Հայ-թուրքական արձանագրությունները մեծացրել են պատերազմի վերսկսման վտանգը
Փոխարենը «վերջերս ինչ-որ սեպ խրողները շատ են շատացել»
Եթե առաջ Արցախում պատերազմի վերսկսումով սպառնում էին միայն Ալիևը և նրան հարող պաշտոնյաները, ապա հայ-թուրքական արձանագրությունների և «հաշտեցման» գործընթացի հետևանքով նման սպառնալիքի լեզվով է խոսում արդեն նաև Թուրքիան: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արձանագրությունների հետագա ընթացքի և Ղարաբաղյան գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Դավութօղլուի այն հայտարարությունը, որ այսօր Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգն ավելի կարևոր է, քան հայ-թուրքական արձանագրությունները: «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները մեզ համար պետք է սթափեցնող ազդեցություն ունենան, մենք իմանանք, որ Թուրքիան չի հրաժարվել, չի հրաժարվելու նրանից, ինչ ուզում էր այս արձանագրություններով ստանալ: Եվ բնականաբար, օգտագործելու է այս ամենը որպես գործիք` ճնշելու համար Հայաստանին, որ բոլոր իր համար կարևոր նախապայմանների լուծումները ունենա, մասնավորապես Ղարաբաղի հարցում: Երբ մենք ասում էինք` այս արձանագրություններից մենք ոչ թե օգտվեցինք, այլ ընդհակառակը` վտանգները ավելի մեծացրինք, իսկապես այդպես է. հիմա ավելի մեծացել է նոր պատերազմ սկսելու վտանգը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Իր ասածը նա հիմնավորեց հետևյալ կերպ. թուրքերը ներկայացնում են, թե արձանագրությունները ստորագրելով` իրենք իբր արդեն մեծագույն զիջում են արել, քանի որ եղբայր Ադրբեջանի շահերը ոտնահարելով` այսպես կոչված, «ագրեսոր» երկրի հետ փաստաթղթեր են ստորագրել: Ըստ թուրքերի առաջ քաշած նախապայմանի` այժմ զիջելու հերթը Հայաստանինն է: Իսկ Հայաստանը պետք է զիջում անի մյուս` Արցախյան ճակատում: «Ուրեմն թող զիջի Հայաստանը այդ ճակատում, որպեսզի գործընթացը տեղից շարժվի: Եթե չի զիջի, էլ մենք ի՞նչ անենք. ադրբեջանցիներն էլ ուզում են իրենց պապական տարածքները ստանալ օր առաջ, և մենք ոչնչով դրան չենք նպաստում: Ուրեմն իրենց մնում է միայն պատերազմի միջոցով այդ տարածքները հետ բերել»,- ասում են թուրքերը: «Այսինքն` այն, ինչ ադրբեջանցիները անում էին բոլոր միջազգային կառույցներում` իրենց նոր ագրեսիան հիմնավորելու, արդարացնելու համար, սրա համար հող են ստանում: Սա է հարցը: Եվ բնական է, որ այդ ջրաղացին ջուր է լցնում Թուրքիան»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Նա տարակուսանքով նշեց, որ հայ որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե իբր Հայաստանին հաջողվել է սեպ խրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: «Էս վերջերս ինչ-որ սեպ խրողները շատ են շատացել: Մեր որոշ պաշտոնյաներ պիտի շատ լավ իմանան, որ այսպիսի սեպ երբեք չի խրվել, չի խրվի: Ընդհակառակը` մենք պետք է իմանաք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ տանդեմով աշխատել են, մեկ տանդեմով աշխատելու են: Մարդիկ անընդհատ ասում են. «Մենք մեկ ժողովուրդ ենք, երկու պետություն»: Մենք էլ ուզում ենք մեր ուզածը այդտեղ տեսնել, ասում ենք. «Չէ, մենք սեպ խրեցինք իրենց արանքում»: Ի՞նչ սեպ: Նույն շահերը, նույն նպատակներն ունեն: Եվ բնական է` Ղարաբաղի հարցում էլ իրենք համաձայեցված իրենց քայլերը կատարում են»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն արագացրել Արցախյան գործընթացը: Պատգամավորի համոզմամբ` գործընթացը կարագացվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը զիջի իր դիրքերը` համաձայնի, որ Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ: «Սա է գործընթացի արագացման իրենց պատկերացրած սցենարը: Արագացնելու ուրիշ սցենար չկա: Բայց գործընթացի արագացման տպավորություն, այո, այս արձանագրություններով իրենք ստեղծեցին և արհեստական արագացման մի փուլի մեջ մեզ ներքաշեցին, որ մենք հիմա պիտի բացատրենք, թե ինչու չպիտի այդ գործընթացը այս ձևով արագանա: Միևնույն ժամանակ պիտի բացատրենք նաև, որ մենք ուզում ենք իհարկե` սահմանները բացվեն, համագործակցության բոլոր ձևերը աշխատեն և այլն: Այսինքն` հայտնվել ենք մի վիճակում, որ անընդհատ մեզ թելադրում են, և մենք ինչ-որ քայլեր ենք փորձում կատարել սրան-նրան բավարարություն տալու համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Մեկնաբանել