Իսկ Վրաստանի քաղաքացիների համար երկքաղաքացիություն ստանալու գործընթացը ինչպես կար, այդպես էլ մնացել է
2009թ-ին 4323 անձ ստացել է քաղաքացիություն: «2009թ-ին 2.5 անգամ ավելի շատ է եղել քաղաքացիություն ստացողների թիվը, քան 11 տարվա ընթացքում` 1997-2007թ»,-այսօր «Հենակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Չտարբերակելով ՀՀ քաղաքացիներին երկքաղաքացիներից` Նորայր Մուրադխանյանը այս պատասխանը տվեց լրագրողներից մեկի հարցին, թե քանիսն են նախորդ տարի ստացել երկքաղաքացիություն: Նա պարզաբանեց, որ մինչև 2007թ-ի վերջը երկքաղաքացիության դրույթը Հայաստանում չկար: 1997թ-ից սկսվել է քաղաքացիության շնորհման գործընթացը: 10 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն ստացել էր 1735: Իսկ 2008թ-ին, երբ օրենքի մեջ համապատասխան փոփոխություն մտցվեց և եղավ կառավարության որոշում, 1554 քաղաքացիների շնորհվեց ՀՀ քաղաքացիություն, գերակշռող մասը` երկքաղաքացիներ:
«Հետքի» հարցին, թե ինչու ժամանակ առ ժամանակ երկքաղաքացիություն ստանալու համար դիմած Վրաստանի քաղաքացիների փաստաթղթերի ընդունումը կասեցվում է, Նորայր Մուրադխանյանը պատասխանեց. «Վրաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ դիմելու, ոչ էլ ստանալու խնդիր չունեն: Որևէ սահմանափակում չկա, չի էլ եղել, կարող են և դիմել, և ստանալ»:
«Հետքի» դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու էր անցյալ տարի կասեցեվել Վրաստանի քաղաքացիներին` ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը, Նորայր Մուրադխանյանը պատճառաբանեց ծանրաբեռնվածությամբ: «Դա մեկ շաբաթ էլ չի տևել, ու դա վաղուց է եղել»: Իսկ դիտարկմանը, թե Վրաստանի օրենսդրությունը չի թույլատրում իր քաղաքացուն լինել նաև մեկ ուրիշ երկրի քաղաքացի, Նորայր Նորայր Մուրադխանյանն ասաց, որ «մենք մեր օրենքով ենք տալիս»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել