HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրի սակագինը հնարավոր է դառնա 207 դրամ

«Երևան ջուր» ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ջրի սակագինը մեկ խմ-ի դիմաց 207 դրամ ճշգրտման համար: Ներկայումս ջրի 1 խմ-ի սակագինը կազմում է 181 դրամ: «Ուրբաթ» ակումբում այսօր հյուրընկալվել էին «Երևան ջուր» ընկերության արտաքին կապերի և հաղորդակցության տնօրեն Ռոբերտ Նազարյանը և առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը:

Վերջինը հավաստիացրեց, որ ջրի սակագնի փոփոխությունը գազի թանկացման գործընթացի հետ կապ չունի: «Մենք վարձակալության հիման վրա աշխատանքներ ենք իրակացնում «Երևան ջուր» ընկերության կողմից, և ըստ վարձակալության պայմանների` յուրաքանչյուր տարի պետք է ճշգրտվեն ջրամատակարարման  սակագները: Գազի թանկացումը մեր սակագնի հետ կապ չունի: Ամեն տարվա հուլիսին ջրի սակագները վերանայվում են»,- հավաստիացրեց Գ. Մարգարյանը: Ըստ նրա` սակագների հաշվարկում որոշակի կոմպոնենտներ են օգտագործվում, և դրանց փոփոխության դեպքում սակագինը պետք է ճշգրտվի: Դրանք են` վաճառված ջրի ծավալը, սղաճը, եվրո-դրամ փոխարժեքի տատանումը և էլեկտրաէներգիայի սակագինը: Այդ ամենը հաշվի առնելով` ճշգրտում է մտցվում սակագնի մեջ: Տարիներ առաջ երբ ընկերություննը նոր էր ստանձնել իր պարտավորությունները, կանխատեսումներ էին արվում, որ 2010-ին ջրի սակագինը կնվազի: Ի պատասխան այս նկատառմանը` Գ. Մարգարյանը նշեց, որ 10 տարվա  բիզնես-պլան է նախատեսված եղել, որում ընդգրկված են եղել նաև սակագները:

«Ու եթե էլեկտրաէներգիան այս ընթացքում չթանկանար, սղաճ չունենայինք` դրական նշանով և փոխարժեքի փոփոխություն չլիներ, ամեն ինչ նախատեսվածով կգնար: Բայց քանի որ դրանք եղան, ճշգրտվեց սակագինը: 2006-ին չէինք նախատեսում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ է լինելու հետագայում»,- ասաց նա` նշելով, որ ներկայումս իրենք 14 տոկոսի չափով ջրի սակագնի հայտ են ներկայացրել:

Իսկ թե կոնկրետ որքան կլինի սակագինը, կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից հայտը ներկայացվել է փետրվարի 26-ին: Հայտը բավարարվելու դեպքում ջրի նոր սակագինը կգործի հուլիսի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter