Երևանի քաղաքապետը հանդիպել է գերմանական «BOSCH» ընկերության ներկայացուցիչներին
Մայրաքաղաքի դպրոցների աշխատանքի ուսուցման կաբինետ-լաբորատորիաները էլեկտրական աշխատանքային գործիքներով և սարքավորումներով համալրելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ–ում ու ԱՊՀ երկրներում գերմանական «Bosch» ընկերության էլեկտրասարքավորումների վաճառքի գծով տարածաշրջանային տնօրեն Լուտց Մարշալի հանդիպման ընթացքում:
Նշելով, որ ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում նաև կրթական ոլորտում համագործակցության մեծ փորձ ունի, Լուտց Մարշալը ընկերության անունից Երևանում նմանատիպ, սակայն ավելի ընդգրկուն ծրագրի իրականացման պատրաստակամություն է հայտնել, հավելելով, որ համապատասխան աշխատանքային գործիքներով ու սարքավորումներով դպրոցները համալրելուց զատ՝ ընկերությունը պատրաստ է նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:
Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը՝ շեշտելով դպրոցականների դաստիարակության գործում աշխատանքային հմտությունների զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը: «Մենք պատրաստ ենք համագործակցության, առավել ևս, եթե այդ համագործակցությունը օգուտ է բերելու երեխաներին»,– նշել է Երևանի քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը հյուրերին նաև ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ընկերության համար:
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հնարավոր այլ ոլորտներում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով՝ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կրկին կայցելեն քաղաքապետարան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել