«Հայոց ցեղասպանությունը արևմուտքի հորինածն է»
Ադրբեջանական կողմի արձագանքները
Օսմանյան Թուրքիայիում «Հայոց ցեղասպանություն» չի եղել, և դրա մասին լավագույնս գիտեն թե ԱՄՆ-ը, թե այլ տերություններ: Ավելին, «Հայոց ցեղասպանությունը» ոչ թե այսօրվա Հայաստանն է հորինել, այլ արևմտյան երկրները, որոնք տասնամյակներ շարունակ այս հարցը բարձրացնում են Անկարայի վրա ճնշում գործադրելու համար հենց այն ժամանակ, երբ դա նրանց առավել անհրաժեշտ է: Այս մասին ադրբեջանական day.az կայքէջին տված հարցազրույցում, անդրադառնալով երեկ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած թիվ 252 բանաձևին, ասել է
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջամիլ Գասանլին:
«Հայոց ցեղասպանությունը» քաղաքական քննարկումների հարց չէ, այլ պատմաբանների և այլ փորձագետների ուսումնասիրության առարկա: Շուրջ 90 տարի առաջ Իտալիայի վարչապետ Ֆրանցիսկո Միտին գրել է, որ այս հարցի շահարկումը գերտերություններին անհրաժեշտ է, որպեսզի մշտապես Թուրքիային հսկողության տակ պահեն: Այլ խոսքերով` «Հայոց ցեղասպանությունը արևմուտքի սովորական հորինվածքն է»,-ասել է պատգամավորը:
Իսկ քաղաքագետ Ռասիմ Ագաևը այս կարծիքին հավելում է նաև մեկ ուրիշը. ԱՄՆ-ն այս քայլով Հայաստանը կառավարելու նպատակ է հետապնդում` մշտապես հայերին հույսեր տալով: «Ժողովրդավարությունը բազմաթիվ արժանիքներ ունի, բայց այն նաև թերություններից զուրկ չէ: Մասնավորապես, կարող է նաև երեսպաշտ լինել, հատկապես ամերիկացիների կատարմամբ: Ենթադրում եմ, որ նախքան որոշում կայացնելը ամերիկացիները նույնիսկ չեն փորձել հասկանալ հարցի պատմական իսկությունը»,-ասել է քաղաքագետը:
«Մի կողմից, ԱՄՆ-ն քննարկաման սեղանի շուրջ է նստեցնում Թուրքիային և Հայաստանին, մյուս կողմից` սպառնում է ճանաչել «ցեղասպանությունը», որը, բնականաբար, ամենավատ ձևով կանդրադառնա Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա, էլ չասեմ նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա»,-ասել է քաղաքագետը և ենթադրել, որ բանաձևի ընդունումը լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ կբերի տարածաշրջանում. Հայաստանն ավելի ագրեսիվ կդառնա և էլ ավելի մեծ պահանջներ կներկայացնի թե Ադրբեջանին, թե Թուրքիային, որը կբերի թուրք-ամերիկյան հարաբերություններ վատթարացմանը և թուրք-հայկական հարաբերությունների սառեցմանը և ետ կգցի ողջ բանակցային գործընթացը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ` Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` թիվ 252 բանաձևի ընդունումով հայերը փորձում են իրենց պաշտպանել ադրբեջանցիների նկատմամբ 1990-ականների սկզբին իրականացրած իրական ցեղասպանությունից: «Զոհի իմիջը հայերին անհրաժեշտ է իրենց իրականացրած հանցագործություններից պաշտպանվելու համար»,-ասել է քաղաքագետը: Ռասիմ Մուսաբեկովը համոզված է, որ ամերիկացի օրենսդիրը չի ճանաչի «Հայոց Ցեղասպանությունը», չնայած երեկվա բանաձևի ընդունմանը:
«Ինչպես հայտնի է, ամերիկացի օրենսդիրների մեջ քիչ չեն նրանք, ովքեր «կերակրվում» են հայերի ձեռքերից, և նրանց հարկավոր է ցուցադրել, որ իրենք փորձել են»,-պարզաբանել է Ռ. Մուսաբեկովը:
Այնուամենայնիվ, ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ դեռ վաղ է համարել, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը լրջորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել