
Հենց նոր Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատարանի որոշումը: Դատարանը (նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի) որոշեց մերժել փաստաբանների և մեղադրողների վերաքննիչ բողոքները, իսկ «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ պատիժը կիսով չափ կրճատեց: Այսինքն` Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատժի չկրած մասը կկրճատվի կիսով չափ:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ 316-րդ հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով դատարանը (Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ) նրան արդարացրել էր:
Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել թե' Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, թե' մեղադրող կողմը: Առաջինները դատարանից պահանջում էին արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ մեղադրող կողմը բողոքարկել էր դատավճռի արդարացման մասը` պահանջելով սահմանել մեղադրական դատավճիռ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել