
«Մենք այսօր առիթ ունենք շնորհավորելու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովին առ այն, որ նրանք կարողացան քայլել համահունչ ժամանակակից քաղաքակրթության նորմերին, առ այն, որ կարողացան իրենց վերահաստատել` որպես մարդու իրավունքների ջատագով և պաշտպան:
Նրանք կարողացան տուրք չտալ պրակտիկ քաղաքականության հրամայականներին, այլ վեր կանգնեցին դրանից և հասան մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման մակարդակին»,- այսօր «Հայելի»-ում հայտարարեց «Տարածաշրջանային ինտեգրացիա և կոնֆլիկտների լուծում» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:
Նա նշում է, որ մեզ շնորհավորելու առիթ չկա, որովհետև ինքը չի կարծում, թե հայերը սա անում են սեփական շահերից ելնելով: Ըստ Լ. Սարգսյանի` նրանք մղում են համամարդկային պայքար, որպեսզի այլևս եղեռն չլինի. «Մեր խնդիրը երկրի կատարելագործումն է, երկիրը ժողովրդական դարձնելը, իսկ Եղեռնին հետամուտ լինելը կարևորագույն հանգրվան է այդ ճանապարհին, պատմական արդարության հաստատումը»: Վերջինի կարծիքով` թուրքերը մերժման քաղաքականությունից պետք է անցնեն ներողություն խնդրելու քաղաքականությանը, իսկ հայերը պետք է ոչ միայն աշխարհին կոչ անեն հարգել մարդու իրավունքները, այլև երկրի ներսում էլ լինեն ժողովրդավար, իրենք էլ հարգեն մարդու իրավունքները:
Ըստ Լյուդմիլա Հարությունյանի` Ցեղասպանության ճանաչման համար Թուրքիան պետք է փոխվի. այսօր նա պատրաստ չէ ճանաչելու Եղեռնը:
Լյուդմիլա Հարությունյանը ուշադրությամբ հետևել է բանաձևի ընդունմանը և արձանագրում է, որ Թուրքիան մեկնաբանություններից անցավ Էրդողանի ճառին, որում շատ էր հնչում «դեմոկրատիա» բառը:
Հայ-թուրքական հարաբերություններ, ըստ նրա, գոյություն չունեն: Թուրքիան վաղուց պետք է սահմանները բացեր: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները դեռ պետք է ստեղծվեն, և բոլորը ինչ-որ բան պետք է զիջեն:
Բանաձևի ընդունումը, բանախոսի կարծիքով, միայն հոգեբանորեն ազդեց Թուրքիայի վրա` հասկանալու, որ Եղեռնի ճանաչման ժամանակը գալիս է: Բանաձևի ընդունումը մեծ տարբերություններ չի մտցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում. «Սա դեմքի պահպանման մի քայլ է»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել