HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոալիցիայի կուսակցություններն ուզում են անդամակցել ԵԺԿ-ին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին: «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով, նրանց դավանած արժեքային համակարգով եւ այս առումով մեր ուղղությունը շատ ակնհայտ է»,- ընդգծել է երկրի ղեկավարը` կարեւորելով նաեւ շփումները, ինտեգրումը կուսակցական մակարդակով: Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին` Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ եւ ասել. «Ինչպես բազմիցս նշվել է, սա նոր հնարավորություններ է բացում Եվրոպական խորհրդարանի, եւ ընդհանրապես, Եվրոպայի դերի բարձրացման գործում»: Վիլֆրիդ Մարթենսն ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը: Հանրապետության նախագահը եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության ղեկավարը քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանը, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը։ Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է Եվրախորհրդին, ընդգրկված է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում: Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերությունը դիտում է «հնարավորությունների պատուհան» եւ ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter