HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարյանի 130-ամյակը հոբելյանական է Մոսկվայում, իսկ Հայաստանում` ո՞չ

Փետրվարի 26-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվել է Մարտիրոս Սարյանի 66 աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է մեծ նկարչի 130-ամյակին, համընկել է նրա` Տրետյակովյան պատկերասրահ մուտք գործելու 100-ամյակին և կգործի գրեթե մեկ ամիս: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանը:

Նրա հավաստմամբ` այս ցուցահանդեսով, փաստորեն, մեկնարկեցին սարյանական օրերը Մոսկվայում: Առջիկայում նախատեսվում են այլ միջոցառումներ ևս: Սեպտեմբերին լույս կտեսնի «Սարյանը և Մոսկվան» գիրքը: «ՌԴ-ում շատ մտավորականներ Սարյանին ներկայացնում են իբրև 2 մշակույթների նկարիչ»,- ասաց Ռուզան Սարյանը: Նա նշեց, որ Սարյանի մոսկովյան արվեստանոցի պատին պատրաստվում են հուշատախտակ փակցնել: «Ես այս հարցով դիմել եմ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին, ՌԴ-ում ՀՀ դեսպանին, և այժմ արդեն պատրաստում ենք այդ հուշատախտակի էսքիզները և այլ անհրաժեշտ փաստաթղթերը: Հուսով եմ` ամեն ինչ բարեհաջող կանցնի: Նախատեսում ենք անցկացնել նաև Սարյանին նվիրված գիտաժողով: Մենք մեր առջև դրել են Սարյանին հանրահռչակ դարձնելու նպատակ»,- ասաց Ռուզան Սարյանը: Ի տարբերություն Ռուսաստանի` Հայաստանում Վարպետի 140-ամյանկին նվիրված միջոցառումները շատ չեն լինելու, և կանցկացվեն միայն Սարյանի տուն-թանգարանում: «Մեզ մոտ ամեն ինչ համակրանքի հիման վրա է որոշվում: Ասենք, եթե ասեն` նշվում են միայն 25, 50, 75 տարիները, այսինքն` ամեն 25 տարին մեկ, ամեն ինչ պարզ կլինի, բայց նման սկզբունք չի պահպանվում, ու թե ինչ սկզբունքով է որոշվում` տարին հոբելյանակա՞ն է, թե՞ ոչ` չեմ հասկանում»,- ասաց Սարյանի տուն-թանգարանի տնօրենը: Նրա խոսքերով` մենք շատ բաներ վերցնում ենք Ռուսաստանից` հաղորդումներ, ծրագրեր, բայց այդ երկրից կրթական ոչ մի բան չենք յուրացնում: «ՀՀ ԿԳՆ-ը պետք է մշակի մի ծրագիր, որ դպրոցում դասավանդեն համաշխարհային գեղարվեստի մշակութ առարկան, որ աշակերտները համակողմանի զարգանան, որ երբ դառնան ուսանող, արդեն իսկ կիրթ մարդիկ լինեն: Փոխարենը կրկնօրինակում են միայն վատ կողմերը»,- կարծում է Ռուզան Սարյանը: Նրան մտահոգում է նաև այն, որ շատերը մինչև հիմա չեն այցելել Սարյանի տուն-թանգարան: «Ասենք, եթե մեկն ուզում է Սարյանի մասին ֆիլմ նկարահանել, բայց երբեք չի այցելել նրա տուն-թանգարանը ու զանգում հարցնում է, թե որտեղ է նրա տուն-թանգարանը, էլ ի՞նչ ասես նրան: Որտեղի՞ց սկսես նրան պատմել Սարյանի արվեստի մասին»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը: Թանգարանի խնդիրներին անդրադառնալով` նա նշեց, որ դեռևս լուծված չէ ջերմախոնավության խնդիրը, ինչն անհրաժեշտ է նկարների պահպանման համար: Թեև թանգարանի տանիքը Լինսի հիմնադրամի օգնությամբ վերանորոգվել է, սակայն երբ առատ ձյուն է տեղում, տանիքից ջուր է ծորում, ու ստիպված են լինում հետո մասնակի վերանորոգումներ անել, և այլն: «Մենք պետական աջակցության կարիք ունենք, քանի որ միայն մեր միջոցներով չենք կարողանում կարգավորել մեր խնդիրները»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը: Նրա խոսքերով` թանգարանում պահվող աշխատանքներից 21-ը ներկայումս ունեն կոնսերվացման կարիք: «2005 թ.-ից սկսած` փորձում ենք այդ նկարները կոնսերվացնել, 16 նկար արդեն այդ խնդիրը չունեն ու բարվոք վիճակում են, սակայն դեռևս կան նշված 21-ը»,- ասաց Ռուզան Սարյանը:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter