HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Հայկական պետականությունն արտահայտել է իր դիրքորոշումը»

Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկմանը մեկնած ԱԺ պատվիրականության անդամներ Արտակ Զաքարյանի և Կորյուն Նահապետյանի համար մեծ պատիվ էր պատվիրակության կազմում լինելը. «Այն առաքելությունը, որ մենք իրականացրինք, վկայում է Հայաստանի Հանրապետության հաստատակամության մասին` Հայոց ցեղասպանության ընդունմանը հետամուտ լինելու հարցում: Մեր ներկայությունը իրապես ազդեց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականների վրա, որոնք համոզվեցին, որ Հայաստանը ունի միասնական կեցվածք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում»,- այսօր «Հենարան» ակումբում նշեց անկախ պատգամավորԿորյուն Նահապետյանը: «Պատվիրակության մասնակցությունը երկու կարևոր հանգամանք փաստեց: Նախ` հիմնավորվեց, որ Հայաստանը շարունակում է իր արտաքին քաղաքականության օրակարգում պահել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը միջազգային հանրության կողմից և հայկական սփյուռքը, մասնավորապես` ԱՄՆ-ի Հայ դատի խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպությունները վստահաբար կարողացան փաստել այն հանգամանքը, որ այդ հարցում հայկական պետականությունը արտահայտել է իր դիրքորոշումը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ըստ նրա` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձևի ընդունումը առաջին և չափազանց կարևոր քայլն էր, իսկ լիագումար նիստում դրա քննարկումը բազմաթիվ գործընթացների հետ է կապված. «Խնդիրն այն է, որ պետք է Կոնգրեսի խոսնակի կողմից հարցը դրվի քննարկման, մինչդեռ բանաձևի ընդունումն էլ բավականին ճնշումների պայմաններում եղավ թե’ Թուրքիայի կառավարության, թե’ նրանց լոբբիստական կազմակերպությունների կողմից»: Սակայն Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ մինչև Կոնգրեսի լիազորությունների ավարտը` մինչև նոյեմբերի 2-ը, հարցը կքննարկվի լիագումար նիստում: Իսկ Կորյուն Նահապետյանը նախընտրեց կանխատեսումներ չանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter