HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարտոֆի՞լ, թե՞ շաքարի ճակնդեղ. մշակե՞լ, թե՞ չմշակել

Երկու տարի է Շիրակի մարզի կարտոֆիլագործները դառը դատում, դատարկ նստում են: Ստացած բերքը երկրի ներսում չի իրացվում: Երկու տարի է ազատանցիները կարտոֆիլի իրացման խնդիր ունեն: Այս համայնքի բնակիչները մշակում են ոչ միայն իրենց հողատարածքները` 700-800 հա, այլեւ հարեւան համայնքներից վարձակալծ 400-500 հա հողերը:

2008 թ. ստացած բերքը փոքր սպառում ունեցավ, 2009-ին նույն գործին ձեռնամուխ եղան, որովհետեւ մեծ քանակությամբ սերմացու էր կուտակվել, չթափելու համար ցանեցին` հույս ունենալով, թե պետությունը կօժանդակի իրացման գործում: Սակայն անցած տարի պատկերն ավելի տխուր էր, բոլոր տեսակի խոչընդոտներին ավելացել էր համաշխարհային ճգնաժամը: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Շիրակի մարզի համայնքապետերին մարզխորհրդի նիստին խորհուրդ էր տվել կարտոֆիլը փոխարինել շաքարի ճակնդեղով. «Գործարանը կա, իրացման խնդիր չի լինի»,- ասել էր փոխվարչապետը: Սակայն շիրակցին դեռ չի կողմնորոշվում` այս գարնանը կրկին ցանի՞ գլխացավանք կարտոֆիլը, թե՞ այնուամենայնիվ ձեռնարկի շաքարի ճակնդեղի մշակումը, մեկ էլ տեսար օգուտով դուրս եկավ: «Ի՞նչ օգուտի մասին է խոսքը, եթե Ախուրյանի շաքարի գործարանը 1 կգ-ի դիմաց 20-25 դրամ է առաջարկում,- ասաց շաքարի ճակնդեղի մշակման առաջարկ ստացած Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը,- գարունն արդեն եկել է, բայց գյուղացին դեռ չի կողնորոշվում, թե ինչ է ցանելու, որովհետեւ մեր հաշվարկով` 25 դրամը ցածր գին է, գոնե պիտի 40 դրամ լինի, որ ձեռք տա: Խնդիրն այն է, որ մեր հողերը աղքատ են, դժվար թե շատ բերք ապահովեն, որ մենք էլ ապահով լինենք եւ իրենց առաջարկած գնով գործի մեջ մտնենք»: «Անցած տարվանից մեծ քանակությամբ կարտոֆիլի սերմացու է մնացել, եւ այլ շահավետ առաջարկ չստանալու դեպքում գյուղացին այն անպայման կցանի»,- վստահեցնում է Ազատանի համայնքապետը: Ախուրյանցիները նույն կերպ են մտածում: «Մեր մոտ էլ կարտոֆիլի ավելցուկ կա, ինչ վերաբերում է շաքարի ճակնդեղին, ապա գյուղացին դեռ կասկածում է դրա արդյունավետությանը,- ասում է Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը,- աշնանը պիտի կնքվեին պայմանագրերը ճակնդեղի մշակման համար, չեղան, հիմի պայմանագրերի օրինակներ տրամադրել են, բայց իմ կարծիքով գյուղացիական տնտեսությունների շատ քիչ տոկոսը կարձագանքի դրան: Իմ հաշվարկով` Ախուրյանի 450 հա ազատ տարածքի միայն կեսը կդրվի ճակնդեղի մշակության տակ»: Խորհրդային տարիներին Ախուրյանին պատկանող 1500 հա վարելահողերի 1/3-ը մշտապես շաքարի ճակնդեղի մշակման համար է օգտագործվել: Այդ տարիներին ճակնդեղի տնկումը, նոսրացումը, հավաքումը կատարվում էին ձեռքով: Ախուրյանի համայնքապետի ունեցած տեղեկություններով` այժմ, ի տարբերություն խորհրդային տարիների, ճակնդեղի մշակման մի քանի պրոցեսներ մեքենայացվելու են: «Եթե այդ խնդիրը լուծվի, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դուրս գա, գործարանի տնօրինությունը տրամադրի սերմացու, թունաքիմիկատ ու պարարտանյութ, այդ դեպքում 1կգ-ը 25 դրամով շաքարի ճակնդեղի մշակումը ձեռնտու կլինի գյուղացուն»,-հաշվարկներ է անում Արծրուն Իգիթյանը: «Հնարավոր է, որ այդ ամենը գործարանի տնօրինությունը տրամադրի, բայց եթե հետագայում էլ դրանք հետ գանձի գյուղացու ստացած շահույթից, ապա 25 դրամն ընդհանրապես ձեռք չի տալիս»,- խնդրին հակառակ կողմից է մոտենում Ազատանի համայնքապետը: 10 օր առաջ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանն ու շաքարի գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը հանդիպել են Ախուրյանի տարածաշրջանի համայնքապետերի հետ: Արեւիկ գյուղի ղեկավար Դավիթ Թումիկյանը հանդիպումից դուրս է եկել գոնե մի կես հա ճակնդեղ մշակելու հաստատ մտադրությամբ: «Ես 5 հա հող ունեմ, որ նախատեսել եմ կարտոֆիլ ցանել, բայց դե փորձի համար մի կես հա-ը ճակնդեղ կանեմ,- ասում է Դավիթ Թումիկյանը,- հանդիման վերջում մեզ պայմանագրերի օրինակներն էլ տրամադրեցին: Ես բազմացրել եւ գյուղացիներին բաժանել եմ: Արդեն 10 օր է անցել, բայց արձագանքող չկա: Մտածում եմ ես սկսեմ գործը, որ վաղը մյուս օրն էլ իմ գյուղացին կարողանա հստակ պատկերացում ունենալ, թե ինչ ռիսկի է ինքը գնում»: Համայնքապետի ներկայացմամբ` գյուղին պատկանող մշակման ենթակա 1000 հա հողատարածքներից 100 հա-ն ազատանցիներն ու մեղրաշենցիները վարձակալել եւ արդեն 3-րդ տարին է կարտոֆիլ են մշակում: Արեւիկից 5 հոգով 20 հա կարտոֆիլ են ցանել, միայն մեկն է ոչ թե վնաս կրել, այլ պարզապես շահույթ չի ունեցել: «Էդ մեկն էլ ես էի,- ծիծաղում է համայնքապետը,- ես միակն էի, որ անցած տարի ստացածս 25 տոննա կարտոֆիլն իրացրեցի ու 0-ով դուրս եկա, իսկ մյուս 4 գյուղացիները պարզապես տուժեցին: Ես էլ ինչպես եղավ, որ չտուժեցի, ուղղակի ի տարբերություն իրենց` լավ սերմ էի ցանել, բերք շատ էի ստացել ու դրա հաշվին ոչ թե շահեցի, այլ բախտս բերեց` չտուժեցի»: Ճակնդեղի մշակության հետ կապված գյուղացիների ունեցած վախը Դավիթ Թումիկյանն արդարացի է համարում: «Մարդիկ վախենում են ոչ թե բերքի չիրացվելուց, այլ նախատեսվածից շատ ավելի պակաս բերք ստանալուց,- բացատրում է Արեւիկի համայնքապետը,- խորհրդային տարիներին 1 հա-ից լավագույն դեպքում ստացել են 30 տոննա, հիմա գործարանի տերերն ասում են, թե մենք ձեզ բարձր բերքատվություն ապահովող սերմեր ենք տրամադրելու, էնպես որ դուք 1 հա-ից 50 տոննա կապահովեք: Բայց գյուղացու վախը հողին է վերաբերում: 20 տարի շարունակ մենք կալիումական պարարտանյութ չենք տվել, որ շատ կարեւոր է ճակնդեղի մշակության դեպքում: Մեր տվածը ազոտական պարարտանյութն է, որ բավարար է կարտոֆիլի մշակության դեպքում, գարու, ցորենի, բայց ոչ ճակնդեղի: Հողը աղքատ է, գյուղացու վախը դրանից է, կարող է գործատուի հաշվարկած բերքն ընդհանրապես չստացվի, ու արած ծախսերը դուրս գալուց հետո գյուղացուն տակը բան չմնա»: Տարիներ շարունակ բացակայել է ճիշտ ցանքաշրջանառությունը, մի բան, որին խստորեն հետեւում էին խորհրդային տարիներին` մշտապես փոփոխելով նույն հողատարածքներում տարբեր կուլտուրաների մշակումը: «Գյուղացու ունեցած հողակտորները փոքր են, դրանք նույն ուղղությամբ կվարեն, նույն ուղղությամբ կցանեն, նույն ուղությամբ կուլտիվացիա են անում, մի բան, որ անթույլատրելի է, դրան գումարած էլ` պարարտանյութ չի տա, այսինքն` տալը տալիս է, բայց մի տեսակի,- ասում է Դավիթ Թումիկյանը,- ես կարծում եմ, որ այս տարի ճակնդեղ մշակողներ կլինեն, բայց ոչ էն քանակով, որ ակնկալում են գործարանի տերերը: Ինչ-որ քանակով փորձնական ցանքս իրականացնողներ պիտի լինեն, որ վստահություն լինի, մարդիկ էլ ուզենան կարտոֆիլի մի մասը փոխարինել ճակնդեղով»: Ի դեպ, 2009 թ. Սարատակ գյուղում ճակնդեղի փորձնական մշակություն է կատարվել նորակառույց շաքարի գործարանի տրամադրած սերմերով: 6 հազար մետրի վրա մշակվել է երեք տեսակի շաքարի ճակնդեղ: Մշակությունն իրականացրած Գուրգեն Եղոյանը համայանքապետերին հավաստիացրել է, որ 65-ից մինչեւ 70 տոննա շաքարի ճակնդեղի բերք է հավաքել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter