
«Մարդիկ ուզում են աշխատել: Մենք ունենք ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի են աշխատել նաև 65 տարեկանից հետո, պարզապես ներկայիս տարիքային սահմանափակումը և աշխատաշուկայի լարված իրավիճակը նրանց թույլ չի տալիս երկար աշխատել»,- պատասխանելով «Հետքի» այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք թոշակային տարիք սահմանել 63 և 67 տարեկանը` այն դեպքում, երբ 60 տարեկանից բարձր անձանց համար հիմնականում աշխատանք չկա, նշեց ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը:
Վերջինն անձամբ կողմ է կենսաթոշակային տարիքի հեռացմանը` մինչև 67 տարեկան, սակայն այդ մարդկանց համար աշխատատեղերի ստեղծման պայմանով և, իհարկե, առանց կառավարության կողմից առաջարկվող մասնավոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման:
«Ես համոզված եմ, որ կենսաթոշակառուների 90 տոկոսից ավելին կգերադասեն աշխատել և ոչ թե նստել տանն ու ստանալ այդ փոքր կենսաթոշակը»,- նշեց պատգամավորը:
Ա. Նռանյանի կարծիքով` պետական համակարգը կարիք ունի նաև փորձառու պետական պաշտոնյաների, որովհետև պետք է երիտասարդն ու ավագ սերնդի ներկայացուցիչն աշխատեն զուգահեռ, փորձի փոխանակում տեղի ունենա: Նույնը կարելի է ասել նաև արտադրության ոլորտի վերաբերյալ:
«Եթե մենք ունենանք այնպիսի քաղաքականություն, որ կխրախուսի աշխատատեղերի ստեղծումը, դուք կտեսնեք, թե ինչպիսի հզոր պոտենցյալ ունենք 67 տարեկանների աշխատելու առումով: Սա նաև խաթարում է քաղաքացու բնականոն գործունեության, հասարակության ակտիվ անդամ լինելու հնարավորությունը, քաղաքացու հոգեվիճակը և կարծում եմ` մենք պետք է մտածենք ոչ թե մարդկանց շուտ թոշակի ուղարկելու, այլ հակառակը` աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի մարդիկ, ինչքան ներում է առողջությունը, ինչքան ներում են հնարավորությունները, աշխատեն ու բարիք ստեղծեն:
Համոզված եմ, որ համապատասխան տնտեսական քաղաքականություն իրականացնելու դեպքում պահանջված կլինեն թե երիտասարդ մասնագետներ, թե փորձառու կադրեր»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել