Հավատարմագրերն է հանձնել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, և ասել, որ Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմամբ և Եվրամիության հետ համագործակցությունը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից է:
Դեսպան Ռաչինսկին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` խորացնելու փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նա ասել է, որ այստեղ գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ համոզվել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Լեհաստանի և ընդհանրապես Եվրամիության հետ որակական նոր հարաբերությունների զարգացմամբ:
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, տնտեսական նախագծերի շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է հումանիտար ոլորտում կապերի ընդլայնումը: Կողմերը երկու երկրները շաղկապող բնական կամուրջ են համարել լեհահայ համայնքը: Այս մասին նշվում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել