HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Քաջերի սահմանն իրենց զենքն է, տնօրեններինը` կնիքը

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի աշխատակիցներ Անահիտ եւ Արմինե Աղաբեկյանները վիրավորված պնդում են, թե իրենք սադրիչ չեն. «Ի՞նչ զրպարտության մասին է խոսքը, եթե ոտնահարված են իմ իրավունքները: Ո՞ւմ եմ զրպարտել: Հեռախոսով զրույց եմ ունեցել լրագրող Պարգեւ Կոչումյանի հետ: Իսկ «Ազատամտություն» թերթում նրա հոդվածը տպվելուց հետո որոշել են ինձ աշխատանքից հանել: Այն մարդկանց էլ, որոնք պաշտպանեցին ինձ ժողովում, բռնեցին ջնջեցին: Չբավարարվելով՝ քրոջս էլ են հալածում չարածի համար»,- պատմում է Անահիտը:

Բացատրենք. Պարգեւ Կոչումյանը «Ազատամտություն» օրաթերթի 2009 թ. մայիսի 23-ի համարում տպագրել էր մի հոդված՝ «Դիլետանտիզմի եւ ոչ ավանդական սեռական «գեղագիտության» ֆլոբերյան դարաշրջանը մայր թատրոնում» վերտառությամբ, որտեղ պատմում էր Վահե-Ֆլոբեր Շահվերդյանի «ոչ ավանդական» հին ու նոր սերերի, մայր թատրոնում նրա՝ շուրջ 13 տարվա բյուջետային եւ արտաբյուջետային ծախսերի, «ժամանակակից թատրոնը հետնախորշ մղող» գործունեության եւ այլնի մասին: Այնուհետեւ հեռախոսային հարցազրույցի միջոցով Անահիտ Աղաբեկյանից տեղեկանալով թատրոնի ներքին կյանքին վերաբերող որոշ մանրամասնությունների՝ լրագրողը նույն օրաթերթի 2009 թ. օգոստոսի 29-ի համարում լույս էր ընծայել երկրորդ հոդվածը՝ «Սա այլասերված հիմնարկ է» վերնագրով՝ ներկայացնելով Վահե-Ֆլոբերի կենսագրության հաջորդ շրջանը, երբ վերջինս, Սունդուկյանի թատրոնից վռնդվելով, բույն էր դրել Վանաձորի թատրոնում՝ հիմա էլ այստեղ իրացնելու իր դիլետանտիզմն ու հագեցնելու անառողջ ցանկասիրությունը: Երկրորդ հոդվածից հետո թատրոնի ղեկավարությունն անմիջապես ժողով հրավիրեց: Աղաբեկյան քույրերը մեղադրվեցին թատրոնի ներքին խոհանոցը լրագրողի առջեւ բացելու համար (այնինչ հարցազրույց տվողը միայն Անահիտն էր): Քվեարկության դրվեց քույրերին թատրոնից հեռացնելու հարցը:  Քվեարկությունը գրեթե միաձայն անցավ: Ժողովականներից միայն մի քանիսն ընդդիմացան այսօրինակ անօրինության դեմ՝ ասելով, որ սա 37 թիվը չէ. չի կարելի մարդուն դատել բացախոսության համար:  Նշենք, որ «դատավարությունն» ընթանում էր առանց նրանց ներկայության: Թատրոնի տնօրինության կողմից հալածանքներ սկսվեցին ոչ միայն Անահիտ Աղաբեկյանի, այլեւ քրոջ՝ Արմինե Աղաբեկյանի ու ժողովում նրանց պաշտպաններ՝ թատրոնի նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանի եւ թատրոնի սկսնակ ռեժիսոր, դերասան Արմեն Ներսիսյանի նկատմամբ: Ղեկավարության կարգադրությամբ այլեւս դերեր չէին հանձնվում Արմինե Աղաբեկյանին՝ նպատակ ունենալով մեկ տարվա ընթացքում որակազրկել նրան որպես դերասանուհու: «Եթե Անահիտի քույրն եմ, քաշվա՞ծ եմ, 37 թի՞վն է. իմ մասին ասում են՝ երեւի մի բան էլ ինքն է դրդել քրոջը»,- ասում է դերասանուհին: Իսկ մյուս այլախոհների հետ տնօրինությունն այլ կերպ վարվեց. Արմենի հետ պայմանագիր կնքվեց երեք ամսով այն պատճառաբանությամբ, թե նա հիվանդության պատճառով հրաժարվել է բեմադրության պատրաստվող «Լիր արքա»-ի իր դերից: Իսկ Հովսեփ Մեսրոպյանին առաջարկվել էր պայմանագիր կնքել որպես նկարիչ-կատարող՝ դարձյալ երեք ամսով (բեմադրողից՝ կատարող): Բայց եթե այս երկուսի հանդեպ տնօրինության այսօրինակ վարքագիծն անսպասելի էր, ապա Անահիտ Աղաբեկյանը նախազգուշացված էր: 2009 թ. նոյեմբերի 1-ին թատրոնի տնօրեն Հ. Չախմախչյանը թատրոնի թատերախմբի վարիչ եւ ռեժիսորի օգնական Անահիտ Աղաբեկյանին ծանուցել էր նրա հետ աշխատանքային պայմանագրի լուծման մասին՝ հայտնելով, որ աշխատանքների կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված՝ 2009 թ. հունվարի 3-ից նրա հետ կնքվող պայմանագիրը չի ներառելու թատերախմբի վարիչի պարտականությունները, եւ որ նրա հետ պայմանագիր կկնքվի միայն ռեժիսորի օգնականի հաստիքի համար: Բայց չսպասելով նույնիսկ երկու ամիսը բոլորելուն՝ տնօրենն արդեն դեկտեմբերի վերջին լուծեց պայմանագիրն աշխատակցի հետ՝ չունենալով նախարարության համապատասխան հրամանը: Երբ Անահիտը ստացավ ծանուցումը, դեկտեմբերին գրավոր դիմեց Լոռու մարզպետին: Վերջինիս նախաձեռնությամբ կազմակերպվել էր  Աղաբեկյան քույրերի եւ թատրոնի ղեկավարության հանդիպումը՝ պարզելու իրավիճակը: «Ոչ մի բան չկա, չեմ ուզում աշխատես: Կարամ ուրիշ տեղ մի բան ձեւակերպեմ, եթե կռիվը աշխատավարձն ա,- ասել էր տնօրենն Անահիտին ու համենայն դեպս խոստացել,- մի բան կանեմ»: Մեզ հետ զրույցի ժամանակ գործատուն աշխատանքային պայմանագրի լուծումը հիմնավորեց նրանով, որ այդ հաստիքն արդեն հնացած է, «կոմունիստական ոճ»-ի, նշելով, որ միեւնույն անձը չի կարող մի քանի հաստիքներ համատեղել: Բայց հայտնի է, որ այդ նույն թատրոնում կան աշխատակիցներ, որոնք միաժամանակ մի քանի հաստիք են զբաղեցնում, օրինակ՝ Վահե Շահվերդյանը զբաղեցնում է գլխավոր ռեժիսորի եւ գեղարվեստական ղեկավարի, Արամ Մխիթարյանը՝ գնորդի, բեմադրական մասի վարիչի եւ փոխտնօրենի հաստիքները, իսկ «Առավոտի» համարներից մեկում լույս տեսած մի հոդվածում տնօրենը նրան նաեւ «համակարգողի» պաշտոն է վերագրում: Անահիտ Աղաբեկյանի վեճը տնօրենի հետ խոր արմատներ ունի: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ռոզա Մխիթարյանի՝ ժողովրդական արտիստուհու կոչում ստանալու կապակցությամբ աբելյանցիները մեկնեցին նրա ծննդավայր Շամշադին՝ դերասանուհու մասնակցությամբ ներկայացում բեմադրելու: Վերադարձին, երբ պարզվեց, որ մեքենան անսարք է, տնօրենը, իր հետ վերցնելով երկու ժողովրդական արտիստներին, ողջ թատերախմբին ճամպրուկներով թողեց  հյուրանոցի բակում կանգնած՝ «ոնց ուզում եք, եկեք» ասելով: Այն դեպքում, երբ նախարարությունը գումար էր հատկացրել Ռոզա Մխիթարյանի հոբելյանի եւ այդ ներկայացման համար: Վերադառնալով թատրոն՝ դերասանները տեղկոմի ժողով հրավիրեցին՝ իրենց դժգոհությունը հայտնելու: Տնօրենը չմասնակցեց ժողովին: Իսկ Անահիտը՝ իբրեւ թատերախմբի վարիչ, պաշտապանել էր դերասանների շահերը. այդ օրվանից էլ նրանց «եզներն էլ իրար հետ չարածեցին»: Կրքերը եռում են ու եռում, բայց վերադասն անտարբեր է գավառական իրարանցման նկատմամբ: Թատրոնի ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանը հորդորում է. «Տիկին նախարար, պարոն մարզպետ, երբ թատրոնից բողոք-նամակներ են գալիս, ինչո՞ւ չեք պատասխանատվության կանչում. բարեհաճեցեք գալ թատրոն»: «Ճիշտ կլիներ, որ հանձնաժողով ձեւավորվեր, համապատասխան մասնագետներ ուղարկվեին»,- համոզված է Լոռու մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը, ով մի անգամ՝ 2009-ի սեպտեմբերին, թատրոն է ուղեկցել Մշակույթի նախարարության աշխատակից Կարո Վարդանյանին եւ երկու տիկնանց: Բայց դա, ամենայն հավանականությամբ, պաշտոնական գործուղում չէր, քանի որ հանձնախումբը նույնիսկ արձանագրություն չի կազմել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter