Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կմտնի Շվեդիայի խորհրդարան
Շվեդիայի սոցիալ-դեմոկրատները կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին, որը մարտին պատրաստվում են քննարկել իրենց խորհրդարանում: ՀՅԴ-ն արդեն նախնական հանդիպումներ է ունեցել Շվեդիայի սոցիալ-դեմոկրատների հետ: Արմեն Ռուստամյանը Եվրոպական սոցիալիստական կուսակցություն կոնգրեսի շրջանակներում Պրագայում հանդիպել է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի հետ: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորն ինքը:
«Շվեդիայի սոցիալ-դեմոկրատները, իրենց կուսակցությանն արդեն որոշում ունի` Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու հետ կապված, և հետաքրքրվում էին մանրամասներով: Մենք իրենց նյութեր ենք տրամադրել, կապի մեջ ենք: Մենք իրենց նաև հրավիրել ենք այստեղ: Մենք ինքներս սոցիալիստական հարցերի, սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված` մարտի 25-26-ին Հայաստանում կազմակերպելու ենք միջազգային մեծ կոնֆերանս: Իրենց ներկայացուցիչներն են այստեղ լինելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ իրենք ուշադրությամբ հետևում են Շվեդիայում այս գործընացին:
«Մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի այդ բանաձևը մեր գործընկերները այնտեղ պաշտպանեն ավելի ամբողջական, հիմնավոր: Այնտեղ թուրքերը նույնպես ունեն իրենց ազդեցության հնարավորությունները, և նույն պայքարը տեղափոխվելու է հենց իրենց խորհրդարան: Մենք սա նկատի ունենք և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել