HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մեր երկրում ամբողջը փակուղի է, առեւտրի շղթան չի գործում»

Աշտարակցի Յուրիկ Բոցինյանը 1990-ականների սկզբին ընտանիքով մեկնել է Վիլնյուս` աղջկա մոտ: 1996-ին ընտանիքը ետ է վերադարձել: Աշտարակում հիմնել է «Կարենո» ՍՊԸ-ն ու զբաղվել հագուստի արտադրությամբ: «Նոր տեխնոլոգիաներ էինք կիրառում, բոլոր մասնագետները եկան ինձ մոտ ու սկսեցինք արտադրանք տալ:

Սկզբում Աշտարակի կենցաղի տանն ենք աշխատել: 40 աշխատող ունեինք: Շուկայում տեղ ունեինք, մեր հագուստները լավ վաճառվում էին, ահագին առաջ գնացինք: Վաճառքից գումար էր գալիս, այդ գումարը դնում էինք շրջանառության մեջ: Ամեն ինչ լավ էր»,- պատմում է Յու. Բոցինյանը: Գործունեության սկզբնական տարիներին ձեռնարկությունը շահույթով էր աշխատում: Կարողանում էր մեծ քանակությամբ հումք գնել եւ արտադրություն կազմակերպել: «1999 թ.-ից հետո սկսեցինք խեղճանալ ու հիմա արդեն տապալվում ենք: Թե ով է մեղավոր, ով մեղավոր չի` թող վերեւները մտածեն»,- ասում է «Կարենո» ՍՊԸ-ի տնօրենը: Յուրա Բոցինյանն իր բիզնեսի տապալումն առաջին հերթին պայմանավորում է պետության վարած հարկային քաղաքականությամբ, ինչից տուժում են հիմնականում հայրենական արտադրողները, շահում` ներկրողները: Ըստ նրա` ՍՊԸ-ի վիճակն ավելի վատացավ հատկապես ճգնաժամի պատճառով: Նախկինում ունեցած 40 աշխատակիցներից այսօր «Կարենո» ՍՊԸ-ում աշխատում է ընդամենը 3 մարդ: Յու. Բոցինյանն ասում է, որ հիմա կարի արտադրամասն աշխատացնում են «թասիբից» դրդված: Ու թեեւ վնասով են աշխատում, չեն ուզում այն փակել: «Անունով են ասում, որ սահմանի վրա պատրաստի հագուստի կիլոգրամի մաքսավճարը թանկացել է: Բերողն առանց մաքսային հարկը վճարելու էլի բերելու է, մաքսավճարի բարձրացումը վերաբերում է ընդամենը մի քանի հոգու: Ես որ հիմա գնամ ապրանք բերեմ, այնքան հարկ կուզեն, որ չեմ իմանա, թե ինչ անեմ: Ես էլ եմ մտածում, որ պատրաստի ապրանք բերելն ինձ ձեռք կտա, բայց մենք այդ քայլին չենք դիմի: Առաջինը ես ինձ թույլ չեմ տա, որ դրսինը բերեմ: Ինչի ես վա՞տ եմ արտադրում, որ դրսինը բերեմ: Մի 10 հոգուց սահմանի վրա մաքսահարկը կվերցնեն, մեկն էլ ֆուռերով կբերի, հարկ չի տա ու շուկան կողողի իր ապրանքներով, ոնց որ հիմա է: Մենք էլ դրա համար սկում ենք: Ո՞ւմ բողոքես` ոչ մեկին, որովհետեւ ձեւը դա է, որ տեղում չարտադրվի: Դուք գիտեք արդեն, թե ովքեր են դրսից կոնտեյներով անորակ ու էժան ապրանք բերում, էլ ի՞նչ ասեմ»,- ասում է ՍՊԸ-ի տնօրենը: Յու. Բոցինյանը հավաստիացնում է, որ Հայաստանում արտադրվող ապրանքն իր որակական հատկանիշներով չի զիջում դրսից ներկրված ապրանքին: Կարի արտադրամասի տնօրենը դժգոհեց նաեւ, որ բանկերն իրենց ցածր տոկոսադրույքով վարկեր չեն տալիս: Ամենամատչելի վարկը, որ Յու. Բոցինյանին առաջարկել են, տարեկան 22% տոկոսադրույքով վարկն է: «Եթե 22 տոկոսով վարկ վերցնեմ, մինչեւ դա ներդնեմ կտորի մեջ, արտադրանք տամ ու վաճառեմ, իմ վրա այդ վարկը նստելու է 70 տոկոս: Այսինքն` չաշխատեմ ավելի օգուտ է, քան վարկ վերցնեմ: Բանկը պետք է ցածր տոկոսներով վարկ տա, որ կարողանանք աշխատել, եկամուտ ստանալ ու իր գումարները փակել»,- ասում է Յու. Բոցինյանը: Նա որոշել է ռիսկի գնալ ու բանկից վարկ վերցնել: Վարկի գումարը ծախսելու է նոր սարքավորումներ գնելու համար: Նա ասաց, որ հանրապետությունում չկա մի կազմակերպություն կամ պետական մարմին, որ օգնի իրենց ոտքի կանգնել: «Օգնության խնդրանքով դիմե՞լ եք Կառավարությանը» հարցին «Կարենո» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանեց. «Կառավարությանն ի՞նչ առաջարկություն ներկայացնեմ: Հենա թերթերը կարդում, տեսնում ենք, էլի, թե ինչ են անում: Որ ներկայացնեմ էլ` ոչ մի բան չի փոխվելու: Հիմա 3 հարկանի շենք ունեմ, ամենաքիչը պետք է 60 աշխատող ունենայի, բայց 2-3 աշխատողով ենք մնացել: Հարկային քաղաքականությունը եթե չփոխվի, ոչ մի բան էլ չի փոխվի: Ներքեւի ժողովուրդը ոչինչ չի կարող փոխել, մենք փոքր մարդիկ ենք: Մեր երկրում ամբողջը փակուղի է, առեւտրի շղթան չի գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter