կոնկրետ հարցեր: Օրինակ, պետեկամուտների ամանորյա նվերների հետ կապված` իրականում ամենամեծ խնդիրը շարունակությունն էր, թե որտեղից են 1 միլիոն դրամով ժամացույցներ գնել, մթերքներ և այլն: Ովքե՞ր են եղել այն մարդիկ, ովքեր մեկ միլիոն դրամանոց ժամացույցով են պարգևատրվել: Ու երբ դու սկսում ես այդ հարցերը տալ, պատասխան չես ստանում»,- ասաց նա: «Հետքի» խմբագրի խոսքով` Հայաստանում ամեն ինչի համար պետք է քաղաքական որոշում կայացնել: Խոսելով լրագրողների նկատմամբ իրականացված բնությունների առթիվ հարուցված գործերի մասին` Է. Բաղսադարյանը նշեց, որ քաղաքական պատվեր չի լինում, որ որևէ գործ բացահայտվի: «Երբ շփվում ես ընդհանրապես քրեական գործերի հետ, երբ սկսում ես ուսումնասիրել դրանք, հանդիպում ես ոչ պրոֆեսիոնալիզմի: Նախաքննության ընթացքում այնպիսի սխալներ են անում, որոնք հետո նույնիսկ դատարանում չես կարող վերականգնել, օրինակ` տեղանքի զննում, մատնահետքեր և այլն: Ոչնչի վրա ուշադրություն չեն դարձնում»,- ասաց «Հետքի» խմբագիրը: Է. Բաղդասարյանի խոսքերով` իր համար ժուռնալիստի իրավունքն ավելի բարձր չէ, քան որևէ գյուղացու իրավունքը: Բոլոր մարդիկ հավասար են: Ընդհակառակը, խմբագրի կարծիքով` ժուռնալիստներն ավելի արտոնյալ վիճակում են, քանի որ կարողանում են գոնե գրել և իրենց պաշտպանել: «Բայց այսօր մարզերում բազմաթիվ մարդկանց են խոշտանգում, որոնց մասին մենք կարող է իմանանք, կարող է` ընդհանրապես չիմանանք կամ իմանանք մի քանի ամիս հետո: Մարդու իրավունքներն են Հայաստանում վատ վիճակում, ինչո՞ւ պետք է լրագրողներին առանձնացնել»,- ասաց նա` նշելով, որ իրականում լրագրողներով ավելի շատ են զբաղվում, քան մնացածներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter