Պինկաս Ցուկերմանն. «Երբեք մի ասա` բավական է»
Հայաստանում է աշխարհահռչակ երաժիշտ, ջութակահար Պինկաս Ցուկերմանը, որի գլխավորությամբ այսօր «Արամ Խաչատրայն» համերգասրահում «Zukerman Chamber Players» նվագախումբը կկատարի Մոցարտի, Բրամսի, Բոկերինիի ստեղծագործությունները: Նվագախումբը Հայաստան է հրավիրվել «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային 11-րդ փառատոնի շրջանակներում:
«Երբեք մի ասեք` բավական է: Միշտ աշխատեք: Հենց ասացիր` լավ է, կսկսես իջնել, կընկնի որակը: Աշխատանք. սա է հաջողության գրավականը: Երբեք չպետք է կանգնել, միշտ պետք է աշխատել: Միշտ հիշիր` դու վարպետ չես եւ շարունակիր աշխատել»,- ասաց աշխարհահռչակ իսրայելցի երաժիշտ Ցուկերմանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` ինքը թեեւ ծանոթ չէ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, սակայն առանձին կատարողներին ծանոթ է, բարձր է գնահատում հատկապես ջութակահար Իվան Գալամյանի արվեստը: Վերջինս եղել է նրա ուսուցիչը: Երաժշտի ասելով` չի բացառվում, որ հետո սկսի նվագել նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Պինկաս Ցուկերմանն ասում է, որ երաժշտությունը հզորագույն ուժ է. «Ես ծնվել եմ Իսրայելում: Զգացել եմ կյանքի արժեքը, իմացել եմ` ինչ է կյանքը, եւ ամենկարեւորը` միշտ շոշոփել եմ իրականությունը: Գնացել էինք Հորդանան` ելույթ ունենալու: Համերգից հետո ինձ մոտեցավ նրանց վարչապետը, բռնեց ձեռքերս եւ ասաց. «Դուք պետք եք մեզ»: 59 տարի էր պետք ձեռքսեղմման համար»,- ասաց Ցուկերմանը:
Ցուկերմանը վարում է կատարողական վարպետության ծրագիր Մանհեթենի երաժշտանոցում, ուստի երբ խնդրեցին նրան նշել մի քանի տարբերություններ ներկա սերնդի եւ իր սերնդակիցների միջեւ, ասաց. «Հիմա տեխնոլոգիաներն են զարգացել, եւ հիմա մարդիկ ավելի արագ են սկսել մտածել, եւ հիմա երիտասարդներն ավելի արագ են մտածում, քան մենք էինք մտածում: Ես հիմա կարողանում եմ դասավանդել հեռավորության վրա` տեխնիկայի մջոցով: Ուղղակի պետք է հասկանալ երաժշտության լեզուն: Երաժշտությունը մի երկար ճանապարհորդություն է, որով անընդհատ պիտի գնաս ու կանգ չառնես»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով` «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնի գլխավոր նպատակն է մարդկանց հասու դարձնել բարձր արվեստը:
«Այս նպատակով մենք հոգացել ենք, որ տոմսերը մատչելի լինեն, որ մարդիկ կարողանան գալ, լսել, իսկ այն երաժիշտներին, ովքեր անպայաման պետք է հաղորդակից լինեն բարձր արվեստին, մենք ուղարկել ենք հրավիրատոմսեր: Այս միջոցառման շրջանակներում հրավիրել ենք նաեւ Էմիլ Կուստուրիցային: Ուզում ենք, որ դահլիճները լեփլեցուն լինեն, որ մարդիկ հաղորդակից լինեն բարձրորակ երաժշտությանը»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել