HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լալա Մնեյան. «Ետդարձ գազան դառնալու ճանապարհից. սա է մեր Սարդարապատը»

«Թեքեյան կենտրոն»-ի դահլիճում օրերս տեղի է ունեցել Արաքս-Կուր հիմնադրամի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած «Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները» թեմայով հավաք-քննարկումը: Միջոցառմանը ելույթ են ունեցել  նաև «Կենաց տուն» հասարակական կազմակերպության մշակութային կենտրոնի տնօրեն, Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը: Նա մասնավորապես ասել է.

«Լինելով մշակույթի մարդիկ և ջատագովներ, մեր կազմակերպության դիրքորոշումը և տեսակետները մենք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը կոչի տեսքով, որն ուղղված է ոչ միայն այս լսարանին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում: Եվ քանի որ դա միայն իմ կարծիքը չէ, այլ ներկայացնում է մեր կազմակերպության կարծիքը, ուստի թույլ տվեք, որ ես այն ընթերցեմ: Այնպես, ինչպես ժամանակին ասվում էր փրկությունը կգա Արևելքից, Արևելքում է լույսը, նկատի ունենալով Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը, և կամ հետագայում ասվում էր փրկությունը կգա Քրիստոսով, այդպես էլ ուզում եմ ասել այսօրվա իրավիճակից դուրս գալու ելքը կգա մշակույթով, ասել է թե` փրկության ճանապարհը մշակույթն է, ազգային մշակույթը, հայկական մշակույթն իր նյութական և հոգևոր ամբողջությամբ: Սա է «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության կարծիքը, ասեմ ավելին, համոզմունք, որը բխում է ոչ բոլորովին պատահական մի տեղից: Այն բխում է մեր ազգային առաքելությունից ու փաստվում մեր ազգի անցած ճանապարհով, պատմության մեջ նրա թողած խորքային հետքով և նրա համոզմունքով: Սա այն է, ինչ մինչև ուղն ու ծուծը ներծծված է մեր արյան, մեր գենետիկական կոչված հիշողության, մեր ենթագիտակցության մեջ, մեր, ցավոք, արդեն տարերային դարձած գործելակերպում: Չէ՞ որ, երբ Աստված արարեց աշխարհը, հայն էլ արարեց մշակույթը, առաջին անգամ ձևափոխելով բնությունը և այդպիսով իրականություն դարձնելով աստվածային ծրագիրն աշխարհում և Աստծո կերպն իր մեջ: Դրա վկայությունը ոչ միայն մեր Մեծերի ժառանգությունն է, այլ նաև ազգային-ժողովրդական բանահյուսությունը` էպոսն ու հեքիաթները, հայ երգն ու պարը, հոգևոր երաժշտությունն ու հոգևոր ճանապարհը, ճարտարապետությունն ու զարդարվեստը, ժողովրդական ծեսերն ու սովորությունները, և վերջապես նիստն ու կացը: Այստեղից է, որ մենք պետք է սնվենք, սրանով պետք է գտնենք ճանապարհը ժամանակակից աշխարհում վերստին արարող ու նորարար մնալու, վերստին լույսի կրող ու ջահակիր դառնալու և քայլելու դեպի ապագա: Սա’ է մեր խաչը, մեզ համար նախատեսվածը, մեր բաժինը: Սրանից խուսափելը վտանգված է ազգային կորստով: Ուրեմն, եկե’ք արթնացնենք մեր մեջ աշխարհընկալման, տիեզերաճանաչողության հայկական կերպը, ճանաչենք այն, պեղենք, հանենք դարերի փոշուց, հասկանանք` ինչ է հայը և որն է հայի իրական կերպարը: Սա՞ է, որ տարփողվում է մամուլով, հեռուստատեսությամբ, շրջում մեր առօրյա խոսակցություններում և այլուր, թե՞այն, ինչն իրականում է, և որից գնալով մենք հեռանում ենք` բարձրագույն արժեքներ արարող և աշխարհով մեկ տարածող հայը: Արդյոք այն, ինչ այժմ մեզ մատուցվում է, կամ մատուցվել է վերջին տասնամյակներում ու ժամանակներում, մե՞րն է, արդյոք դա լիարժեքորեն նպաստո՞ւմ է մեզ ժառանգվածը ծաղկեցնելուն ու նորի կերտմանը, արդյոք դա՞ է մեր չափը, մեր հնարավորությունը և մեզ հոգեպես բավարարողը: Այլև’ս թոթափենք մեր մեջ ձևավորված այլակենտրոն, օտար ու օտարածին մտածողությունը, որ փաթաթել ու փաթաթում են մեր վզին, ձերբազատվե’նք մեզ անհարիր ու պարտադրվող կառավարման ցածրարժեք որակներից: Սա’ է մեր խնդիրն այսօր, այս ճանապարհն է մեր ուղենիշը, որ տանելու է մեզ դեպի մեր հավաքական ուժի կենսագործում: Ուրեմն, օ~ն, անդր յառա’ջ, դեպի հայ ազգային մշակույթի ճանաչողություն, դրան համապատասխան ուսուցում ու կրթություն, և դրա հիման վրա տարբեր հարցերի լուծման ճանապարհների որոնում: Հնարավորին չափ արագ, հնարավորին չափ խորն ու լիարժեք, այլապես հետո ուշ կլինի: Մշակույթը կորցնելուց հետո, այլևս ոչինչ չի կարող փրկել մարդուն բանական էակ մնալու: Ե’տդարձ գազան դառնալու ճանապարհից, ե’տդարձ դեպի աստվածային էության վերագտնում, և մեր ազգային պետության վերակերտում: Սա’ է մեր փրկությունը, սա’ է մեր Սարդարապատը, միշտ և հավիտյան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter