HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Սփյուռքի նախարարությունը ծրագրեր կիրականացնի նաեւ Արցախում

Երեկ Արցախում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանի հետ:

Նախագահի հետ հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ տեղ են հատկացնում հանրապետությունից դուրս բնակվող հայրենակիցների հետ փոխհարաբերությունների զարգացմանը եւ Արցախի շենացմանը նրանց մասնակից դարձնելուն: Նախագահը բարձր է գնահատել սփյուռքի նախարարության դերը աշխարհասփյուռ հայության հետ կապերի ամրապնդման հարցում:

Ազգային ժողովի հանդիպմանը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդն ունի լուծման սպասող կամ լուծման ընթացք ապրող համազգային խնդիրներ, որոնց իրականացումը հնարավոր է հայության բոլոր հատվածների, այդ թվում` պետական, քաղաքական, կրոնական ու հասարակական կառույցների ջանքերի համատեղման միջոցով միայն:

Այդ առումով, ըստ նրա, հարկ է, որպեսզի առավել լիարժեք օգտագործվեն նաեւ երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների, մասնավորապես, ԼՂՀ խորհրդարանի հնարավորությունները: Իր հերթին` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ նախարարությունն իր ծրագրերի իրականացման գործում մեծապես ակնկալում է Արցախի պետական եւ ոչ պետական կառույցների աջակցությունը: ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի հետ հանդիպմանը քննարկվել են հնարավոր համագործակցության հարցեր: Հրանուշ Հակոբյանի խոսքով, սփյուռքի նախարարությունը մտադիր է Արցախն ընդգրկել իր բոլոր միջոցառումներում, այդ թվում` «Արի տուն» ծրագրում:

Արցախցի արվեստագետներն ու մշակութային գործիչները մասնակցելու են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հանձնախումբ ստեղծել, որը կձեւավորի փառատոնի արցախյան խումբը: Սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաեւ արցախյան համույթներին, ովքեր, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի տեղեկացմամբ, պատրաստվում են իրենց ելույթներով հանդես գալ Լիբանանում` ներկայացնելով Արցախի մշակույթը:

Հանդիպման ժամանակ սփյուռքի նախարարը պատրաստակամություն հայտնեց նաեւ աջակցել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ծրագրին:

Ըստ նրա, այդ նպատակով նախարարությունը կոչով կդիմի բոլոր մշակութային օջախներին` առաջարկելով մեկ համերգ, ցուցահանդես, ներկայացում նվիրել Ստեփանակերտի թատրոնին: Տեղեկատվական դաշտում նախատեսվող ծրագրերի մասին էլ խոսվեց. պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարի լրագրողների համաժողովի մեկնարկը տալ Ստեփանակերտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter