Էլեկտրոնային անձնագրեր` 2011թվականից
2011 թվականից սկսած Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ նույնականացման քարտեր և կենսաչափական տվյալներով անձնագրեր: Այս մասին այսօր «Հենակետ» մամուլի ակումբում մանրամասներ ներկայացրեցին «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի» տնօրեն Արթուր Ղուլյանը և ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Կենսաչափական տվյալներով անձնագիրը պարունակում է «չիպ», որը ներառում է անձի անկետային բոլոր տվյալները, որոնք առկա են սովորական անձնագրում` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, լուսանկար: Նախատեսված է նաև երկու ցուցամատի մատնահետքերը, որը, ըստ Նորայր Մուրադխանյանի, նաև ԵԽ-ի պահանջն է:
Իսկ նույնականացման քարտում ևս նույն տվյալներն են լինելու, բացի դրանից` նաև քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը, և հետագայում կարող է նաև լինել առողջապահության, բանկային գործարքների հետ կապված տեղեկություններ: Ինչպես բացատրեց Արթուր Ղուլյանը, նույնականացման քարտը նույն ID քարտն է, «չիպ»-ով ու բազմաֆունկցիոնալ` Հայաստանի ներսում օգտագործելու համար, սակայն հետագայում միջպետական պայմանագրերով այն հանարավոր է դառնա նաև ճամփորդական փաստաթուղթ:
Հայաստանի ներսում կենսաչափական տվյալներով անձնագիրն անհրաժեշտ չէ, այլ կարելի է ստանալ միայն նույնականացման քարտը: Այն պարտադիր է 16 տարին լրացած քաղաքացիների համար, ինչպես այսօրվա գործող անձնագիրը: ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն անձնագիր, մինչև անձնագրի գործածության ավարտը այս փաստաթղթերը ստանալու կարիք չունեն, եթե իրենք անձամբ չեն ցանկանում ստանալ: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո քաղաքացին արդեն պարտադիր պետք է ստանա նույնականացման քարտը: Պետական տուրքը նույնն է լինելու, ինչ սովորական անձնագրինը: Սակայն, Նորայր Մուրադխանյանի հավաստմամբ, պետության վրա սա ավելի թանկ է նստում:
Կենսաչափական տվյալներով անձնագիրը կարելի է ստանալ միայն նույնականացման քարտը ստանալուց հետո: Այն արտերկիր մեկնելու համար է նախատեսված:
Արթուր Ղուլյանի պարզաբանմամբ, սոցիալական քարտերի և նույնականացման քարտերի տարբերությունը միայն «չիպի» մեջ է, ինչի միջոցով քաղաքացին կարող է օգտվել էլեկտրոնային ծառայություններից, այիսնքն` բազմաֆունկցիոնալ է: Թվային ստորագրություններով արդեն 700-ից ավելի խոշոր հարկատուներ կան, որոնք օգտվում են այդ համակարգից: «Դա պարտադիր չէ, բայց եթե մենք ունենանք լավ էլեկտրոնային ծառայություններ, քաղաքացին կուզենա այդ քարտն ունենալ»,-ասաց Արթուր Ղուլյանը:
Այս համակարգը ներդնելու համար ուսումնասիրվել է Էստոնիայի, Մալազիայի, Սինգապուրի փորձը, որտեղ այն լավ է գործում: ԱՊՀ երկրներից դեռ կենսաչափական տվյալներով անձնագրեր չեն օգտագործվում: Վրաստանն արդեն սկսել է այդ ուղղությամբ աշխատել, ինչպես նաև Ադրբեջանը: Կենսաչափական տվյալներով անձնագրեր տրամադրում է ՌԴ-ն, բայց այնտեղ նույնականացման քարտ դեռ չեն տրամադրում, միայն նմուշներ են պատրաստվել:
Կենսաչափական տվյալներով անձնագիրը և նույնականացման քարտ կարող են ստանալ նաև երկքաղաքացիները: Նորայի Մուրադխանյանն ասաց, որ այստեղ որևէ տարանջատում չկա, քանի որ երկքաղաքացիները նույն ՀՀ քաղաքացիներն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել