HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Թանկացումները «տեղափոխվում» են Ղարաբաղ

Ղարաբաղում մի շարք ապրանքատեսակների գներին զուգահեռ փոխվում են նաեւ կոմունալ եւ մի քանի այլ ծառայությունների մատուցման սակագները: Վերջերս ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի բաց նիստում քննարկվել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր սակագներ սահմանելու մասին որոշման նախագիծը:

Ծառայություններ մատուցող «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն հանձնաժողով հայտ էր ներկայացրել` նոր սակագներ սահմանելու մասին: Ընկերության առաջարկությամբ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման համար կսահմանվի 100 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` յուրաքանչյուր 1 խմ դիմաց (նախկինում գործող 52 դրամի փոխարեն), իսկ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 12 դրամ (ներառյալ` ԱԱՀ, նախկինում գործող 4 դրամի փոխարեն):

«Ջրմուղկոյուղի» ընկերության տնօրեն Վլադիմիր Արզումանյանը սակագների բարձրացումը կապում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ինչպես նաեւ ընկերության ծախսերի ավելացման հետ, ինչի արդյունքում, ըստ նրա, ընկերությունը վնասով է աշխատում: Տնօրենի խոսքերով` գործող սակագները ձեւավորվել են տարիներ առաջ, երբ էլեկտրաէներգիայի սակագինը 15 դրամ էր: Հիմա այն 25 դրամ է, ուստի, նրա հիմնավորմամբ, ջրի սակագինը նույնը մնալ չի կարող, քանի որ ջրամատակարարման համար ծախսվում է բավականաչափ էլեկտրաէներգիա: Ընկերությունը, Վ. Արզումանյանի հավաստմամբ, լուրջ ներդրումներ պետք է կատարի ջրի մաքրությունն ապահովելու համար. շուրջ 700 մլն դրամի ներդրումներ է նախատեսվում կատարել: Աշխատանքներ են կատարվում նաեւ Ստեփանակերտում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Արդեն կան թաղամասեր, որոնք շուրջօրյա ջուր են ստանում:

«Մինչեւ մարտի 15-ը շահագործման կհանձնվի 7-րդ գոտին, որն ընդգրկում է մեկ թաղամաս եւ մի քանի փողոցներ: Այս տարի շահագործման կհանձնվի նաեւ 9-րդ գոտին: Այսպիսով, մինչեւ տարեվերջ շուրջօրյա ջուր կստանան Ստեփանակերտի 4 գոտիներում, իսկ 2 տարվա ընթացքում` քաղաքն ամբողջությամբ»,- նիստի ժամանակ նշեց ընկերության տնօրենը:

Նիստում սակագների բարձրացման վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց պետական մարմինների աշխատողների արհմիությունների հանրապետական կազմակերպության նախագահ Յուրի Ավանեսյանը` շեշտելով, որ հասարակության կողմից բացասաբար է ընդունվելու սակագնի բարձրացումը, քանի որ կենսաթոշակները, աշխատավարձերը չեն բարձրացվել:

«Ինչո՞ւ ծախսերի փակումը կատարել ի հաշիվ ժողովրդի, որի մի մասն առանց այն էլ չի կարողանում վճարել ջրի վարձը, իսկ թանկացումից հետո ի՞նչ կլինի: Չի կարելի չարաշահել ժողովրդի համբերատարությունը: Մի՞թե հնարավոր չէ ընդունել միջին գին»,- հարցրեց նա, սակայն պատասխանը եղավ հանձնաժողովի կողմից որոշման նախագծի միաձայն ընդունումը: Նոր սակագները կգործեն մարտի 18-ից. կրկնակի կվճարեն ինչպես շուրջօրյա, այնպես էլ այլ գրաֆիկով ջուր ունեցողները: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ բարձրացվեց տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննման սակագինը, իսկ ապրիլի 1-ից կբարձրանա նաեւ գազի սակագինը: Սակագների բարձրացումը հանրապետության բնակչության մի զգալի մասին դժվար կացության մեջ կդնի, քանի որ այդ ամենով չի վերջանում գների աճը. վերջերս արդեն բարձրացել է նաեւ մսի գինը` տավարի մսի 1 կգ-ն այժմ վաճառվում է 1800 դրամով` նախկին 1500 դրամի փոխարեն: Չի փոխվել խոզի մսի գինը` 1 կգ-ը 2600 դրամ է: Թանկացել են նաեւ որոշ դեղամիջոցներ: «Ստացվում է, որ ոչ պետք է հիվանդանանք, ոչ մրսենք, ոչ էլ նորմալ հաց ուտենք»,- կեսկատակ-կեսլուրջ նշեց Ստեփանակերտի բնակչուհի Սվետլանա Ավագյանը, ում միակ եկամուտը թոշակն է:

«Բալա ջան, ո՞նց պետք է ապրենք, չգիտեմ, իմ ու ամուսնուս թոշակը հազիվ հերիքում էր գազի, լույսի եւ մի կտոր չոր հացի համար, հիմա, երբ գազն ու ջուրն էլ թանկացրել են, չգիտեմ` ինչ ենք անելու: Ստացվում է, որ հացից պետք է կտրենք, այդ վճարումներն անենք, թե չէ` կգան գազն ու լույսը կանջատեն` կմնանք մթում ու ցրտում նստած»,- ասաց տիկին Սվետլանան:

«Ոչ հարցնում են, ոչ` մտածում, թե էս մարդիկ ոնց պիտի յոլա գնան: Բարձրացնում են հերիք չէ` դեռ չեն էլ ձգտում որակյալ սպասարկում իրականացնել: Ասում են` ջրի գինը բարձրանում է: Բա նորմալ ջուր տան, էլի: Գարնանը ջուրը խմելու չի լինում, կեղտաջուր է գալիս: Հիմա ի՞նչ է ստացվում` էդ կեղտաջրի համար պիտի կրկնակի վճարե՞նք: Գազի գինն էլ են բարձրացնում: Դա դրսից ենք առնում, ինչ-որ տեղ հասկանալի է, բա ջո՞ւրը, հո դա էլ չենք ներկրում, գոնե կարելի է դրա գինը չբարձրացնեն: Խեղճ ժողովրդի համար ե՞րբ են մտածել, որ հիմա մտածեն»,- ասում է 78-ամյա Գրիշա պապը:

Բարձրացված սակագների մասով Կառավարությունը ոչ մի փոխհատուցում չի նախատեսում: Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ, որի ընթացքում սակագների մասին հարց է բարձրացրել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ի պատասխան` վարչապետ Արա Հարությունյանը հիշեցրեց, որ սակագները կարգավորում է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը, որի հետ էլ բանակցում են տնտեսվարող սուբյեկտները, փորձում ընդհանուր համաձայնության գալ:

«Կառավարությունը չի կարող միջամտություն ցուցաբերել, բայց մեր ներկայացուցիչները մասնակցում են քննարկումներին, եւ փորձում ենք ինչ-որ ձեւով մեղմացնել սակագնային քաղաքականությունը: Ամեն տարեվերջի մենք ստիպված ենք լինում կոմունալ ծառայությունների պարտքերի մարման համար պետբյուջեից տասնյակ, շատ ավելի դեպքերում` հարյուրավոր միլիոնների գումարներ ուղղել աշխատավարձերի, հոսանքի դիմաց վճարումների, տեխնիկայի ձեռքբերման համար եւ այլն: Պատճառն այն է, որ այսօրվա սակագինը չի համապատասխանում իրականությանը: Մենք պետք է տարանջատենք սոցիալական քաղաքականությունը տնտեսական գործունեությունից»,- նկատեց վարչապետը:

Նրա հավաստմամբ` շատ դեպքերում, երբ հաշվարկները ցույց են տալիս, որ գինը պետք է ավելի բարձր լինի, Կառավարությունը փորձում է սուբսիդավորման քաղաքականություն իրականցնել: Վարչապետի հավաստմամբ` այս տարվա պետբյուջեով նման հնարավորություն ընձեռված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter