HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արմեն Ռուստամյան. «Թուրքիան թող հույս չփայփայի, որ այս գործընթացը կասեցվելու է»

Բանաձևին դեմ կոնգրեսականներից ոմանք Սերժ Սարգսյանի ելույթներից հատվածներ են մեջբերել «Սա կարևոր քայլ էր, բայց սա վերջնական լուծում չէ: Բնականաբար, դեռ հարցը Կոնգրեսում պետք է լսվի, և եղել են բազմաթիվ դեպքեր, երբ այս հանձնաժողովում քվեարկությունների արդյունքում բանաձևերն ընդունվել են, բայց այնուհետև մինչև Կոնգրեսի քվեարկություն չեն հասել: Սա ամենամեծ խնդիրն է, որ մեր առաջ կանգնած է»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձևի ընդունմանը: Նա նշեց, որ Թուրքիայի բոլոր սպառնալիքները, հայտարարությունները, դեսպանին հետ կանչելը պետք է դիտարկել հենց այն տեսանկյունից, որ թուրքական կողմը շատ լավ հասկանում է, որ պայքարը դեռ առջևում է, և ամեն ինչ կանի, որ գործը չհասնի Կոնգրեսում քվեարկությանը: «Դժվար է հիմա կանխատեսումներ անելը, բայց պայքարի լայն հնարավորություն, դաշտ կա: Եթե մենք կարողանանք համախմբել մեր ուժերը և միակամ, համախմբված այս լոբբինգը առաջ տանել Կոնգրեսում, իսկապես մեծ հավանականություն կա, որ մենք կարողանանք այս անգամ հարցը հասցնել քվեարկության: Կա այդ հավանականությունը, բայց շատ դժվար է իհարկե»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե 252 բանձևը ե՞րբ կդրվի քվեարկության Կոնգրեսում` պատգամավորը պատասխանեց, որ ժամկետների սահմանափակում չկա: «Բայց որքան թարմ հետքերով դա լինի, այնքան լավ: Առջևում կա ապրիլի 24-ի գործոնը` Ցեղասպանության 95-ամյակը, և բնականաբար, դրա հետ կապված` պետք է ջանքերը ակտիվացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ Կոնգրեսում բանաձևի ընդունմանը հասնելու համար հայկական կողմը` պետական ողջ ապարատը, հայկական բոլոր կազմակերպությունները, պետք է միավորեն իրենց ուժերը, մի կողմ դնեն տարաձայնությունները: Արմեն Ռուստամյանի խոսքերով` երբ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն փորձում է տվյալ կոնգրեսականին համոզել բանաձևի ընդունման կարևորությունը, այդ կոնգրեսականը կարծում է, թե դա միայն ՀՅԴ-ի տեսակետն է: Ուստի պետք է կոնգրեսականներին այդ տեսակետը ներկայացնեն հայության բոլոր շերտերը, այդ թվում` պետական մարմինները, դեսպանատան աշխատակիցները: Արմեն Ռուստամյանի խոսքերով` հայկական պատվիրակությունը Վաշինգտոն` Կոնգրես է հասել վերջին րոպեին: Եվ պատվիրակության կազմում ոչ միայն ՀՅԴ-ի, այլև ԱԺ մեծամասնության ներկայացուցչի ընդգրկվելը ցույց է տվել, որ կա միասնական, պետական մոտեցում: «Ամեն ժամը այստեղ հաշված է, և մենք պետք է իսկապես լրջորեն մեր աշխատանքները պլանավորենք, որպեսզի կարողանանք Կոնգրեսում քվեարկությունը նախ անցկացնել և քվերակությունը հաջողել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: «Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, որ կողմնակից կոնգրեսականների թիվն ավելանա, ու բանաձևն ընդունվի Կոնգրեսում»,- հարցրեց լրագրողներից մեկը: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ նախ պետք է շատ լրջորեն վերլուծել ամբողջ քվեարկությունը, մանրամասն ուսումնասիրել կոնգրեսականների բոլոր փաստարկները, բոլոր դեմ ելույթները: Իրենց ելույթներում «Իրաք», «Աֆղանստան» հին դրույթներին կոնգրեսականներն այս անգամ ավելացրել էին թուրքական կողմի մատուցած տեսակետները` արձանագրություններով պայմանավորված: Թուրքերը փորձելու են մնացած կոնգրեսականներին ևս նույն ոգով ուղղորդել: Ուստի հայկական կողմը պետք է որոշակի փոփոխություններ մտցնի իր լոբբինգի մարտավարության մեջ: «ԱԳՆ-ն նույնպես պետք է այս հարցին շատ լրջորեն անդրադառնա: Գովելի է, որ պարոն նախարարը մի անգամից CNN-ին հարցազրույց է տալիս: Սա արդեն նոր դրսևորում է, որ կարողանում ենք արագ արձագանքել: Այդ առումով տեսնում եք, թե թուրքերն ինչպես են դա կատարում: Հաշված րոպեներում ցանկացած հարցի հետ կապված մի անգամից արձագանք են տալիս: Մեզ պակասում է այդպիսի մոբիլ աշխատանք»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Հա հավելեց, որ Հայաստանը չունի նավթ, աշխարհաքաղաքական այն առավելություններն ու ներուժը, որ ունի Թուրքիան: Սակայն մենք ճշմարտությունն ենք ասում: «Սա մեր ուժը, սա է մեր լոբբինգի հենարանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ում կլինեն նաև տարբեր միջոցառումներ, որոնք համաձայնեցված կլինեն մնացած կազմակերպությունների հետ, և կնպաստեն Կոնգրեսում բանաձևի ընդունմանը: Պատգամավորը կարևորում է արձանագրությունների վերաբերյալ կոնգրեսականներին ճիշտ պարզաբանելը, որ Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերություններին որևէ վնաս չի հասցնի: Արմեն Ռուստամյանն անձամբ է դեկտեմբերին 9 կոնգրեսականի հետ հանդիպել և խոսել: «Հիմնական փաստարկը, որ իրենց վրա ազդում է, հետևյալն էր, որ նախ ԱՄՆ-ն` որպես միջնորդ կողմ, ինքն է հայտարարել, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը կողմնակից է: Ուրեմն եթե առանց հարաբերությունների կարգավորմանը կողմնակից եք, ամենալավ ապացույցը կլինի այն, որ դուք հենց չկասեցնեք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որովհետև թուրքական նախապայմանների հիմնական հարցերից մեկը հենց միջազգային գործընթացի կասեցումն է: Եվ դրա հետ կապված` այդ հանձնաժողովր ստեղծումն է, որի վրա հղումներ էին անում ելույթների մեջ: Այսինքն` եթե դուք ուզում եք ցույց տալ, որ իսկապես դա առանձին գործընթաց է, և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սրանով չպիտի նախապայմանավորվի, ուրեմն պետք է դուք ինքներդ ճանաչեք` ցույց տալու համար, որ մեկը մյուսի հետ կապված գործընթաց չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նաև կարևոր է համարում կոնգրեսականներին ներկայացնելը, որ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը թուրքերին կբերի այն գիտակցության, որ Ցեղասպանության ճանաչումը հակաթուրք գործընթաց չէ, այլ պարզապես մարդկության դեմ գործված ոճրի դատապարտման անհրաժեշտ քայլ, որպեսզի նման ոճիրներ չկրկնվեն, ճիշտ այնպես, ինչպես հակագերմանական քայլ չէ Հոլոքսոտի դատապարտումը: ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության ժամանակ հնչած թե կողմ, թե դեմ հիմնական փաստարկները կրկնվում էին: Ընդ որում, մի քանի ամիս առաջ կողմ քվեարկելու պատրաստ կոնգրեսականներն ավելի շատ էին: «Միակ նոր փաստարկը, որ ավելացել էր և ավելացրել էր դեմ-երի քանակը, չարաբաստիկ արձանագրությունների առկայությունն էր: Ցավով պետք է նշեմ, որ իսկապես բոլոր նրանք, ովքեր ժամանակին կողմ էին քվեարկել և հիմա դեմ քվեարկեցին, միաբերան հենց մատնանշում էին, որ իբրև «իրենք չեն ուզում խանգարել հենց Հայաստանին, չեն ուզում խանգարել, որ Հայաստանի կառավարությունը ծանր վիճակում հայտնվի, որովհետև իրենք իսկ հռչակել են, որ այս հարաբերությունները իրենց են պետք, իրենք մեկուսացումից դուրս գալու խնդիր ունեն, սահմանները բացելու խնդիր ունեն, և եթե մենք այս բանաձևը ընդունենք, մենք լավություն արած չենք լինի մեր կողմից շատ սիրված, բարեկամ երկրին` Հայաստանին»: Ամբողջ աբսուրդը հենց այստեղ է: Մանավանդ Տեխասի, Ինդիանայի ներկայացուցիչները դրա մասին խոսում էին, անգամ ուղղակի ցիտում էին նախագահի խոսքից հատվածներ, որ սփյուռքում հանդիպումների ժամանակ ունեցել է և հայտարարել, որ մենք սրանով, ընդհակառակը, մեր հարյուրամյա պատմության մեջ եղած այս բոլոր բարդ և ողբերգական էջերի լուծման համար կարող ենք հիմք ստեղծել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` Հայաստանը, դժբախտաբար, կորցրել էր հայ-թուրքական բանակցային գործընթացի վրա ազդելու գրեթե բոլոր լծակները, և այժմ ակնհայտ դարձավ, թե Թուրքիան ինչպես է սարսափում Ցեղասպանության ճանաչումից, ու սա ինչ լուրջ ճնշում է Թուրքիայի վրա: «Իհարկե, բարոյական առումով մեզ պատիվ չի բերում, որ ամեն անգամ մենք այս հարցով, այսպես ասած, փորձենք ինչ-որ ճնշումներ բանեցնել և սա օգտագործենք քաղաքական այս սակարկությունների մեջ, որը իսկապես թե զոհերի հիշատակի համար ճիշտ չէ, թե ընդհանրապես Հայոց ցեղասպանության ճանաչման բնույթին և էությանը անհարիր է: Սա առևտրի թեմա չէ: Սա մի հարց է, որ անհրաժեշտ է հենց բոլոր այն երկրներին, որոնք հարգում են ընդհանրապես համամարդկային արժեքները, իրենց հիմնական նպատակն են հռչակել պայքարել մարդու իրավունքների, ազատությունների համար, համամարդկային հանցագործությունների դեմ պայքարի ջահակիրն են: Սակայն պարզ դարձավ, թե ինչ կարևոր է դառնում այսպիսի խնդիրը նաև քաղաքական հարաբերությունների մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Միաժամանակ ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ սա առաջին անգամն էր, որ հայկական կողմը կարողացավ որոշակի հաջողության հասնել հայ-թուրքական արձանագրությունների ֆինին և ճեղքել լռության պատը: Նրա խոսքերով` Թուրքիայի այն սպառնալիքը, թե բանաձևի ընդունման դեպքում արձանագրությունները չեն վավերացնի, պետք է սթափեցնի մեզ. մենք պետք է հասկանանք` ում հետ գործ ունենք: «Սա պետք է նաև հստակ ցույց տա Թուրքիային, որ հույս չփայփայի, որ այս գործընթացը կասեցվելու է, հույս չփայփայի, որ եթե այս արձանագրությունների շնորհիվ ինչ-որ բանի էլ հասել են, սա կոտրելու է միջազգային ճանաչման մեր պայքարի ոգին: Սա տեղի չի ունենալու, և Դաշնակցության, Հայ դատի բոլոր կառույցները այս գործի մեջ պետք է ընդգրկվեն նոր եռանդով, նոր ոգով` հասկանալով, որ իսկապես նոր դժվարությունների առաջ ենք կանգնած, բայց պետք է հաղթահարել այդ դժվարությունները: Անկախ նրանից, թե այս արձանագրությունները ինչ ճակատագիր կունենան, մենք պետք է մեր պայքարը չդադրեցնենք, այլ ընդհակառակը` նոր թափ հաղորդնեք դրան: Հուսով եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ այս ամենից եզրակացություններ կանեն և իսկապես կգան այն մտքին ու գաղափարին, որ օր առաջ այս արձանագրությունների մեջ եղած վտանգները և դրանց հետ կապված` վերապահումներով այս արձանագրությունները վավերացնելը բխում է մեր շահերից»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter