HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ընտրյալները». Հրանտ Գրիգորյան

«Հետքը» սկսում է ներկայացնել ԱԺ պատգամավորներին: Կներկայացնենք ինչպես նրանց օրինաստեղծ, այնպես էլ բիզնես գործունեությունը, ընտրողների հետ նրանց աշխատանքը:

Ուղիղ մեկ ամիս շարունակ Հետքի թղթակից Նատաշա Հարությունյանը փորձում է հարցազրույց անցկացնել ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հետ: Հ. Գրիգորյանը երբեք ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից, Հետքի թղթակցին մի անգամ ասաց, որ ինքը հարցազրույցներ էլ չի տալիս: Ըստ երեւույթին, պատգամավորներից շատերը այդպես էլ չեն հասկացել, թե որն է իրենց դերը: ԱԺ-ում սենյակ ու աթոռ ունենալը նրանց երազանքի գագաթնակետն է եւ բիզնեսի երաշխիքը»: Մենք ներկայացնելու ենք նրանց այնպես, ինչպես կան: (Որպեսզի խուսափենք ենթադրություններից եւ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, պատգամավորներին խնդրում ենք հանդիպել մեր լրագրողներին): «Հետքի» նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Կառավարության 2008 թ. սեպտեմբերի 4-ի N1065-Ն որոշմանը, որով հաստատվել է «Պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրապարակման ենթակա տվյալները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու» կարգը: Նշենք, որ Կառավարությունը նոր որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց 2002 թ. ապրիլի 1-ի «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց` օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքների ձեւերը եւ դրանց կարգը հաստատելու մասին» N304 որոշումը: Նշել էինք, որ նոր որոշման համաձայն` այս տարվա հունվարի 1-ից այլեւս ԶԼՄ-ներին չեն տրամադրվում պաշտոնյային փոխկապակցված անձի, ասենք` ամուսնու կամ տիկնոջ հայտարարագրերից տեղեկանքներ: Չեն տրամադրվում նաեւ տարվա ընթացքում ձեռք բերված շենք-շինությունների, հողամասերի չափերը: Բացի այդ, նախկինում ամեն անգամ հայտարարագրից տրամադրում էին պաշտոնյայի ունեցվածքի մասին տեղեկություններ: Այժմ տրամադրվում են տեղեկություններ միայն դրամական եկամուտների ու տարվա ընթացքում ձեռք բերված կամ օտարված շարժական եւ անշարժ գույքի մասին: Պետեկամուտների կոմիտեից (ՊԵԿ) «Հետքին» պատասխանել էին, որ ի տարբերություն «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի, որի նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումն էր, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք), բացի վերը նշված նպատակից, հետապնդում է նաեւ հարկման նպատակ: Հայտարարագիր են ներկայացնում ոչ միայն պաշտոնատար անձինք, այլ նաեւ որոշակի խումբ ֆիզիկական անձինք, այդ թվում` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն եկամտահարկի մասին հաշվարկ ներկայացնողները: Հաշվի առնելով, որ ավելանում է հայտարարագիր ներկայացնողների խումբը` ի թիվս ֆիզիկական անձանց, հայտարարագիրը ծառայելու է նաեւ հարկման նպատակով, իսկ հարկման համար անհրաժեշտ է ունենալ տվյալներ ոչ թե գույքի առկայության, այլ գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ: Օրենքով սահմանվել է հայտարարագրել տարվա ընթացքում ձեռքբերված կամ օտարված գույքը: Թեեւ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրությամբ, սակայն ԱԺ պատգամավորների մեծ մասը շարունակում է բիզնեսով զբաղվել եւ այն չհայտարարագրել: «Հետք» 

 

Էջմիածնում, ԱԺ-ում, Կառավարությունում բոլորը գիտեն, որ թիվ 20 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված ԱԺ պատգամավոր ՀՀԿ անդամ Հրանտ Գրիգորյանը բիզնես ունի եւ մեծ եկամուտներ է ստանում: Սակայն 2008 թվականի հայտարարագրից պարզվում է, որ նա տարվա ընթացքում որեւէ գործարք չի կատարել եւ որեւէ գույք չունենալով` կուտակել է 184 մլն 327 հազար 30 դրամ ֆինանսական եկամուտ:

Ըստ հայտարարագրի` պատգամավորը տարվա ընթացքում ձեռք չի բերել ոչ անշարժ, ոչ էլ շարժական գույք: Գույքի օտարում էլ տեղի չի ունեցել, սակայն եկամուտ է գոյացել: ԱԺ հաշվապահությունից «Հետքին» փոխանցեցին, որ ԱԺ-ի պատգամավորը ամսական ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ: Ստացվում է, որ Հրանտ Գրիգորյանը պետք է ունենար տարեկան 3 մլն 600 հազար դրամ եկամուտ, որն իր աշխատավարձն է: Փոխարենը, առանց ձեռնարկատիրությամբ «զբաղվելու», պատգամավորն ունի իր տարեկան աշխատավարձը մոտ 51 անգամ գերազանցող եկամուտ: Թեեւ հայտարարագրում նշված չէ, սակայն Հրանտ Գրիգորյանին է պատկանում «Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը սպասարկում է Էջմիածնի տարածքի բոլոր գյուղերի տրանսպորտային երթուղիները, ինչպես նաեւ Երեւան-Էջմիածին երթուղին: Հ. Գրիգորյանին է պատկանում ԲՈՒԱՏ-ի հարեւանությամբ գտնվող ավտոգազալցակայանը, դիմացի մայթին գտնվող «Գոլդեն Սիթի» հյուրանոցային համալիրը, դրա հարեւանությամբ տեղակայված խանութն ու 2009 թվականի վերջերին կառուցված «Գոլդեն Սիթի» ռեստորանը (Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի սկզբնամասում):

Մեր տեղեկություններով` պատգամավորն իր ծննդավայր Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի մի քանի հեկտար վարելահող: Քանի որ Արշալույսի համայնքապետը պատգամավորի եղբայրն է, մեզ չհաջողվեց պարզել Հրանտ Գրիգորյանին պատկանող հողերի չափը: ՊԵԿ-ից հարցրել էինք, թե «որքանո՞վ է հավաստի պաշտոնյայի ներկայացրած հայտարարագիրը, արդյոք ստուգվու՞մ է դրա հավաստիությունը, եւ ո՞վ է ստուգում»: Հարցին պատասխանել էին, թե օրենքի պահանջների կատարման նկատմամբ հuկողությունն իրականացնում է հարկային մարմինը` «հսկողության վերաբերյալ օրենք ընդունելու դեպքում»: Այսինքն` այս պահին չկա մի պետական մարմին, ներառյալ հարկային մարմինը, որը կստուգի, թե ինչքան գույք կամ ֆինանսական միջոցներ է թաքցրել հայտարարագիր ներկայացնող քաղաքացին, առավել եւս` պաշտոնյան: Այս դեպքում իզուր է Կառավարությունը շտապել նոր օրենք ընդունել, քանի որ նոր հայտարարագրի ձեւն իրականում չի հետապնդում «հարկման նպատակ»:

Ընդհակառակը` հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներին հնարավորություն է տալիս խուսափել իր եկամուտներն ամբողջությամբ հայտարարագրել, մանավանդ, որ ստուգող մարմին էլ չկա: Արմավիրի մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ` Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը հողատարածքներ ունի մարզի Արշալույս, Սամաղար, Հայթաղ, Ակնալիճ, Գեղակերտ համայնքներում: Նույն աղբյուրի տեղեկացմամբ` հողերի մեծ մասը ձեւակերպված է պատգամավորի եղբոր` Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի անունով կամ ընդհանրապես անվանափոխված չէ, եւ թղթերում այդ հողերը նախկին սեփականատերերի անուններով են:

Օրինակ` Գեղակերտի համայնքապետ Սերյոժա Առաքելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը իրենց գյուղում հողակտորներ չունի, բայց նրա եղբայրը` Զ. Գրիգորյանը, 1 հա 4000քմ հողատարածք ունի: Թե ինչո՞վ է զբաղված պատգամավորը խորհրդարանում, առեղծված է մնում. ոչ ինքը, ոչ նրա որեւէ գործընկեր չուզեցին խոսել այդ մասին: Հանդիպու՞մ է նա ընտրողների հետ` անհնար է պարզել, քանի որ մեր հացումներով թիվ 20 ընտրատարածքում չենք կարողացել գտնել մի ընտրողի, որն ինչ-որ խնդրով հանդիպեր պատգամավորին: Իսկ պետեկամուտների կոմիտեից այդպես էլ չենք կարողանում ստանալ մեր հարցերի պատասխանները` որքան հարկեր են վճարել պատգամավորին պատկանող ձեռնարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter