HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պատվիրակությունը` ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Իր ելույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում գենդերային քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ բարեփոխումներին, ինչպես նաեւ կանանց կարգավիճակի բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերին: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` նշվել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի կողմից վավերացվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր հիմնարար իրավական փաստաթղթերը, ինչը զգալիորեն բարձրացնում է պետության պատասխանատվության մակարդակը: Զեկուցողն ընդգծել է, որ գենդերային բնագավառում իրականացվող քաղաքականությունը լիովին համահունչ է ժողովրդական, սոցիալական եւ իրավական պետություն կառուցելու մեր երկրի ընտրությանը: Մարտի 2-ին Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի շրջանակներում գումարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստը` նվիրված Պեկինի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի 15-ամյակին, որին ելույթներով հանդես են եկել Գլխավոր ասամբլեայի նախագահը, Գլխավոր քարտուղարի տեղակալը, ՄԱԿ-ի անդամ երկրների հինգ տարածաշրջանային խմբերի եւ հյուրընկալ երկրի` ԱՄՆ ներկայացուցիչները: Գլխավոր ասամբլեայի նիստը եզրափակել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ դեսպան Կարեն Նազարյանը, որը դրվատել է Գործողությունների ծրագրի դերն ու նշանակությունը կանանց իրավունքների պաշտպանության եւ կարգավիճակի բարձրացման հարցում: Անդրադառնալով նույն օրը հանձնաժողովի կողմից ընդունած Հռչակագրին` ՀՀ մշտական ներկայացուցիչը հորդորել է պետությունների կառավարություններին ի մի բերել ջանքերը եւ ռեսուրսներն` աշխարհի բոլոր կանանց հասանելի դարձնելու համար Պեկինում նախանշված նպատակները` հավասարություն, զարգացում, խաղաղություն: Դեսպանը եզրափակել է` նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է եւ առավելություն հանձնաժողովի անունից հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter