HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Հովսեփյան. « ...Պետք է վեր կանգնել գերատեսչական շահից»

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախօրեին մասնակցել է Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը: Գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքներին, կոմիտեի քննչական եւ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքներին:

Աղվան Հովսեփյանը կարեւորել է հարկային-մաքսային մարմինների կողմից օրենսդրության պահանջների խիստ պահպանումը եւ հետեւողականությունը՝ հատկապես արձանագրված խախտումները վեր հանելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս առումով գլխավոր դատախազն առանձնացրել է պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնի գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինս պետք է կարողանա վեր կանգնել գերատեսչական շահից՝ փորձելով յուրաքանչյուր գործով բացահայտել պաշտոնատար այն անձանց, որոնց գործողությունների կամ անգործության, թողտվության, անփութության կամ հանցավոր համաձայնության հետեւանքով հարկային-մաքսային ոլորտներում տեղի է ունեցել այս կամ այն քրեորեն հետապնդելի արարքը: Հանցագործության լրիվ եւ բազմակողմանի քննությամբ պետք է բացահայտվեն այս կամ այն ապօրինի տնտեսական գործունեություն իրականացնող իրական անձինք, ինչը պետք է նպաստի ոչ միայն դրածո անձանց, այլ նաեւ իրական կազմակերպիչների եւ օժանդակողների քրեական պատասխանատվության ենթարկելուն: Առավել եւս, երբ դատախազական գործառույթների իրականացման արդյունքում վերջին տարիներին հաջողվել է ձեւավորել ինչպես տնտեսական ապօրինի գործունեություն ծավալած դրածո անձանց, այնպես էլ դրանց կազմակերպիչների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու դատական պրակտիկա: «Ակնհայտ է, որ տնտեսավարող սուբյեկտը միայնակ չի կարող խուսափել հարկային պարտավորություններից կամ առանց մաքսազերծման ապրանք ներկրել- արտահանել: Քրեական գործերով պետք է կարողանալ բացահայտել նրանց օժանդակող անձանց՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել չարամիտ դիտավորությամբ, թե ուղղակի չիմացության, անփութության հետեւանքով»,- նշել է Ա. Հովսեփյանը՝ ավելացնելով, որ հանցագործության մասնակից բոլոր անդամների բացահայտումը միայն կարող է նպաստել այդօրինակ հանցագործությունների կանխարգելմանը, հանրության վստահության ձեռքբերմանը: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդակցության ընթացքում նշվեց նաեւ անապրանք շրջանառության դեմ արդյունավետ պայքար մղելու անհրաժեշտությունը՝ արձանագրելով, որ անապրանք շրջանառությունը մի կողմից նպաստում է տվյալ ոլորտում հանցագործության կատարմանը, միեւնույն ժամանակ հանցագործության քողարկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter