HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ՊՆ-ն կոչ է անում լրագրողներին չճշտված տեղեկություններ տարածելով լարվածություն չառաջացնել

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել`վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: «Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» և այլն, միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը և առատորեն «սնում» ադրբեջանական քարոզչամեքենան: Մարտի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը, անդրադառնալով և հերքելով միանգամայն անհիմն և անպատասխանատու այդ հայտարարությունները, ըստ որոնց` իբր սահմաններում իրավիճակը բավականին լարված է,   նշել է, որ հայոց բանակի զինվորն ամուր է պահում մեր հայրենիքի սահմանները. «Փառք Աստծո, հետպատերազմյան տարիներին հակամարտության գոտում, առանց որևէ երրորդ ուժի միջամտության` համեմատելով ուժերի հավասարակշռությունը, քանակական տվյալները, մարտական ոգու, մեր ստորաբաժանումների բարոյահոգեբանական բարձր մակարդակի շնորհիվ կարողանում ենք ապահովել մեր զինված ուժերի գերազանցությունը հարևան երկրի զինված ուժերի նկատմամբ: Եվ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության արժանապատիվ ձևով արձագանք տալու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Կոչ ենք անում հայ լրագրողներին սթափ հայացքով նայել իրավիճակին, հորինված ու չճշտված տեղեկություններ տարածելով անհարկի լարվածություն չառաջացնել բնակչության շրջանում և  ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել հայոց բանակին, պետության պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցերին»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter