HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Քաղաքական գործիչները պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած արժեքներին»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին։ Մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ։ Գրքի շնորհանդեսի սկզբում վարչապետը հանդես է եկել բացման խոսքով։ Անդրադառնալով ներկայացվող գրքին` նա մասնավորապես նշել է. «Իմ արձանագրած կարեւորագույն սկզբունքներից մեկը, որ հիշատակում է նաեւ պարոն Մարթենսն իր գրքում, այն է, որ իրական կյանքը սկսվում է այն պահից, երբ մենք գիտակցում ենք, որ պատրաստ ենք պատասխանատվություն կրել ազատության համար։ Երեք կարեւորագույն կոմպոնենտ կա այս մտքի մեջ` խորը գիտակցություն, պատասխանատվություն եւ ազատություն։ Եվ այս երեք գաղափարները պետք է լինեն անպայման միասին։ Այսպիսի համոզմունքով քաղաքական գործիչները կարող են առաջնորդել իրենց ժողովուրդներին դեպի բարեկեցիկ կյանք։ Կարեւոր են արժեքները, որոնք հիշատակվում են գրքում, եւ որոնց ապավինում է նաեւ գրքի հեղինակը. դա ազատության պահպանության անհրաժեշտությունն է, հավասարությունը, արդարադատությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը, միջկրոնական եւ մշակութային փոխըմբռնումը։ Հետաքրքիր գնահատական է տվել Անգելա Մերկելը հեղինակի աշխատանքին. «Նրա ամբողջ կյանքը նվիրված է եղել այս գաղափարների ներդրմանը, եւ նա կարողացել է միավորել մարդկանց եւ հաշտեցնել նրանց քրիստոնյա ժողովրդավարական ոգով»։ Հանդուրժողականությունը եւ հաշտեցնելու ունակությունը գրքի հեղինակի կարեւորագույն հատկանիշներից են, եւ նա իր գրքում մշտապես վերադառնում է այս կարեւորագույն սկզբունքին։ Կարծում եմ, որ մեր տարածաշրջանային խնդիրները եւս մեկ անգամ կարեւորում են այս սկզբունքի անհրաժեշտությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ապահովել խաղաղություն եւ բարեկեցիկ, համերաշխ կյանք բոլոր ժողովուրդների համար։ Ակնհայտ է, որ քրիստոնեական այս կարեւորագույն սկզբունքը` ձգտել համագործակցության եւ հաշտեցման, բխում է մեր ժողովուրդների շահերից։ Նա իր ողջ կյանքում ջանացել է քրիստոնեական արժեքներ եւ գաղափարներ ներդնել քաղաքականության մեջ։ Սա մի հաջող օրինակ է, որը գրքում ստանում է իր բացահայտումները, որ իրականում քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլեւ պետք է հիմնված լինի արժեքների վրա։ Վտանգավոր են այն քաղաքական գործիչները եւ շարժումները, որոնք չեն բացահայտում իրենց արժեքները եւ որոնց քայլերից չի երեւում նրանց տեսլականն ապագայի նկատմամբ։ Հետագայում հանրությունը հնարավորություն է ունենում վերահսկել` արդյոք այդ շարժումները եւ քաղաքական գործիչները հավատարիմ են այն սկզբունքներին, որ նրանք հռչակում են։ Կարծում եմ` պարոն Մարթենսի օրինակն այն հաջողվածներից է, որով կարող ենք առաջնորդվել նաեւ մենք։ Մեր երիտասարդ քաղաքական գործիչների համար այս գիրքը կարող է դասագիրք լինել այն մասին, թե ինչպես է պետք կազմակերպել, կառուցել քաղաքական կյանքը եւ հասնել հաջողությունների։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հյուրին այս հիասքանչ գրքի կապակցությամբ, ողջունում եմ նրան Հայաստանի Հանրապետությունում եւ ցանկանում եմ, որ այս հանդիպումը համապատասխան ազդակներ հաղորդի մեր քաղաքական դաշտին, քաղաքական գործիչներին` ապավինել արժեքներին եւ հավատարիմ մնալ դրանց։ Դա կլինի մեր հաջողությունների երաշխիքը»։ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` գրքի հեղինակ Վիլֆրիդ Մարթենսը երախտիքի խոսք է հնչեցրել եւ շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել Եվրոպայի իր տեսլականը` խարսխված քրիստոնեական արժեքների վրա։ Ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը եւ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter