HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը նախագահի օգնականը դիտարկում է որպես ճնշում ընդդիմադիր պատգամավորների վրա

Արդեն տեղեկացրել էինք, որ «Transparency International» հակակոռուպցիոն կազմակերպությունը «Շահերի բախում» թեմայով այց է կազմակերպել Ռումինիա: Այսօր հայաստանյան պատվիրակությունը հանդիպեց Ռումինիայի կառավարման եւ ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն գլխավոր վարչության, Դատախազության հակակոռուպցիոն վարչության, ինչպես նաեւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ:

Պաշտոնյաները ներկայացրեցին իրենց փորձն ու ներկա մարտահրավերները: ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը կառավարման եւ ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը գրեթե չմասնակցեց, քանի որ մոտ 2 ժամ տևած հարց ու պատասխանի ժամանակ նա սենյակից հաճախակի էր դուրս գալիս ու այդպես էլ չէր հետաքրքրվում, թե ինչպես են Ռումինիայում պայքարում կոռուպցիայի դեմ: Իսկ կառույցի աշխատանքը բավականին հետաքրքիր էր, թեեւ օրենքի որոշ դրույթներ Հայաստանի համար դժվար կիրառելի են: Նախ` այդ գլխավոր վարչությունն իր հերթին բաղկացած էր առանձին կառույցներից, և բոլորն էլ տեղակայված էին 2-3 հարկանի առանձին շենքերում: Այս վարչությունն ուսումնասիրում է հատկապես ոստիկանների եւ ներքին գործերի աշխատողների կոռուպցիոն ռիսկերը: Իսկ ռիսկերը ստուգելու համար կասկածվող ոստիկաններին ենթարկում են թեստային փորձության, եւ ակամայից կաշառք վերցնող  ոստիկանները խոստովանում են, որ կաշառք են վերցրել: Ցանկացած ոստիկան աշխատանքի ընդունվելիս պայմանագիր է ստորագրում, որ ինքը կասկածվելու դեպքում պարտավոր է անցնել այդ թեստը: Թեստը վերլուծող տեսուչները կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու դեպքում այն անմիջապես ուղղարկում են դատախազություն, եւ սկսվում է հետաքննություն: Եթե ապացուցվի պետական պաշտոնյայի մեղքը, բացի հիմնական պատիժը կրելուց, նա այլեւս չի կարող որեւէ հետաքննական մարմնում աշխատել: Պարզվում է` Ռումինիայում էլ կաշառք վերցնելու հարցում ռիսկային են համարվում ճանապարհային ոստիկանները: Ինչ վերաբերում է դատախազության հակակոռուպցիոն վարչությանը, ապա այս կառույցում աշխատում է 120 դատախազ,170 ոստիկան, 55 փորձագետ եւ տեխնիկական սպասարկման 100 աշխատակիցներ: Վերջում հանդիպեցինք փորձագետի հետ, ով փորձում էր Գեւորգ Կոստանյանին համոզել, որ համակարգը կատարյալ դարձնելու համար պետք է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ եւ անձեռնմխելիությունից զրկել  պատգամավորներին: Պարտադիր պայման է նաեւ այն, որ պաշտոնյաների հայտարարագրերը հրապարակային լինեն եւ ցանկացած քաղաքացի կարողանա ծանոթանալ դրանց հետ: Ռումինացի փորձագետը հորդորեց, որ պետական մարմիններն ինչքան էլ չսիրեն լրագրողներին ու հասարակական կազմակերպություններին, այնուամենայնիվ, պետք է հասկանան, որ լրագրողներն իրենց ազգի թշնամիները չեն ու շատ հարցերում օգտակար են լինում: Օրինակ` Ռումինիայում կա պաշտոնյաների ցանկ, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել: Նույնիսկ նրանց կանայք ու իրենց հետ ապրող երեխաներն են հայտարարագիր ներկայացնում: Պարտադիր հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ Հանրային հեռուստաընկերության  աշխատակիցները: «Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված շահերի բախումը միանշանակ քրեական հանցագործություն է եւ այստեղ կանխարգելիչ ախշատանքն արդեն ուծացած է»,- համոզված է փորձագետը: Գ. Կոստանյանն էլ, ի պատասխան պատգամավորներին անձեռնմխելիությունից  զրկելու փորձագետի հարցին, հակադարձեց, որ այդ դեպքում իշխող կուսակցությունները կճնշեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին, եթե վերջիններս չօգտվեն անձեռնմխելիությունից: Նշենք, որ Ռումինիայում, երբ ընդունվել են ոլորտը կարգավորող օրենքները, շատ պատգամավորներ նախընտրել են զբաղվել բիզնեսով, քան շարունակեն պատգամավորական գործունեությունը եւ ինքնակամ հրաժարական են տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter