HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կին լինելը վեհ առաքելություն է»

Այսօր Ալավերդու քաղաքապետարանում քաղաքապետ Արթուր Նալբանդյանը մարտի 8-ի առթիվ քաղաքի առաջավոր կանանց ընդունելություն էր կազմակերպել: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ալավերդու Ս.Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Միքայել Տեր Շաղոյանը: Հանդիպումը սկսվեց տերունական աղոթքով, ապա քաղաքապետը կանանց շնորհավորանքի խոսքեր ասաց. «Օրացույցի հետ կապված մի քիչ ժամանակից շուտ ենք շնորհավորում մեր սիրելի կանանց մարտի 8-ը, քանի որ 3 ոչ աշխատանքային օրեր ենք ունենալու, որոշեցինք ձեզ շնորհավորել ավելի շուտ»: Նա անդրադարձավ կանանց առաքելությանը. «Ձեր վաստակը մեր համայնքի համար շատ մեծ է: Ես մտածում եմ, եթե 1910թ.-ին Կոպենհանգենում կանայք Կլարա Ցետկինի նախագահությամբ չհավաքվեին, կանանց տոն նշվելո՞ւ էր, թե՞` չէ: Բոլորս երախտապարտ ենք, որ ունենք կանանց տոն, որն արդեն 100 տարվա պատմություն ունի»: Քաղաքապետը ընտանեկան երջանկություն և խաղաղություն մաղթեց կանանց: «Ցամաք աչքով պառավեք»,- մաղթեց քաղաքապետը: Ա.Նալբանդյանը հավաստիացրեց կանանց, որ այսուհետ նրանց հետ համատեղ անելու է ամեն ինչ, որպեսզի Ալավերդի համայնքը մնացած համայնքներից տարբերվի: Նա ցանկանում է, որ կանայք այսուհետև էլ ավելի ակտիվ մասնակցեն քաղաքի զարգացման բոլոր աշխատանքներին. «Դուք ի վիճակի եք ձեր հետևից տանելու մի մեծ բանակ, որոնք ձեզ լսում են»,- ասաց նա` ավելացնելով. «Մեր քաղաքում, մի քիչ, էսպես ասած, նախանձը, բամբասանքը, սուտ ու կեղծ, չգիտեմ ինչ կարգի լուրեր և այլն, որ տարածվում են, ես ուզում եմ, որ ճշմնարտությունը ժողովուրդը ձեզանից նաև լսի, ուզում եմ, որ դուք հասարակության մեջ լինեք: Ուզում եմ, որ դուք միշտ քաղաքի հոգսերով ապրեք: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Ալավերդի քաղաքի անունը բոլոր ինստանցիաներում ամենաբարձր ձայնով հնչի»: Կանանց շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև քահանա Տեր Միքայել Շաղոյանը. «Կին լինելը Աստծո ստեղծագործության մեջ չի նշանակում միայն ֆիզիկապես տարբեր լինել տղամարդուց, դա վեհ առաքելություն է: Կնոջն է տված պատիվը զավակ ծնելու, դաստիարակելու և հասարակության համար պիտանի մարդ դարձնելու գործում»: Շնորհավորելով` նա կանանց մաղթեց վեհ լինել ոչ միայն մարմնով, այլ նաև հոգով: Նա հայ կնոջ առաքելությունը գնահատեց աստվածային: Կանանց ողջունեցին քաղաքի թիվ երկու մանկապարտեզի սաները: Ապա քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ծաղիկներ և նվերներ հանձնեց կանանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter