Մեկնում է Ֆրանսիա
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաեւ մամուլի ասուլիսով:
Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ:
ՀՀ նախագահը Փարիզում հանդիպում կունենա նաեւ ֆրանսահայ համայնքի նշանավոր գործիչների հետ, կայցելի "Matignon" ցուցասրահ, որտեղ հռչակավոր նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ կդիտի նրա նկարների հավաքածուն:
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա միջազգային մի քանի լրատվամիջոցների:
Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մարտի 11-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել