Փոխտեղումներ
Երեկ ՀՀ ոստիկանությունում քննարկվում էր, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, այժմ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի փոխարեն փոխոստիկանապետ է նշանակվելու Երևանի քաղաքային վարչության պետ Ն. Նազարյանը:

Ըստ ՀՀ ոստիկանության թերթի աղբյուրների` քննարկվում է նաև, որ Նազարյանի փոխարեն Երևանի քաղաքային վարչության պետ է նշանակվելու Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության պետ Հունան Պողոսյանը: Իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնում կնշանակվի նույն վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը:
Առաջիկայում, ինչպես արդեն թերթը տեղեկացրել է, Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնանկ անել նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նրա փոխարեն էլ այդ պաշտոնում, ըստ թերթի իշխանական աղբյուրների, ամենայն հավանականությամբ կնշանակվի ՀՀ կալանավայրերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, ով հիշեցնենք, համարվում է Ռոբերտ Քոչարյանի մարդը:
Ատեստացիայից «2» է ստացել
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դստերը հեռացրել են ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական բաժնից, որտեղ նա աշխատել էր շուրջ մեկուկես տարի: Տեղեկացնենք, որ Հայաստանի ամենահեղինակավոր կրթօջախի ղեկավարի դուստրն ավարտել է հոր ղեկավարած հաստատության իրավաբանական ֆակուլտետը` կարմիր դիպլոմով, և տեղավորվել աշխատանքի թերևս հոր հեղինակության զորությամբ:
Սակայն վերջերս ստիպված է եղել անցնել հերթական ատեստացիան: Թերթի հավաստի տեղեկություններով` Արամ Սիմոնյանի դուստրը` Անի Սիմոնյանը, չի պատասխանել ատեստացիայով նախատեսված ոչ մի հարցի և ստացել է «2»: Թերթի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ ԵՊՀ նախկին կարմիր դիպլոմավորը և ներկայումս քննությունից կտրվածը ռեկտոր հայրիկի կամքով հիմա էլ պետք է դասախոսի Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
ՀՅԴ-ն գազի գնի և գնաճի մասին
ՀՅԴ խմբակցությունն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի բարձրացման և դրա հիմնավորվածության առնչությամբ ու պարբերաբար անդրադառնալու է այս հարցերին: Այս մասին երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ խմբակցության մեկ այլ անդամ` Ռուզան Առաքելյանն, իր հայտարարությամբ առաջարկեց ընդունել այնպիսի օրենք, որը գործում է մի շարք երկրներում. «Այս օրենքի տրամաբանությունն այն է, որ որևէ մի երկրում, երբ գնաճ է գրանցվում` անմիջապես բարձրացվում են աշխատավարձերը»:
Չծանոթանալը չի օգնի
ԱԺ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցին ծանոթ չէ և չի էլ պատրաստվում ծանոթանալ:
«ՉԻ» - Սա, իհարկե, շատ սկզբունքային մոտեցում է: Այլ հարց է, որ այդ մոտեցումից, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում: Այսինքն, անկախ նրանից` պրն Նռանյանը կծանոթանա՞ այդ զեկույցին, թե ոչ, դրանից զեկույցի բովանդակությունը չի փոխվի: Սա համաշխարհային ճգնաժամը չէ, որ այդ մասին չխոսենք ու հավատանք, որ այդ դեպքում ճգնաժամը Հայաստան չի հասնի: Եվ բացարձակապես որևէ նշանակություն չունի` այդ զեկույցն արդարացի՞ է, թե ոչ, կամ մեզ դո՞ւր է գալիս, թե՞ դուր չի գալիս:
Բայցի դա էլ, Արա Նռանյանը պատգամավոր է, հետևաբար` նաև որոշակի պարտավորություններ ունի հասարակության առջև: Ի՞նչ է նշանակում` չեմ ուզում ծանոթանալ այդ զեկույցին: Պատկերացրեք` մեքենայի վարորդն էլ ասի «Չեմ ուզում ծանոթանալ երթևեկության կանոններին և վերջ, դրանք օտարածին կանոններ են»:
Ի դեպ, տհաճ իրավիճակներում ճիշտ նույնպիսի պահվածք են դրսևորում նաև ջայլամները, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:
ԲՀԿ-ն սկզբունքային վերապահումներ ունի
Ըստ Նաիրա Զոհրաբյանի. «Երբ ԲՀԿ-ն զգա, որ իր ներուժը բավարար չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնելու համար, և մենք չենք կարողանում արդարացնել ժողովրդի վստահությունը, ապա ոչ մի բան մեզ չի կաշկանդի դուրս գալ կոալիցիայից: Այս պահին վարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ ԲՀԿ-ն բավական լուրջ ու սկզբունքային վերապահումներ ունի:
Ամեն ինչ պետք չէ հանգեցնել Էկոնոմիկայի նախարարի անձին, սակայն ԲՀԿ-ն համոզված է, որ ֆինանսատնտեսական համընդհանուր ճգնաժամի պայմաններում չի կարելի հայտարարել, թե մեր երկրում ճգնաժամային բոլոր սպառնալիքները հաղթահարված են»:
Ճոխության հարկ
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին պարզ դարձավ, որ Վիկտոր Դալլաքյանը ճոխության համար հարկ սահմանող նոր օրինագիծ է պատրաստել, ինչպես ավելի վաղ խոստացել էր: Օրենքն ընդունվելու դեպքում տարածվելու է այն անձանց վրա, ովքեր ունեն մեծ քանակի անշարժ գույք` հողատարածքներ, բնակարաններ, ամառանոցներ, շարժական գույք` ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ավտոմեքենաներ և այն, և որոնց եկամուտը տարեկան գերազանցում է 500 հազար դոլարի համարժեքը: Օրենքն ուղղված է լուծելու անապահովների խնդիրները և զսպելու հայ մեծահարուստների ցոփուշվայտ ապրելակերպը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել