Վիրահայերը հարգել են Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ վիրահայեր մարտի 2-ին այցելել են հայ գրողների և հասարակական գործիչների Խոջեվանքի պանթեոն, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը:
Ինչպես նշվում է ՀՀ արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:
Երեկոյան Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված դասական երաժշտության համերգ: Կոմիտասի, Խաչատրյանի, արևմտաեվրոպական դասականների ստեղծագործությունները կատարել են վրաստանաբնակ տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտները, ասմունքային կատարումներով հանդես են եկել Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանները:
Փետրվարի 28-ին Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին եկեղեցում, նաև Վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի և հոգեհանգստյան արարողություններ` ի հիշատակ եղերական իրադարձությունների անմեղ զոհերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել