Արձանագրությունների «օգուտը»
«Կոնգրեսը պետք է երկու հարց հաշվի առնի` 1915 թ. սպանությունները Ցեղասպանություն կոչելու համար: Առաջինը պարզ պատմագիտական հարց է` դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ: Այնուհետեւ գալիս է հաջորդ հարցը` արդյո՞ք Կոնգրեսի պարտականությունների մեջ է մտնում անցյալում տեղի ունեցած իրադարձություններին զգացմունքային գնահատական տալ,- երեկ գրել է բրիտանական հեղինակավոր «The Guardian» թերթը` ավելացնելով,- եթե առաջին հարցը վիճելի է, ապա երկրորդը` ոչ: Կոնգրեսը ոչ իրավասություն, ոչ էլ բարոյական իշխանությւոն ունի պատմական դատողություններ անելու համար»:

Նշենք, որ Ցեղասպանության փաստը արդեն բացահայտ վիճելի են համարում ոչ միայն «The Guardian»-ը, այլ արեւմտյան մի շարք այլ լրատվամիջոցներ: Դա հայ-թուրքական արձանագրությունների առայժմ արձանագրած միակ «շոշափելի արդյունքն» է, քանի որ նման կարծիքների հեղինակները առաջին հերթին հղում են անում այդ արձանագրություններին:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը քարտ-բլանշ տվեց, որ աշխարհի երկրները նույնպես քննարկեն եւ հարցին մոտենան ըստ նպատակահարմարության:
Քլինթոնն ընդդեմ բանաձեւի
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ:
Թուրքական «Turkishjournal»-ի փոխանցմամբ` այցով Կոստա Ռիկայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, թե կա անհրաժեշտություն, որ այդ նախագիծը մտնի ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր խորհրդի օրակարգ: Քլինթոնը նշել է, որ գործընթացով հետաքրքրված կողմերին այս մասին բացահայտ ասվել է:
Տիգրան Սարգսյան-2
Մամուլում բազմիցս գրվել է, թե «Տաքսի տուր» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կառավարության լրատվական ծառայությունից չկարողացանք ճշտել, թե արդյոք վարչապետն սկսել է տաքսի ծառայություն մատուցել ազգաբնակչությանը:
Փոխարենը «Տաքսի տուր» ընկերության տնօրեն Ավետիք Ֆարխոյանն ասաց, որ այո, իրենց ընկերության համասեփականատերերից է Տիգրան Սարգսյանը, որը սակայն ՀՀ վարչապետը չէ, այլ` Ղրղըզտանի Հանրապետության պատվո հյուպատոսը Հայաստանում: Վարչապետը «Տաքսի տուր»-ի հետ որեւէ կապ չունի:
Որքան գումար է կորցրել պետությունը
Գյուղատնտեսության նախարարին Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից խիստ նկատողություն հայտնելու պատճառների մասին հավելյալ տեղեկատվություն է տեղադրվել կառավարության պաշտոնական կայք-էջում: Դա Հայաստանում հակադաբաղային պատվաստանյութերի առնչությամբ վարչապետի վերահսկողական ծառայության իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ հրապարակված տեղեկանքն է:
Այդ տեղականքում, մասնավորապես, նշված է, որ 2008-2009 թվականներին հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերման պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված «Բիո ունիվերսալ» ընկերությունն այդ պատվաստանյութը ձեռք է բերել համապատասխանաբար 1 դոզան 143 եւ 168 դրամով, երբ ինքնարժեքը կազմել է 183 դրամ, իսկ գյուղատնտեսության նախարարությանը վաճառել է 290 դրամով: Այսինքն` ձեռբերման գնից կրկնակի թանկ:
Նույն կազմակերպությունը այս անգամ պատվաստանյութը ձեռք է բերել 170 դրամով, իսկ մրցույթի փաստթղթերում ինքնարժեքը հաշվարկվել է 325 դրամով: Վարչապետի վերահսկողական ծառայության եզրակացությամբ, մատակարար կազմակերպության կողմից լիազոր մարմնին, այսինքն` գյուղնախարարությանը վաճառած պատվաստանյութի գինը հիմնավորված չէ եւ վերանայման կարիք ունի:
Երեւի թե դժվար չէ ենթադրել, թե պետության համար կոսրված գումարը ում գրպանն է մտել եւ նման դեպքերում ում եւ ինչ պատիժ պետք է սահմանվեր:
Խուճապն էլ ավելի է թեժանում
«Հիմա ՀԱԿ առաջնորդը հեղինակություն չէ նույնիսկ շարժման շրջանում: Վարկանիշի այսօրինակ անկումը հուշում է, որ մինչեւ 2012 թվականը արմատականներից միայն հուշեր կմնան: Այս հեռանկարի վախից է ՀԱԿ-ում ներքին պայքար ծավալվել, քանի որ նոր առաջնորդի պահանջարկ է առաջացել:
Հին առաջնորդով երրորդ անգամ նույն գետը մտնելու դեպքում ՀԱԿ-ը ուղղակի կխեղդվի: Արմանատականների ճամբարում խուճապն էլ ավելի է թեժանում, քանի որ քննադատողներին միացել է նաեւ «Ժառանգությունը»: Սակայն Լ.Տեր-Պետրոսյանի թիմին հատկապես հունից հանում է Դաշնակցության արդյունավետ ընդդիմադիր գործունեությունը»,- կարծում է Էդուարդ Շարմազանովը:
Հունահայկական կոռուպցիա
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, որն ազգությամբ հույն է, սկսել է լոբբինգ անել հունական կազմակերպությունների օգտին: Խոսքը ՀԲ-ի կողմից ֆինանասավորվող ծրագրերի մասին է, որտեղ միջազգային տենդերներ են իրականցվում:
Այստեղ տեղին է նկատել, որ հունական իրականությանը եւս խորթ չեն կոռուպցիոն դրսեւորումները: Հետաքրքիր է, որ Վարուդակիսին այս հարցում օգնում է կառավարության այն հատվածը, որը համարվում է Տիգրան Սարգսյանի թիմը, հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, որը դեռեւս կենտրոնական բանկում աշխատելու շրջանում սերտ հարաբերություններ է ունեցել Վարուդակիսի հետ:
Խրախճանք
Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում մեծ խրախճանք էր. ժամացույցների եւ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութի պաշտոնական բացումն էր: Եւ այդ արարողությանը մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Բնականաբար, երկար ժամանակով փակվել էին մերձակա փողոցները, իսկ Հյուսիսային պողոտան շղթայված էր ոստիկանների կուռ շարքերով:
Խանութը պատկանում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա ունեցած բազմաթիվ բիզնեսներից մեկն է: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՊԵԿ-ի հիմնական թիրախներից մեկը դարձել է «ոսկու շուկան», որտեղ մի քանի հազար մարդ է աշխատում:
Փաստորեն` «ոսկու շուկան», ինչ-որ առումով, Գագիկ Խաչատրյանի մրցակիցն է: Նշենք նաեւ, որ երեկ Վազգեն Սարգսյանի 51 ամյակն էր, եւ Սերժ Սարգսյանը չի այցելել Եռաբլուրում ամփոփված նրա շիրմին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել