HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ալեքսանդրովսկի փողոցն ու նրա հայտնի-անհայտ մարդիկ

«Քյալ» Դավթի Մկրտիչ որդու տոհմի պատմությունը

Գյումրեցի Քյալ Դավիթենց Մկրտչի տոհմական տունը երկու հասցե ունի` Աբովյան 163 եւ Տերյան 83, երկու գլխավոր շքամուտք: Տունն անկյունային է: Գտնվում է Աբովյան-Տերյան փողոցների հատման կետում: Փողոցով անցնող մի տատիկ տեսնելով, որ պտտվում եմ տան շուրջը` չիմանալով որ դուռը թակել, հուշեց. «Պիտի Տերյան փողոցի կողմի դարպասը ծեծես, էս դռները չեն բացվում, եթե աղջիկը տանն է, կբացի, մայրն անցյալ տարի մահացավ, Աստղիկը մենակ է մնացել»:

Դարպասը ծեծելուց հետո լսում եմ շան հաչոց եւ տանտիրուհու ձայնը, որ խնդրում է սպասել, մինչեւ ինքը կմոտենա: Տիկին Աստղիկը ձեռնափայտով է, դժվարությամբ է քայլում, դա է պատճառը, որ ուշացումով է բացում բակի երկաթյա դարպասն ու իմանալով այցիս նպատակը` ներս հրավիրում: Թեեւ տունը մեկ հարկանի է, սակայն բավական բարձր է գետնից` մեկ մետր բարձրություն ունեցող նկուղային հարկի շնորհիվ: Բակի կողմից տուն մուտք գործելու համար հարկ է լինում բարձրանալ աստիճաններով: Միաժամանակ հիանում եմ փայտե զարդանախշ պատշգամբով: Տեսնելով հայացքս` տիկին Աստղիկը շտապում է տեղեկացնել. «Պապս Սարիղամիշից բերած փետով է սարքել տվել»: Քյալ Դավթի տոհմական պատմությունն ու դրան առնչվող մասունքները հիմնականում պահպանվում են տիկին Աստղիկի մոտ` Դավթի Մկրտիչ որդու թոռնուհու: Նախ ուզում եմ պարզել տոհմապետի մականվան ծագումնաբանությունը:

«Ճիշտն ասած` չգիտեմ, կուզեք մի գրեք,- խնդրում է Աստղիկը,- գրեք Մկրտչյան Դավթի տոհմը»: «Բայց այդպես ոչ ոք չի իմանա, թե ում մասին է խոսքը,- ասում եմ,- չէ՞ որ Գյումրիում որեւէ մեկին ճանաչելու համար բավական է իմանալ մականունն ու թաղը: Եթե չգրեմ «Քյալ Դավիթ», անգամ գյումրեցիք կտարակուսեն, թե Մկրտչյաններից ում մասին է խոսքը»: Որոշում եմ մականվան հետ կապված տեղեկությունները ճշտել հարեւաններից: «Երեւի քյալ-քյալ մի բան արել է, որ անուն են կպցրել, հաստատ մի միամիտ բան էդ մարդն արած է եղել, ու էնպիսի բան, որ քաղքի բերանն է ընկել»,- իմ հարցին ի պատասխան` ծիծաղում է Մկրտչյանների հարեւան դարբին Գագիկը: «Քյալ» գյումրեցու լեզվում նշանակում է «խակ», «չհասած»: «Քյալ» Դավիթը հայտնի «մանուֆակտուրիստ» է եղել: Կարծում եմ` տիկին Աստղիկը գիտեր մականվան հետ կապված իրական պատմությունը, սակայն չուզեց ասել: «Քյալ» Դավթի գերդաստանը 1890-ականների ջարդերի ժամանակ Ալեքսանդրապոլ է գաղթել Էրզրումից: Աստղիկի պապը` Մկրտիչը, Դավթի երկրորդ զավակն է:

Դավիթն ունեցել է 6 արու զավակ` Կարոն, Մկրտիչը, Սերգոն, Հակոբը, Հովհաննեսը եւ Գագիկը: Տղաներից միայն երեքն են ամուսնացել եւ սերունդ թողել իրենցից հետո: Տղաներից Հակոբը մահացել է բանտում` տուբերկուլյոզից, Հովհաննեսը մեկ շաբաթվա ամուսնացած է եղել եւ մահացել է երկաթգծի կայարանում տեղի ունեցած պայթյունից: Փոքր տղան էլ` Գագիկը, մահացել է տիֆից: Տիկին Աստղիկը Մկրտչի շառավիղներից է: Մկրտիչը պսակվել է 1906 թ.` կնության առնելով Գյումրիում հայտնի Մարանջյանների տոհմից Շուշանիկ Գեւորգի Մարանջյանին: 1907 թ., Մկրտչի պնդմամբ, ողջ տոհմն իր ամուսնության առթիվ լուսանկարվել է: «Ուզեցել է, որպեսզի տոհմի բոլոր անդամներն անմահանան,- պատմում է տիկին Աստղիկը,- էս լուսանկարում Դավիթ պապը չկա, բայց մեծ մամը, այսինքն` իրա կինը, դեռ կենդանի էր ու նկարվել է: Էս բոլոր նկարները, որ իմ մոտ կան, ճանաչված «ֆոտոգրաֆներ» Լալայանցների կողմից է արված»: Մկրտչյանները Գյումրիում ճանաչված դերձակներ ու ոսկերիչներ են եղել: Մկրտիչ Մկրտչյանը ոսկերիչ է եղել, եղբայրը` Սերգոն, դերձակ, վերջինիս կոչել են «թարզի Սերգո», այսինքն` դերձակ Սերգո: Ամուսնանալուց հետո, մինչեւ արու զավակի լույս աշխարհ գալը, Մկրտիչը կնոջ եւ երկու դուստրերի հետ ապրել է մեծ եղբոր` Կարոյի տանը: Երբ ծնվել է Հակոբը, 1919 թ. Մկրտիչը որոշել է ընտանիքով առանձնանալ եւ գնել է մեծահարուստ, գարեջրի գործարանատեր Ծաղկենց Համազասպին պատկանող «անկյալանոցի»` բարեգործական հիվանդանոցի շենքը, որն այդ ժամանակ արդեն իր նպատակին չէր ծառայում: «Փաստորեն, պապս մենակ տան պատերն է առել: Մեծ, երկար սրահ է եղել` իրարից կամարներով անջատված, սենյակներն իրար մեջ են բացվել: Հետո պապս դրանք կառուցել, նորմալ սենյակներ է դարձրել, ստացվել է 12 սենյակ ու մի մեծ հյուրասենյակ,- պատմում է տիկին Աստղիկը,- պատշգամբն էլ է հետո կառուցվել: Առաստաղն ու փայտե ճաղաշարը Սարիղամիշի փայտից է, ուստա Կոստան է գործն արել»: Քանի որ երկրորդ հարկի առկայությունն այն տարիներին տվյալ տան տիրոջ բարեկեցության ու դիրքի մասին էր վկայում, ապա Մկրտիչ Մկրտչյանը եւս ցանկացել է մեկ հարկ ավելացնել, սակայն մասնագետները խորհուրդ չեն տվել` հաշվի առնելով, որ քաղաքը երկրաշարժի գոտում է: «Առանց էդ էլ էս տան պատերը 4մ 30 սմ է գետնից: Պապս վերանորոգումը վերջացրել է 1923-24 թթ., 26 թ. երկրաշարժին պատերը փողոցի կողմից ճաք են տվել, իսկ 88-ի երկրաշարժին էդ ճաքը լրիվ բացվեց, ու հիմի տունը 4-րդ կարգի վթարայնություն ունի: Դե պատկերացրեք ինչ կլիներ, եթե 2-րդ հարկ ունենար»,- ասում է տիկին Աստղիկը: Ամենայն հավանականությամբ, մեծ տան գաղափարն այն ժամանակ կապված էր շատ զավակներ ունենալու հետ: Մկրտչի ընտանիքն, իրոք, բազմազավակ էր` մեկ տղա եւ 5 աղջիկ: Վերջին երկու դուստրերը երկվորյակներ էին, իսկ նրանց անունները` Նվարդ եւ Զվարթ, առաջարկել է Վահան Չերազը: Վերջինս այդ տարիներին գտնվում էր Ալեքպոլում, ամերիկյան որբանոցների կազմակերպման հարցերով էր զբաղվում եւ ապրում էր Մկրտչյանների տանը: Մեկ ամիս առաջ տիկին Աստղիկին այցելել է Վահան Չերազի դուստրը` Բյուրակնը, ցանկանալով տեսնել այն տունը, որտեղ ինքը ծնվել է: Բարի, հյուրասեր ու հյուրընկալ մարդ է եղել Մկրտիչը: 1937 թ. Մկրտչին աքսորել են` պատճառաբանելով, թե կրոնական գաղափարներ է տարածում: «Տատս է պատմել, որ էդ թվին եկեղեցականները պապիս առաջարկել են մեռոնի քավոր կանգնել: Պապս չի մերժել: Եկեղեցական արարողությունից հետո կրոնավորներին տուն է հրավիրել` հյուրասիրելու նպատակով: Տատս կպատմեր, որ 10-15 հոգի «սեւ պոպոզավորներ» են եկել, այսինքն` քահանաներ: Կերել-խմել, գնացել են, դրանից հետո պապիս բռնել են: Էդ ժամանակներից մեր ազգում քահանաներին չեն սիրե, իրանց պատճառով պապիս սպանել են»,- պատմում է տիկին Աստղիկը: Ընտանիքին տեղեկացրել են, որ Մկրտչին աքսորել են, սակայն իրենք հետո իմացել են, որ պապը աքսորավայր չի հասել: Բանտ նետված եւս մի քանի «ազգի թշնամիների հետ» գնդակահարվել է Հայկավան գյուղի մոտ: Հետագայում, Ստալինի մահից հետո, Աստղիկի պապին հետմահու արդարացրել են: Մկրտչի բռնվելուց հետո նրա կնոջը եւ երեխաներին տեղական իշխանություններն առաջարկել են հեռանալ մի այնպիսի բնակավայր, որտեղ հարազատներ ունեն: Շուշան տատը, վերցնելով երեխաներին, տեղափոխվել է Երեւան, իսկ նրանց տունը զավթել է քաղաքի դատախազը: Մեկ տարի անց Մկրտչյանների ընտանիքը վերադարձել է Գյումրի եւ բարեկամների խորհրդով տեղավորվել տան բակում գտնվող խորդանոցում, որը բոլշեւիկները «Կարմիր անկյուն»-ի էին վերածել: Երկարատեւ բողոքներից ու տարբեր ատյաններ ուղղված նամակներից հետո, ի վերջո, տունը վերադարձրել են Մկրտչյանների ընտանիքին, իսկ հարեւանությամբ գտնվող Մկրտչյանների սեփականություն հանդիսացող խանութները պետականացվել են: Մկրտչի Հակոբ որդին` Աստղիկի քեռին, դեռ հոր կենդանության օրոք, Վահան Չերազի ու նրա կնոջ խորհրդով մեկնել է Երեւան` ուսանելու Մանկավարժական ինստիտուտում: Փայլուն կերպով ավարտելով բանասիրական ֆակուլտետը, այնուհետեւ ասպիրանտուրան` դիպլոմային պաշտպանությանը ներկա Ավ. Իսահակյանից նվեր է ստացել ժամացույց: Հակոբ Մկրտչյանը «Կարնո բարբառ» եւ մի շարք այլ աշխատությունների ու գրքերի հեղինակ է: Ապրել եւ մահացել է Երեւանում: Իսկ Մկրտչի տոհմական տանը, Շուշան տատի հետ միասին, ապրել են նրա ամուսնացած աղջիկները: «Մայրս 1940 թ. ամուսնացել է իրենից 12 տարով մեծ Անդրանիկ Վենետիկյանի հետ: Բայց մինչ այդ սիրահարված է եղել կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի մեծ եղբորը` Գրիշային: Մինչեւ հիմա էլ մեր տանը պահպանված է Գրիշայի նվերը մորս` ձվաձեւ հայելին կերամիկայից պատրաստված պարուհիների արձանիկներով: Էդ նվերը մամաս ստացել է 1936 թ., իր ծննդյան օրը, 16-ը լրանալու կապակցությամբ,- պատմում է Աստղիկ Վենետիկյանը,- հետո Գրիշան գնացել է բանակ, այնտեղից էլ` պատերազմ, որտեղ էլ զոհվել է: Բայց իր հիշատակը մինչեւ օրս էլ կա: Հայելին փչացել, բայց արձանիկները պահպանվել են»: Տիկին Աստղիկի պատմելով` աղջիկներից ով ամուսնացել է ու սեփական տուն չի ունեցել, Շուշան տատը բերել է իր մոտ: «Մենք, օրինակ, ընտանիքով էն դեմի երկու սենյակները կզբաղեցնեինք, քանի որ հերս որբ է եղել, տուն չի ունեցել, տատս էլ առաջարկել է, որ իր տանը ապրին: Նվարդ մորաքույրս ընտանիքով հյուրասենյակը կզբաղեցներ, Սիրան մորաքրոջ ամուսնացած աղջիկն էլ էր ընտանիքով մեր հետ նույն տան մեջ ապրում: Ամեն մեկն իր համար առանձին խոհանոց ուներ, մենակ զուգարանն էր ընդհանուր»,- ծիծաղում է տիկին Աստղիկը: Բակի քարե զուգարանը, որն ունեցել է երկու սենյակի չափ տարածք եւ ներսում փայտե միջնորմներ, Աստղիկի հիշելով` պապն է կառուցել: «Այսինքն` 4 -5 հոգի միաժամանակ կարող էր օգտվել էդ պետքարանից,- բացատրում է տանտիրուհին,- էն ժամանակ, գիտեք էլի, ներսը հեչ մարդ զուգարան չի ունեցել, տնից առանձին է եղել: Պապիս սարքած զուգարանը հիմի էլ կա»: Թեպետ Մկրտչյանների տոհմական տունը գտնվում է «Կումայրի» արգելոցի հաշվեկշռում, սակայն 21 տարի է տան վերանորոգման հետ կապված ոչ մի քայլ տեղական իշխանությունները չեն ձեռնարկում: Ամերիկացի ճարտարագետների մի խումբ է հետաքրքրվում Մկրտչյանների տոհմական տնով: Վերջերս էլ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ուղեկցությամբ տիկին Աստղիկին այցելել են անգլիացիները:

«Կուզեն տունս ամրացնեն, վերանորոգեն, տեսնինք, էլի,- մտահոգվում է տիկին Աստղիկը,- հըլը որ կերթան ու կուգան, ամերիկացիներն եղավ 5 տարի` կուսումնասիրեն, չիդեմ, թե վերջն ինչ պիտի էղնի»: Տունը վաճառելու մտադրություն Աստղիկ Վենետիկյանը չունի: Անցյալ տարի մայրը մահացավ, հիմա ինքն ու պուդել ցեղատեսակի շունն են տանը ապրում: Շունը` 5 տարեկան Ջեսին, նվիրել է քրոջ տղան, մոր մահանալուց մեկ շաբաթ առաջ, կարծես կանխազգալով, որ մի քանի օրից մորաքույր Աստղիկը լրիվ մենակ է մնալու:

«Ես պոլիտեխնիկ ինստիտուտն եմ ավարտել, հետո 30 տարի «Ստրոմմաշինա» գործարանում առաջատար ինժեներ եմ աշխատել: 2000 թ.-ից էլ չաշխատա, մորս թոշակով յոլա կերթայինք, մերս կըսեր, թե` Աստված տա էնքան ապրիմ, որ դու գոնե թոշակ ստանաս, նոր ես մեռնիմ: Ըդպես էլ եղավ, 62 տարիս լրանալու կապակցությամբ թոշակավորման համար դիմում գրածս գիշերը մայրս մահացավ»,- պատմելիս հուզվում է տիկին Աստղիկը: Մկրտչյանների տանը երկու ֆիլմ են նկարահանել` «Ավդոյի մեքենան» ու «Սպիտակ ափերը»:

Այս տան պատերը դեռ հիշում են այն շեն ու լի օրերը, որ անցկացրել են «Քյալ» Դավթի հետնորդները: Այստեղ կողք-կողքի դրված են «Նիկոլայի վախտվա»` Կուզնեցովի գործարանի ճենապակուց պատրաստված զարդատուփերն ու «սովետի ժամանակվա» ապակեղենը: Տիկին Աստղիկը, ով Մկրտչյան չէ, այլ Վենետիկյան, սրբորեն պահում ու պահպանում է Մկրտիչ պապից ու նրա հետնորդներից ժառանգած բոլոր իրերը: «Հազար անգամ եկել թանգարանից ուզել են, չեմ տվել, չեմ կարող, ոչ տունն եմ ի վիճակի վաճառելու, ոչ էլ էդ թանկ մասունք-իրերից բաժանվելու»,- հրաժեշտ տալիս մեկ անգամ եւս կրկնում է 63-ամյա Աստղիկ Վենետիկյանը, «Քյալ» Դավթի 4-րդ սերնդի ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter