HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

4 անչափահաս երեխաներին զրկել են ննջասենյակից. ընտանիքը դիմում է Եվրադատարան

Խլղաթյանների ընտանիքի 9-ը անդամները մարտի 3-ին բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «Մենք կվիճարկենք Եվրոպական Կոնվենցիայի հոդված առաջինի արձանագրություն 1-ը, որը սեփականության իրավունքի խախտմանն է վերաբերում, ինչպես նաեւ հոդված 8-ը` ընտանեկան կյանքի միջամտության համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Մոնիկա Հակոբյանը:

Ընտանեկան կյանքի միջամտությունը եւ սեփականության իրավունքի խախտումը վերաբերում են Խլղաթյաններին տան ննջասենյակից զրկելուն. 2004 թվականին Արարատի քաղաքապետարանը ընտանիքի սենյակը վաճառել է Ֆենյա Մարգարյանին: Կատյա Խլղաթյանի ընտանիքը նախկինում բնակվել է Արարատ քաղաքի Շահումյան 20 շենքում, որը քանդվել է 1989 թվականին` նորը կառուցելու նպատակով, որտեղից Խլղաթյանների ընտանիքին պետք է բնակարան հատկացվի` ըստ շնչերի: Շենքը քանդելուց 7 տարի անց` 1996 թվականին, Արարատի քաղխորհրդի գործկոմը Խլղաթյանների բազմանդամ ընտանիքին հատկացրել է Սալակիթների 2 հասցեում գտնվող քաղաքի նախկին կոմունալ տնտեսության շինություններից մեկը` 77,54 քմ տարածքով: Ընտանիքն այս տանն է բնակվում ավելի քան 14 տարի, սակայն նրանց ննջասենյակը Արարատի քաղաքապետարանը վաճառել է երրորդ անձի: «Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Խլղաթյանների ընտանիքն ուներ գնման նախապատվության իրավունք: Եթե նրանց սենյակը որոշել են վաճառել, ապա առաջին հերթին նրանց պետք է առաջարկվեր գնել այդ տարածքը, մինչդեռ նրանց նույնիսկ չեն տեղեկացրել»,- ասում է փաստաբան Մոնիկա Հակոբյանը: «Քաղաքապետարանը վաճառել է մեր հարեւան սենյակները` մեր փոքր սենյակի հետ միասին, ինչպե՞ս է կատարվել իմ զբաղեցրած սենյակի չափագրումը, եթե միակ մուտքը մեր մեծ սենյակից է, եւ որեւէ մեկը չի մտել իմ բնակարան այն չափելու համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կատյա Խլղաթյանը: Այն, որ չափագրում չի կատարվել, երեւում է նաեւ առք ու վաճառքի փաստաթղթերից. վիճահարույց սենյակը փաստացի կազմում է 11,64 քմ, սակայն վաճառելիս այն «մեծացել է» եւ դարձել 15 քմ: Այդ սենյակն այժմ Ֆենյա Մարգարյանին է պատկանում, եւ նա ցանկացած պահի կարող է դիմել դատական ակտերի հարկադիր կատարողներին եւ Կատյայի 4 անչափահաս թոռներին զրկել ննջասենյակից: Սակայն վերջինս չի շտապում դա անել: Նշենք, որ Ֆենյա Մարգարյանը միայն Երեւանում երկու տուն ունի, սակայն տարվա ընթացքում ամիսներով բացակայում է հանրապետությունից: Կատյա Խլղաթյանը Արտաշատի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել` ընդդեմ Արարատի քաղաքապետարանի, Ֆենյա Մարգարյանի եւ կադաստրի` 11,64 քմ տարածքով ննջասենյակի մասով սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու կամ իրեն բնակարան տրամադրելու պահանջով: Սենյակի մասով հայցը մերժվել է, իսկ քաղաքապետարանին պարտադրվել է Կատյա Խլղաթյանի ընտանիքին տրամադրել բնակարան: Սակայն քաղաքապետարանը մինչ օրս բնակարանով չի ապահովել Խլղաթյանների ընտանիքին: Քաղաքապետարանի իրավաբան Հենրիկ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Խլղաթյանների ընտանիքին չեն կարող բնակարան հատկացնել` չնայած դատարանի վճիռը վաղուց օրինական ուժի մեջ է մտել: «Եթե բնակֆոնդ չունենք, ինչպե՞ս տրամադրենք, որտեղի՞ց տանք, ո՞ւմ բնակարանը առնենք տանք: Կառուցելու դեպքում կտրամադրենք»,- ասաց Հենրիկ Հարությունյանը: Արարատի քաղաքապետարանից «Հետքին» հայտնեցին, որ Կատյա Խլղաթյանի ննջասենյակը Ֆենյա Մարգարյանին վաճառվել է նախորդ քաղաքապետի` Հակոբ Թովմասյանի պաշտոնավարման տարիներին: Իսկ ներկայիս քաղաքապետ Աբրահամ Բաբայանը համամիտ է, որ սենյակը Խլղաթյանների ընտանիքին է պատկանում: Խլղաթյանները բողոքարկել են Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` ննջասենյակի մասով Ֆենյա Մարգարյանի սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Արտաշատի դատարանի վճիռն անփոփոխ է թողել: Կատյա Խլղաթյանը դիմել է Արարատի ընդհանուր իրավասության դատարան` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ստանալու հայցով: «Եթե ընտանիքը 10 տարի եւ ավելի բարեխղճորեն տիրապետում է համայնքի սեփականությունը, ապա ձեռքբերման վաղեմության ուժով այդ գույքն իրենցն է համարվում»,- ասում է փաստաբան Մոնիկա Հակոբյանը: Սակայն ընտանիքի այս հայցադիմումն էլ է մերժվել: Կատյա Խլղաթյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այստեղ նրա հայցը քննել է դատավորների այն նույն եռյակը (Գրիգորյան, Մատինյան, Թումանյան), որը նախորդ գործով Խլղաթյանների հայցը մերժել էր: Կատյա Խլղաթյանը դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը եւս մերժվել էր: «Մենք Եվրոպական դատարանում նաեւ վիճարկելու ենք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով` դատավորի անկողմնակալությունը: Խախտվել է արդար դատաքննություն ստանալու իրավունքը, նույն կազմը իրավունք չուներ երկու դիմումներն էլ քննելու, քանի որ իրենք արդեն որոշակի կարծիք ունեին գործի վերաբերյալ»,- պարզաբանում է փաստաբան Մոնիկա Հակոբյանը: Փաստաբանը ներկայացրեց Եվրոպական դատարան դիմելու քայլերը. «Քանի որ 14-րդ արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել, մենք պետք է ցույց տանք, որ տեղի է ունեցել էական խախտում: Եվրոպական դատարանը նախ պետք է որոշի` ընդունե՞լ գործը, թե՞ ոչ, ապա անցնի ըստ էության քննարկման: Եւ եթե գործը շահենք, ապա Խլղաթյաններին կվերադարձվի իրենց սենյակը, ինչպես նաեւ կներկայացնենք դատական ծախսերի փոխհատուցման վճարները»: Նշենք, որ Խլղաթյանները մարզի դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` տեղեկացնելով, որ իրենց սենյակն ապօրինաբար վաճառել են մեկ ուրիշի: Քննչական բաժնում նյութեր են պատրաստվել, հարցաքննվել են Արարատի նախկին քաղաքապետը, ճարտարապետը, սակայն քրեական գործ չի հարուցվել` հանցակազմի բացակայության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter