HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կապ ունի «Բրենդի Բրիջ» ընկերությունը ««Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանի» հետ

Մարտի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «ԻստԻնվեստորն» ընդդեմ ««Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» դատական գործի լսումը: Հիշեցնենք, որ գերմանական ներդրումային «ԻստԻնվեստոր» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում» ուներ 3.2% բաժնետոմս,

սակայն 2008 թ. հոկտեմբերին կոմբինատը համախմբել է (կոնսոլիդացրել) իր բաժնետոմսերը, ինչի արդյունքում «ԻստԻնվեստորը» չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: «ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը դիմել է դատարան` վերկանգնելու իր բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը:

Փետրվարի 16-ին դատարանը մասնակի բավարարել էր «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների միջնորդությունը` պարտադրելով ««Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանին» տրամադրել փաստաթղթերը, մասնավորապես պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը` կատարված փոփոխությունների ու լրացումների եւ նոր խմբագրումների հետ միասին, վերջին երեք տարվա տարեկան հաշվետվությունները, բաժնետոմսերի թողարկման ազդագրերը, ժողովների, խորհրդի, վերստուգող հանձնաժողովի կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները, հաշվիչ հանձնաժողովի արձանագրություններն ու քվեաթերթիկները:

«Արարատ» ԿԳՕԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը պատրաստակամություն էր հայտնել 3 օրվա ընթացքում նշված փաստաթղթերը փոխանցել հայցվոր կողմին` առանց ԴԱՀԿ-ի միջամտության: Իսկ դրանք ուսումնասիրելու համար «ԻստԻնվեստորի» շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը եւս երկու օր էր պահանջել:

Փետրվարի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր, քանի որ «Արարատ» ԿԳՕԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը պարտավորված ժամկետում հայցվոր կողմին չէր փոխանցել ընկերության փաստաթղթերը, եւ միայն նիստի ժամանակ նա դրանք ներկայացրեց կողմերին:

Դավիթ Մանթաշյանի պարզաբանմամբ` «Արարատ» ԿԳՕԿ-ից այդ փաստաթղթերը իրեն փոխանցվել էին միայն փետրվարի 19-ին, իսկ ինքը գրասենյակի տեղափոխման խնդիրների հետ կապված չէր կարողացել փոխանցել դրանք «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչներին:

Մարտի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում «ԻստԻնվեստորի» փաստաբան Դավիթ Դանելյանը դատարանին միջնորդեց` պահանջել «Երեւան կոնյակի գործարան» ՓԲԸ-ից դատարան ներկայացնել իր հաշվապահական հաշվեկշռում «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ում ունեցած 50% բաժնետոմսերի գնահատված արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, այն է` հաշվապահական հաշվեկշիռը: Այս փաստաթուղթը հայցվոր կողմը փորձել է ինքնուրույն ստանալ` դիմելով «Երեւան կոնյակի գործարան»-ին, սակայն նրանց մինչ օրս որեւէ փաստաթուղթ չի տրամադրվել:

Դավիթ Մանթաշյանն առարկեց այս միջնորդության դեմ` հիմնավորելով, որ «Բրենդի Բրիջ» ընկերությունը եւ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատարանում քննվող վեճի առարկա չեն: Հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Դանելյանը նկատեց, որ Քաղ. դատ. օր.-ի 49-րդ հոդվածը, բացի գործին մասնակցող կողմից ապացույցներ պահանջելու հնարավորությունից, նախատեսում է նաեւ գործին ոչ մասնակից անձից ապացույց պահանջելու հնարավորություն, որի իրավունքից իրենք օգտվում են:

Դավիթ Դանելյանն իր միջնորդությունը հիմնավորեց նաեւ հայցադիմումում դրա շուրջ տրված  պարզաբանումներով:  Համաձայն վերոնշյալի`  ««Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության հետ ստեղծել է «Բրենդի Բրիջ» փակ բաժնետիրական ընկերությունը` հավասար բաժնեմասերով (50%-50%): «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ին է փոխանցվել «Արարատ» անվանումներով (անգլերեն եւ ռուսերեն) ապրանքային նշանները:

«Արարատ» ԿԳՕԿ-ն, 50 տոկոս բաժնեմասնակցությունն իր հաշվապահական հաշվեկշռի հաշվեկշռում արտացոլելով, գնահատել է ընդամենը 2.500.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ մյուս համարժեք 50 տոկոսի արժեքը «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության մոտ անհամեմատ ավելի բարձր է: Ստեփան Լաքսհուբերը  պնդում է, որ ընկերության հիմնական միջոցների վերագնահատումը եղել է կամայական, նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգման գինը,  քանի որ միայն ընկերության Երեւանի Իսակովի 9 հասցեում գտնվող 4,5601 հա հողամասի շուկայական արժեքը կգերազանցի 5 մլրդ ՀՀ դրամը:

Հայցվոր կողմը գտնում է, որ գնահատման հիմք հանդիսացած հաշվեկշռում պատշաճ կարգով, իրական արժեքով չեն ճանաչվել ընկերության հողամասը, շենք-շինությունները, «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ում 50 տոկոս մասնակցությունը, ընկերության ապրանքային նշանները, շարժական գույքը` ներառյալ կոնյակի հումքը եւ այլ պաշարները:

«Մենք ունենք բավական հիմնավոր համոզմունք, որ «Բրենդի Բրիջ» ընկերության բաժնեմասը` մյուս 50 տոկոսը, որը պատկանում է «Երեւանի կոնյակի  գործարանին», շատ ավելի բարձր է գնահատված, եւ այդ ապացույցի առկայությունը կարող է էական նշանակություն ունենալ ներկայացված հաշվետվությունների արժանահավատության կապակցությամբ»,- ասաց Դ. Դանելյանը եւ օրինակով փորձեց հիմնավորել,- եթե այնտեղ, ասենք, 2 մլն-ի փոխարեն իրենց բաժնեմասը գնահատել են 20 մլն, այստեղ հարց կառաջանա, թե ինչո՞ւ է պատասխանողը իր բաժնեմասը գնահատել ավելի ցածր»:

«Ենթադրենք, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում ինչ-որ գին է գրված, սա նշանակում է, որ ես պարտավոր եմ իմ հաշվեկշռում նույն  արժե՞քն ունենալ»,- հարցրեց Դավիթ Մանթաշյանը:

«Բաժնետոմսի գնահատումը եւ կանոնադրական կապիտալում հաշվեկշռի արտացոլումը կատարվում է շուկայական արժեքով: Եթե շուկայական արժեքով մի ընկերություն գնահատվում է 10 մլն, մեկ այլ ընկերություն` այլ չափով, այստեղ հստակ անհամատեղելիություն կամ այդ ապացույցներից որեւէ մեկի արժանահավատության խնդիր կա»,- հակադարձեց Դավիթ Դանելյանը:

Դատավոր Ա. Մելքումյանն  էլ փորձեց ճշտել, թե ինչ է տալու  հայցվոր կողմին այդ ապացույցը  ձեռք բերելը: Դավիթ Դանելյանը, վկայակոչելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը, նշեց, որ բաժնետոմսերի գնահատումը կատարվում է զուտ ակտիվների արժեքով:

«Ընկերությունը օտարերկրյա մասնակցությամբ ընկերություն է եւ ենթակա է միջազգային աուդիտորական ստանդարտներով գնահատման, եւ ես կարծում եմ, որ առավել օբյեկտիվ է այնտեղ գնահատված»,- հավելեց Դավիթ Դանելյանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 57-րդ հոդվածը  պահանջում էր, որ տվյալ ընկերության  բաժնետոմսը համախմբման ժամանակ պետք է որոշվի շուկայական արժեքով: Խոսքը  վերաբերում է մեկ այլ ընկերության  հաշվեկշռում արտացոլված մեծությունները բերել եւ դարձնել վերաբերելի այս վեճի առարկայի հետ:

Ընկերությունն ընդամենը միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն ունի մեկ պարտավորություն` մեկ այլ ընկերությունում ունեցած բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ բաժնեթղթերը, դրանց նոմինալ արժեքով իր հաշվեկշիռներում արտացոլել, ինչը մեր դեպքում արված է: Ի±նչ կապ ունեն մեկ այլ անձի մոտ այդ գնահատումները:

Դուք խառնել եք երկու բան. եթե դուք խոսում եք համախմբված բաժնետոմսերի շուկայական արժեքի մասին, սա այլ թեմա է: Եթե դուք խոսում եք այդ արժեքի արժանահավատության մասին, այլ խնդիր է: Բերեք այն ապացույցները, որ շուկայական արժեքը հոկտեմբերի 10-ի դրությամբ ճիշտ չի գնահատվել»,- հարցրեց Դավիթ Մանթաշյանը:

Պատասխանողի տվյալ  հարցադրմանը Դավիթ Դանելյանը կրկին վկայակոչեց հայցադիմումը եւ միջնորդությունում արդեն նշված հիմնավորումները: Դատարանը միջնորդությանը լուծում տալու համար գործի քննությունը հետաձգեց, այն կշարունակվի այսօր` մարտի 4-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter