«Մապ» ընկերություն-Սարյանների ընտանիք դատական գործընթաց
Ռուզան Սարյանը մեր երկրի համար ամոթ է համարում այս հարցով Եվրադատարան դիմելը
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին «Հետքը» Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանին հարցրեց, թե ի՞նչ հանգուցալուծում ստացավ «Մապ» ընկերության և Սարյանների ընտանիքի միջև ծագած դատական վեճը: Հիշեցնենք, որ ընկերությունն իր պիտակի վրա արտատպել էր մեծ նկարչի նկարները:
Ռուզան Սարյանն ասաց. «Իրականում մեր երկրում հեղինակային իրավունքի մասին օրենքը միայն թղթի վրա է գրված: Ոչ մի բանի մեր երկրում չես կարող տեր կանգնել: Մեր երկրի 12 դատավոր միասին ասում են, որ այդ ապրանքանիշի պիտակի վրայի նկարները Սարյանի ստեղծագործությունները չեն: Պարզապես նրանք պիտակի վրա վերցրել են տարբեր մասեր նրա կտավներից և տեղադրել` այսպիսով աղավաղելով նաև կտավները»: Նա նշեց, որ դատական գործընթացը շարունակվում է արդեն 3 տարի: «Առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում, որը դեմ էր Սարյանների ընտանիքին: Դիմեցինք Վերաքննիչ դատարան, որտեղ ճանաչեցին մեր իրավունքները: Հետո նորից որոշումը ետ ուղակվեց Առաջին ատյանի դատարան, որտեղ նորից որոշումը մեր դեմ էր, ու այսպես դեռ շարունակում ենք այս դատական գործընթացը»,- ասաց Ռուզան Սարյանը: Նրա խոսքերով` դեռևս պարզ չէ, թե ինչպես կավարտվի այս ամենը: «Ես պարզապես չեմ ուզում դիմել Եվրոպական դատարան: Պարզապես ամոթ է մեր երկրի համար, որ այս հարցով դիմենք Եվրոպական դատարան»,- ամփոփոց Ռուզան Սարյանը:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել