Ուժը պատեց
Այս տարվա փետրվարի 25-ին սեփական դիմումի համաձայն, իբր այլ աշխատանքի տեղափոխվելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Այս պաշտոնանկությունը մեծ ոգևորություն է առաջացրել, այսպես ասած, «վարչապետի թիմակիցների» շրջանում: Խնդիրն այն է, որ ըստ թերթի ունեցած տեղեկությունների, Դ. Հարությունյանին պաշտոնանկ անելու նպատակ էր դրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչը պայմանավորված էր դեղ ներկրող ընկերություններին ընկերություններին ավելի քան 400 միլիոն դրամ տուգանելու` հանձնաժողովի որոշմամբ:
Այդ որոշումը գործնականում հանգեցնելու էր դեղերի շուկայի մոբիլիզացմանը: Իսկ վարչապետի թիմակիցների ոգևորությունը պայմանավորված է նրանով, որ սա Տ. Սարգսյանի` կադրային փոփոխություն անելու մտադրություններից միակն է, որ հաջողությամբ է պսակվել:
Անվճար գովազդ
«Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին հատկապես հունից հանում է Դաշնակցության արդյունավետ ընդդիմադիր գործունեությունը»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
«ՉԻ» - Եթե այսպես շարունակվի, շուտով ՀՀԿ-ն պաշտոնապես կսկսի զբաղվել Դաշնակցության գովազդով, իսկ Էդուրադ Շարմազանովն անձամբ կնկարահանվի գովազդային տեսահոլովակներում: Պատկերացրի՞ք: Էլիտար ննջարան: Ձյունաճերմակ սպիտակեղեն: Հնչում է Վիվալդիի մեղեդիներից մեկը: Էդուարդ Շարմազանովն արթնանում է, անուշիկ ժպտում, վրան գցում ձյունաճերմակ խալաթը, վերցնում սուրճի գավաթը և դուրս գալիս պատշգամբ:
Իսկ ներքևում դաշնակներն ինչ-որ ակցիա են անում (դրոշն ու պաստառները ցուցադրվում են խոշոր պլանով): Ապա Շարմազանովը մի կում սուրճ է խմում, շրջվում կիսադեմով ու աչքերը երանությամբ կկոցում: Ու կադրի տակից հնչում է կրքոտ ձայնը. «Դաշնակցություն...Ամենաարդյունավետ ընդդիմությունը»:
Իսկ ընդհանրապես, վատ չէ, որ Շարմազանովը գովում է դաշնակներին: Այլ հարց է, որ վերջիններս կարող են շատ կտրուկ արձագանքել և դատի տալ նրան` հարյուրամյա կուսակցությունը վարկաբեկելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել