HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոլեգիայի նիստ` տարածքային կառավարման նախարարին կից

Այսօր տեղի է ունեցել տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը տեղեկություններ է ներկայացրել համայնքային բյուջեների կատարողականի վերաբերյալ` 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ: Նշվել է, որ բոլոր մարզերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հողի հարկի մասով աճ է արձանագրվել, գույքահարկի մասով երեք մարզերում` Արագածոտնում, Շիրակում եւ Սյունիքում արձանագրվել է նվազում: Գույքի վարձակալության մասով ութ մարզերում արձանագրվել է 50 տոկոսից ցածր կատարողական: Նշվել է, որ մի քանի մարզերում կան նաեւ աշխատվարձերի գծով պարտքեր` ընդհանուր 74 մլն դրամի չափով: Ա. Գեւորգյանը հանձնարարեց պարզել երեք մարզերում գույքահարկի նվազման, ինչպես նաեւ աշխատավարձերի պարտքերի գոյացման պատճառները: Նաեւ հանձնարարվել է մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին ներկայացնել գույքի վարձակալության մասով տվյալները եւ հորդորել պատշաճ ուշադրություն դարձնել այդ խնդրին: Կոլեգիան տեղեկատվություն է ընդունել ի գիտություն: Նիստում ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը տեղեկություններ է հաղորդել Միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի հիմնադրույթների մշակման աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին: Հիմնադրույթների մշակումը նախատեսվում է   Հայաստան-Եվրամիություն գործողությունների ազգային ծրագրի շրջանակում: Նշվել է, որ փաստաթղթի նախագիծը պատրաստ կլինի մայիսի սկզբին: Ա. Գեւորգյանը հորդորել է այն մշակելիս սերտորեն համագործակցել նաեւ ԵՄ փորձագետների հետ եւ փորձել գտնել ԵՄ-ի հետ հետագա գործակցության կոնկրետ մեխանիզմներ: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում տարածքային զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին: Նախատեսվում է, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ: Վ. Տերտերյանը նաեւ անդրադարձավ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումների արդյունքներին: Նշվել է, որ ներկայացված առաջարկներն իրացվել են մինչեւ առաջին ընթերցմամբ քվեարկությունը, իսկ երկրորդ ընթերցման ներկայացվելիք փաստաթղթի վերաբերյալ առայժմ ԱԺ-ից այլ առաջարկություներ չեն ստացվել: Նիստում ՏԿՆ աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանը ներկայացրել է համայնքային ծառայողների վերապատրաստման նոր ծրագիրը: Ա. Գեւորգյանն առաջարկել է, որ ծրագիրը լինի առավելագույնս գործնական, հաշվի առնվեն վերջին տարիներին ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների պահանջները, ինչպես նաեւ արտացոլվեն էլեկտրոնային կառավարման խնդիրները, որոնց կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում: 2008-2010թթ. Հայաստանում իրականացված կապիտալ ներդրումների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել ՏԿՆ աշխատակազմի տարածքային կառավարման եւ զարգացման վարչության պետ Հ. Գալստյանը: Ա. Գեւորգյանն առաջարկել է ամբողջացնել ներկայացված տվյալները` ներառելով նաեւ արտադրական ենթակառուցվածքների մասով ցուցանիշներ: ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի կիրարկման արդյունքում համայնքային դոտացիաների հնարավոր սցենարները` գործող օրենքի դրույթների համադրությամբ: ՏԿՆ մամլո ծառայության փոխանցմամբ` պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկված վեց սցենարները ներկայացնել կառավարությանը, ինչպես նաեւ լրացուցիչ քննարկումներ  անցկացնել ԱԺ-ում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել եւ գտնվում է երկրորդ ընթերցման ներկայացնելու փուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter