Հաստատվել է ուսումնական հաստատության տնօրենի նշանակման կարգը
«Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման նպատակով` Կառավարությունը հաստատել է «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգը»: Նոր կարգը, որի մշակման աշխատանքներին ու կազմակերպված քննարկումներին մասնակցել էին շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչները, հիմնված է տնօրենների ընտրության մինչ այժմ ունեցած պրակտիկ փորձի վրա:
ԿԳ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարևորագույն պայմաններ են սահմանված հավակնորդի` այդ դպրոցի զարգացման սեփական ծրագրի առկայությունը և դրա ներկայացումը դպրոցի խորհրդին, ինչպես նաև հավակնորդի գործնական հմտությունները բացահայտելուն ուղղված հարցազրույցի անցկացումը, որի նպատակը ոչ թե հավակնորդի տեսական գիտելիքների գնահատումն է, այլ խորհրդի անդամների կողմնորոշմանը նպաստելը:
Առավելապես հստակեցված են ընտրությանը մասնակից բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որը հնարավորություն է տալիս խուսափել սուբյեկտիվ դրսևորումներից:
Հաշվի առնելով մասնակից բոլոր կողմերի շահերը` կարգում սահմանվել են ընտրության արդյունքների բողոքարկման հստակ մեխանիզմներ:
Նոր կարգի մշակման փուլում գերակա է դիտարկվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրը և ներդրվել են դրանք չեզոքացնող համապատասխան մեխանիզմներ:
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում նոր կարգը հիմքեր է ստեղծում ուսումնական հաստատությունները բարձրակարգ մասնագետներով համալրելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել