
Վերջերս Վանաձոր-Թբիլիսի գլխավոր մայրուղու Ալավերդի-Ախթալա ճանապարհահատվածում ավտոմեքենաների անվտանգ երթևեկության համար լուրջ սպառնալիքներ են ստեղծում ճանապարհներին հարող ժայռերից թափվող հսկա քարերը: Նրանք ոչ միայն կարող են դառնալ ավտոմեքենաների անկանխատեսելի վթարների պատճառ, այլ սպառնալիք են դարձել նաև ճանապարհով անցուդարձ անող մոտակա համայնքների բնակիչների կյանքի համար:
Ալավերդի-Ախթալա ճանապարհահատվածի վերահսկողությունն իրականացնում է Լոռու մարզի Թումանյանի ՃՇՇՁ ԲԲԸ-ն, որի պետ Սամվել Տիտանյանը, պատասխանելով մեր հարցերին, նշեց. «Ճանապարհին թափվող հսկա ժայռաբեկորների պատճառով անվտանգ երթևեկությանը սպառնացող վտանգները նոր չեն: Անցյալ տարի ` 2009 թ.-ի հունիսին, գահավիժող ժայռաբեկորներից մեկը գետն էր շպրտել մի ավտոմեքենա: Վերջին ամսում նորից մեծացել են թափվող ժայռաբեկորների վտանգները: Հո այդպես ճանապարհաեզրերի՞ն չեն ընկել այդ քարերը: Գիշերով նրանք փակել էին ողջ ճանապարհը, դրանք 20-25 տոննանոց քարեր են եղել»:
Սամվել Տիտանյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահվել ՀՀ Տրանսպորտի նախարարությանը, նրանց է ներկայացվել ճանապարհի լուսանկարները, սակայն ստեղծված էքստրեմալ վիճակում նախարարությունը Թումանյանի ՃՇՇՁ-ին լրացուցիչ գումարներ չի հատկացրել թափվող հսկա ժայռաբեկորներից ժայռերը մաքրելու համար:

«Ստիպված մենք այդ ծանր աշխատանքները կատարում ենք ճանապարհների պահպանության սուղ միջոցների հաշվին: Նախկինում ժայռաբեկորները մաքրվում էին ալպինիստական ջոկատների միջոցով, հիմա այդ աշխատանքները մնացել են մեր հույսին»,- ասաց Ս. Տիտանյանը:
Ստեղծված պայմաններում ՃՇՇՁ-ի աշխատողները, քանի որ ալպինիստական հմտություններ չունեն, քարերը թափվելուց հետո բացում են ճանապարհը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել