HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես շուրջ 7 տարի որսորդությամբ չեմ զբաղվում, այլ ավելի շատ զբաղվում եմ բնության եւ վայրի կենդանիների պահպանությամբ»

Ընթերցողների հարցերին պատասխանում է Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը Քանի՞ վայրի խոզ ունեք եւ քանի՞ հեկտար տարածք Ձեր մարզում (անձնական տարածք):

2004 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ «Սաֆարի» հայ-իտալական կազմակերպությանը հատկացվել է շուրջ 2400 հա տարածք, որտեղ մենք զբաղվել ենք եւ շարունակում ենք զբաղվել վայրի կենդանիների, առանձնապես` վայրի խոզերի, բեզուարյան այծերի վերարտադրությամբ եւ պահպանությամբ: Պահպանվող վայրի կենդանիների գլխաքանակը հարյուրների է հասնում: Այդ տարածքներում կառուցել ենք նաեւ դիտարաններ: Համոզվելու համար, խնդրեմ, համեցեք դիտարան` հիանալու սարալանջին ազատ շրջող վայրի կենդանիներով: Դիտարանի հասցեն է` Վայոց ձորի մարզ, գյուղ Շատին: Ես իմ ծննդավայրում` Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում, ունեմ 1200 քմ տնամերձ հողամաս, կիսակառույց շենքով:

ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել եք, հիմա էլ ԲՀԿ անդամ եք: Խնդրում եմ նշեք, թե ՀՀԿ-ի հետ ի՞նչ գաղափարական անհամաձայնություններ են եղել, որ հիմա «Բարգավաճում» եք, եւ ընդհանրապես` ինչպիսի՞ խնդիրներ եւ գաղափարական անհամաձայնություններ կարող են առիթ լինել կուսակցությունից դուրս գալու եւ այլ կուսակցության մարզային խորհրդի նախագահ դառնալու համար: Ուղղակիորեն առնչվելով երկրի կուսակցություններին` խնդրում եմ նշեք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի որդեգրած գաղափարական ակնառու տարբերությունները, եւ այդ տարբերություններից հատկապես որո՞նց պատճառով է տեղի ունեցել անդամակցության փոփոխությունը:

Նախ սկսեմ ձեր երկրորդ հարցից: Ասեմ, որ ես ինձ համարում եմ երկրիս ու ծննդավայրիս հոգսերով ապրող մարդ, ով պատրաստ է ծառայել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Իսկ ծառայել հայրենիքին ես հասկանում եմ` ողջ ուժդ ու եռանդդ ներդնել երկրիդ տնտեսության զարգացման եւ բարօրության ապահովման գործում: Եվ եթե իմ արդյունավետ գործունեությունը ՀՀ ԱԺ-ում պայմանավորված է եղել ՀՀԿ -ին անդամակցությամբ, ես շատ հպարտ եմ դրա համար: Ու եթե երկրի իշխանությունները գնահատել են իմ բարձր պատասխանատվությունը ստանձնած գործի հանդեպ եւ հարմար են համարել, որ ես գործադիր իշխանության օղակում անելիք ունեմ իմ մարզում, քանզի մարզի խնդիրներին քաջատեղյակ եմ ու մտահոգ դրանց լուծման հարցերով: Ես էլ սիրով ստանձնել եմ Վայոց ձորի մարզպետի պարտականությունների կատարումը, որը պայմանավորված է կոալիցիա կազմած ԲՀԿ-ին անդամակցությամբ, դարձյալ հպարտորեն եմ անդամակցում: Նշեմ, որ մարզին առաջադրված խնդիրների լուծումն իրականացվել է արդյունավետ: Ինչ վերաբերում է ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների գաղափարական նմանությանն ու տարբերությանը, ասեմ, որ երկու կուսակցություններն էլ ազգային կուսակցություններ են, գաղափարական ընդհանուր հենքը նրանց համար Հայաստանի Հանրապետության առաջընթացն ու բարգավաճումն է, ինչը յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր նախանշած ճանապարհով: Համաձայնեք, որ տարբեր ճանապարհներով ավելի դյուրին է հասնել այն ընդհանուր ձեռքբերումներին, որոնք նպաստ կբերեն մեր երկրի ազատ, ինքնիշխան պետականության գոյությանն ու հետագա զարգացմանը:

Քանի՞ գյուղ, ավան եւ համայնք ունի Վայոց ձորի մարզը: Դրանց ղեկավարները ո՞ր կուսակցության անդամներ են, եւ քանի՞ համայնք ունի անկուսակցական ղեկավար:

Վայոց ձորի մարզն ունի 41 գյուղական եւ 3 քաղաքային համայնքներ: Նախ նշեմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական ու ընտրովի պաշտոն է, եւ համայնքների ղեկավարներին ընտրում են միայն տվյալ համայնքի բնակիչները: Ուստի, որեէ կուսակցության նրանց անդամակցությունը կարող է ունենալ զուտ որոշակի նշանակություն: Այն ավելի շատ պայմանավորված է համայնքի ղեկավարի աշխատանքով, փոքրաթիվ համայնքներում նույնիսկ ազգակցական կապերով եւ մի շարք այլ հանգամանքներով, որոնք կարող են բոլորովին առնչություն չունենալ այս կամ այն քաղաքական ուժին նրանց անդամակցության հետ: Իսկ ընդհանուր առմամբ Վայոց ձորի մարզի 44 համայնքների ղեկավարներից 7-ը անկուսակցականներ են, իսկ մյուսները մարզում գործող կոալիցիոն կուսակցությունների անդամներ են:

«Սաֆարի» ինտերնացիոնալ հայ-իտալական կազմակերպության մասնակից լինելով` խնդրում եմ տեղեկացնել, թե վերջին 3 տարում քանի՞որսորդ է ժամանել Հայաստան «Սաֆարիի» միջոցով եւ հատկապես ի՞նչ որսի են ձգտել արտերկրի քաղաքացիները Հայաստանում: Արդյո՞ք վերջին 3 տարում գիտական նպատակներով «Սաֆարիի» միջոցով կատարվել է որեւէ կենդանու որս: Եթե այո, ապա ի՞նչ կենդանիների:

Տարեկան 4-5 որսորդներ են եկել եւ ՀՀ օրենքներով սահմանված կարգով զբաղվել են կաքավի որսով, իսկ 2009 թ. ընդհանրապես որսորդ-այցելու չի եղել: Վերջին 3 տարիների ընթացքում, գիտական նպատակներով, «Սաֆարիի» միջոցով վայրի կենդանու որս չի արվել: Նշեմ նաեւ, որ իր գործունեության 6-7 տարիների ընթացքում «Սաֆարիի» ջանքերի շնորհիվ աննախադեպ ավելացել է վայրի կենդանիների գլխաքանակը, նույնիսկ «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծերը հաշվվում են` 500 եւ ավելի: Եվ մենք դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարություն` տարածքը կիսաազատ ճանաչելու եւ հաղթանշանային որս կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Նախատեսվում են նաեւ էկոտուրիզմի ու ագրոտուրիզմի ծրագրեր:

Սաթի - Ջերմուկը որպես քաղաք ունի երկու երես` երկու ափ: Աջը ծառայում է տուրիստների եւ հանգստացողների համար, ձախը` նրանց սպասարկող անձնակազմի, հիմնականում ջերմուկցիների համար: Այդ թաղամասի թշվառությունը երկար կմտապահեմ` հին ու մռայլ շենքեր ու քամի, քամի: Մշակույթի ոչ մի օջախ, ոչ մի առողջ զբաղմունքի հնարավորություն: Բացի ճոպանուղու կառուցումը, որ նրանց գրպանի համար չէ: Հենց բնիկ ջերմուկցիների համար ի՞նչ ծրագրեր եք իրականացնում, եթե, իհարկե, իրականացնում եք: Նաեւ նշեմ, որ Ձեր մարզում աղանդավորությունն ուղղակի վխտում է, հոգեւոր գրագիտությունը կարծես ետին պլանում է: Ձեր պարզաբանումն եմ ակնկալում նաեւ այս հարցի կապակցությամբ:

Հարգելի Սաթի, պատասխանելով Ձեր հարցի առաջին մասին` ուզում եմ ասել, որ Ջերմուկ քաղաքի ձախ ափում կառուցված բազմաբնակարան շենքերն ավելի թարմ տեսք ունեն եւ կառուցվել են ավելի ուշ, քան աջ ափի շենքերը, այնպես որ երկու ափերի բնակարանների վիճակի միջեւ զանազանություն չկա: Մնացած խնդիրների լուծումը պայմանավորված է Ջերմուկ քաղաքի` որպես զբոսաշրջության կենտրոնի զարգացման ծրագրով: Իսկ այդ ծրագրի մասին երկրի ղեկավարները հայտարարել են 2008 թվականին, որի առաջին փուլի աշխատանքները հիմնականում ավարտվել են: Նշեմ, որ զարգացման ծրագրի շրջանակում կառուցվել է բնապահպանական կարեւոր նշանակություն ունեցող Ջերմուկ քաղաքի կոյուղատարների եւ այլ խողովակաշարերի ջրերի մաքրման կայանը, որով լուծվել է դեպի Սեւան գնացող ջրի անվտանգության խնդիրը: Ինչ վերաբերում է աղանդավորության աճին, նշեմ, որ այդ երեւույթը հատուկ է անցումային տնտեսություն ունեցող բոլոր երկրներին` պայմանավորված տնտեսական դժվարություններով, եւ որպես կանոն` տնտեսության զարգացմանը համընթաց աղանդավորությունը ետընթաց է ապրում: Թույլ տվեք չհամաձայնել մարզում տիրող հոգեւոր գրագիտության մասին Ձեր կարծիքին, քանզի Սյունյաց թեմի Եղեգնաձորի առաջնորդարանը երիտասարդության շրջանում շարունակաբար կազմակերպում է ուսումնական ու ճանաչողական ծրագրեր: Գործում են մարզի եկեղեցիները, որոնցում հաճախելիությունը բավականին բարձր է: Մատուցվում է ամենշաբաթյա պատարագ: Ամուսնական զույգերի ճնշող մեծամասնությունը ստանում է եկեղեցու օրհնությունը: Հոգեւորականների կողմից կատարվում են օջախների նորամուտի օրհնություններ, հուղարկավորություններ: Մարզի բոլոր դպրոցներում դասավանդվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան:

Անահիտ - Քանի՞ հէկ կա Վայոց ձորում: Ի՞նչ բիզնես ունեք: Ճի՞շտ է, որ դուք հաճախ եք որսի գնում Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Վայոց ձորում կա 6 գործող ՀէԿ: «Սաֆարի ինտերնացիոնալ» ՀՁ ՍՊԸ-ի եւ «Երեւանի 4-րդ հացի գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերից եմ: Ես շուրջ 7 տարի որսորդությամբ չեմ զբաղվում, այլ ավելի շատ զբաղվում եմ բնության եւ վայրի կենդանիների վերարտադրությամբ եւ պահպանությամբ:

Կարապետ - Ճի՞շտ է, որ Ձեր մականունը Ուշուզդորի Վարդգես է: 1999-ին ինչո՞ւ Գագիկ Աբրահամյանը հանեց իր թեկնածությունը Վայոց ձորում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ: Ի՞նչ բիզնես կապեր ունեիք այն ժամանակ Վազգեն Սարգսյանի հետ: Հարցի առաջին մասը ոչ կոռեկտ է եւ իրականությանը չհամապատասխանող, ուստի թողնում եմ անպատասխան: Ինչ վերաբերում է Գագիկ Աբրահամյանի կողմից թեկնածությունը հանելու խնդրին, ապա ասեմ, որ Գագիկ Աբրահամյանն իր թեկնածությունը չի հանել, այլ բավարար ձայներ չի ստացել պատգամավոր դառնալու համար: Իսկ լուսահոգի Վազգեն Սարգսյանը միայն իմ զինակից ընկերն է եղել:

Արսեն - Ճգնաժամից ինչպե՞ս են տուժել մարզի ձեռնարկությունները: Քանի՞ ձեռնարկություն է փակվել, եւ քանի՞ մարդ է արդյունքում դարձել գործազուրկ: Մարզում հակաճգնաժամային ի՞նչ քայլեր եք ձեռնարկել Դուք եւ Կառավարությունը: Քանի՞ ձեռնարկություն է վարկ ստացել:

Համաշխարհային ճգնաժամը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր մարզում: Նախկինում գործող ձեռնարկությունները շարունակում են գործել, սակայն` արտադրության կրճատված ծավալներով: ՀՀ Կառավարության հանձնարարությամբ կազմել ենք մարզի զարգացման քառամյա ծրագիրը, որտեղ ներկայացված են նաեւ ճգնաժամի թողած հետեւանքների վերացման խնդիրների հնարավոր լուծումները: Ծրագրի իրականացումը կապահովի մեր տարածքի համաչափ զարգացումը: Նշեմ, որ 2008 թվականին մարզից ՀՀ Կառավարություն վարկավորման նպատակով ներկայացվել է 12 ծրագիր, եւ Կառավարության օժանդակությամբ արտադրական վարկ են ստացել «Վայք Գրուպ» ՓԲԸ-ն եւ «Գոլդեն Գոութ» ՍՊԸ-ն: Դեռեւս քննարկման փուլում են այդ ծրագրերից 6-7-ը:

Նարինե - Մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Ի՞նչ ծրագրեր ունեն մարզպետն ու Կառավարությունը երիտասարդներին գյուղում պահելու եւ նրանց օգնելու համար: Կա՞ն կոնկրետ ծրագրեր:

Մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար ՀՀ Կառավարության կողմից սահմանվել են արտոնություններ: Նախատեսվում են նշված համայնքներում փոքր ձեռնարկությունների ստեղծման ծրագրեր: Հիմնանորոգվել են այդ համայնքների դպրոցներն ու վերանորոգվել մի քանի համայնքների մշակույթի տները: Նորոգվել են դեպի այդ համայնքները տանող ավտոճանապարհները: Հնարավորության դեպքում մենք ապահովում ենք սահմանամերձ գյուղերի երիտասարդների մասնակցությունը մարզում իրականացվող մշակութային, սպորտային եւ այլ երիտասարդական միջոցառումներին:

Տնտեսագետ - ՀՀ Կառավարությունը ի գիտություն է ընդունել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը: Ի՞նչ կարծիք ունեք այդ կապակցությամբ: Դուք կո՞ղմ եք համայնքների խոշորոցմանը:

Մենք կողմ ենք համայնքների խոշորացմանը եւ միջհամայնքային միավորումների ձեւավորմանը: Սակայն, դա բարդ խնդիր է, որի իրականացումը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն:

Կորյուն - Ասեք, խնդրում եմ, թե մարզում ի՞նչ կոնկրետ հատկացումներ են արվում սոցիալապես անապահով խավին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար: Այդ առումով ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար:

Մարզում գործում է «Ընտանեկան նպաստ» համակարգը, որտեղ ընդգրկված են շուրջ 2200 ընտանիքներ, որոնց տարեկան հատկացվում է 565.2 մլն դրամ գումար: Նպաստային համակարգից դուրս մնացած 156 ընտանիքի տրվում է հրատապ օգնություն: 2009 թ. սոցիալապես խոցելի 766 քաղաքացիները մարզպետի մոտ կայացած ընդունելության ժամանակ օգտվել են «Այլ նպաստներ բյուջեից» մարզին հատկացված դրամական օգնությունից: Նշված ծրագրերը իրականացվելու են նաեւ 2010 թվականին: Աշխատանքներ են տարվում մարզում գործող ՀԿ- ների միջոցով հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter